Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստարկների մակարդակները

Սեպտեմբեր 15,2020 09:30

Կարդալով իշխանական կուսակցությունից մի պատգամավորի անդրադարձը՝ նախկին նախարարներից մեկի քննադատությանը կրթական բարեփոխումների վերաբերյալ, ես, հանկարծ, նրա փաստարկների մեջ վիրավորանք եւ անձնավորում տեսա: Եվ հիշեցի Պոլ Գրեմի (փայլուն էսսեագիր, հաջողակ ներդրող, եւ, իմ համեստ կարծիքով, ժամանակակից խոշորագույն մտածողներից մեկը) մի հին էսսե, գրված հեռավոր 2008-ին, որում նա նկարագրում էր վիճաբանության մեջ փաստարկների հիերարխիկ բուրգը:

Ամենաստորին՝ յոթերորդ մակարդակի վրա վիրավորանքն է: Հենց տեսնում եք ընդդիմախոսի, որը հիմնադրույթին հակադարձում է վիրավորանքով՝ իմացեք, նա հակառակվելու էական ոչ մի փաստարկ չունի:

Վեցերորդ մակարդակում գտնվում է հիմնադրույթը հնչեցնող անձի հանդեպ՝ ad hominem փաստարկը: Երբ ընդդիմախոսն անդրադառնում է ոչ թե թեզիսին, այլ նրա հեղինակին, իմացեք, որ նա նորից ոչինչ չունի հակադարձելու՝ ըստ էության:

Հինգերորդ մակարդակում՝ անդրադարձն է տոնայնությանը: Եթե ձեր ընդդիմախոսը խոսում է ձեր արտահայտվելու ձեւի մասին, ապա իմացեք, որ նա կրկին էական ոչինչ չունի ասելու:

Չորրորդ մակարդակում գտնվում է հակադրումը՝ դա հնչած հիմնադրույթին կասկածելի հիմնավորվածություն ունեցող այլ թեզիսով անդրադարձն է:

7-րդ, 6-րդ, 5-րդ եւ 4-րդ մակարդակներում զգայական, հնչած թեզիսների հետ, ըստ էության, որևէ կապ չունեցող ռեակցիաներն են: Եթե դուք նման անդրադարձ եք նկատում, պետք է հասկանաք, որ գործ ունեք ոչ թե վիճաբանողի, այլ՝ դեմագոգի հետ:

Երրորդ մակարդակ՝ այստեղից է սկսվում իսկապես հետաքրքիր բանավեճը. այս աստիճանի վրա է գտնվում առարկությունը, որը հիմնավորում է ընդդիմախոսի տեսակետը, բայց հնչում է իսկապես հեղինակավոր եւ ընդունելի հեղինակի կողմից:

Երկրորդ մակարդակում գտնվում է հերքումը, ընդդիմախոսի սխալ մտքի ցուցանումը:

Եվ վերջապես առաջին, ամենաազդեցիկ մակարդակում է գտնվում առանցքային մտքի հերքումը:

Որքան այս հիերարխիկ բուրգում ցածր է գտնվում փաստարկումը, այդքան հաճախ, իմ ուշադիր ընթերցող, դու դրան կհանդիպես: Հիմնականում այն պատճառով, որ բարձր մակարդակի փաստարկներն ինչպես ընկալելու, այնպես էլ հնչեցնելու համար, անհրաժեշտ է ինտելեկտուալ ջանքեր ներդնել: Համաձայնվեք՝ շատ ավելի հեշտ է ընդդիմախոսին «շնաբարո դուրսպրծուկ» անվանել (7-րդ՝ ստորին մակարդակ), հղում կատարել, թե նա կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչ է (6-րդ մակարդակ), նշել, թե ընդդիմախոսը մեծամիտ է (5-րդ աստիճան), եւ հիշել, որ հարեւանդ կամ երեկվա տաքսիստը համամիտ է քո տեսակետի հետ (4-րդ աստիճան), քան մտածել եւ գտնել ըստ էության փաստարկներ:

Փաստարկումների մակարդակները մեզ թույլ են տալիս գնահատել դրանց համոզիչ լինելու չափը: Ընդդիմախոսների պրոֆեսիոնալիզմն ու մտածվածությունը: Նրանց մտածելակերպի մակարդակը: Բայց ամենակարեւորը, դրանք ցույց են տալիս, թե նրանք մե՛զ ում տեղն են դնում:

Եվ եթե պատգամավորին թվում է, թե մենք պետք է բավարարվենք փաստարկումների այն մակարդակով, որը մեզ առաջարկվում է, ապա, առնվազն Պոլ Գրեմն այլ կարծիք ունի:

Ս.Յ.

«Առավոտ» օրաթերթ

15.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930