ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություն են ունեցել, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումից հետո տեղի ունեցած զարգացումներին: Համանախագահները հետևողականորեն ուսումնասիրել են կողմերի անձնական և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը համանախագահներին տեղյակ է պահել տեղում տիրող անվտանգության վիճակի մասին, իսկ նրանք էլ ողջունել են մշտադիտարկումը վերականգնելու կոնկրետ նախապատրաստական աշխատանքները:
Համանախագահները առանձին-առանձին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ ու հրավիրել անհատական հանդիպումներ ունենալ համանախագահների հետ՝ լուրջ առարկայական բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելու նպատակով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ