«Հայկական զինված ուժերը դարձյալ փորձում են սրել իրավիճակը սահմանագոտում, երեկ երեկոյան կրակ են բացել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ», Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսպիսի հաղորդագրություն է տարածել։
Սրան ի պատասխան Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմն է փորձում ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել։
Շուշան Ստեփանյան. – «Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ինչը բնականաբար չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կասեցնում են նման փորձերը` միաժամանակ ձեռնարկելով համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար: Այս պահին սահմանի իրավիճակը կայուն վերահսկելի է»:
«Հայկական կողմը որևէ գյուղի ուղղությամբ կրակ չի բացել», – ասաց Շուշան Ստեփանյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հենց այդ հատվածում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսին, երբ, ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինուժի զինծառայողները Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, մարտական գործողությունները շարունակվեցին մի քանի օր։
Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, վերջին օրերին բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. – «Թիրախային կրակոցներ բնակավայրերի ուղղությամբ չեն արձանագրվել: Դիրքերի ուղղությամբ փոխհրաձգություն լինում է պարբերաբար, բայց ոչ նպատակային կրակ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: