Դիլիջանի քաղաքապետարանն առնչությունի չունի սեպտեմբերի 12-ին Դիլիջանի այգում տեղի ունեցած բազմամարդ համերգի կազմակերպմանը: Այս մասին Aravot.am-ին ասաց Դիլիջանի քաղաքապետի խորհրդական Լեւոն Ավագյանը:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված ուղիղ հեռարձակվող տեսանյութերից երևում էր, որ Yerevan Music Night 2020-ի շրջանակներում ընթացող համերգին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Նրանցից շատերը չէին կրում դիմակներ և չէին պահպանում սոցիալական հեռավորությունը։
«Դիլիջանի համայնքապետարանը չունի լիազորություն խոչընդոտելու, արգելելու միջոցառման կազմակերպումը մասնավոր տարածքում: Իրենք մասնավորի հետ են պայմանավորվել ու կազմակերպել, մենք իրավասություն չունենք թեկուզ հաջորդ անգամ արգելել կազմակերպել, եթե նույնիսկ չի պահվել համավարակային անվտանգության կանոնները, քանի որ դա մասնավոր տարածքում է եղել: Ոչ պաշտոնական ես տեղեկություններ ունեմ, որ իրենք ոստիկանության հետ ճշտումներ են արել միջոցառման կազմակերպման հարցում, համաձայնության են եկել»,- ասաց Լեւոն Ավագյանը:
Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարության N 1514-Ն որոշմամբ՝ հանրապետությունում սահմանվել է կարանտին, նույն որոշման 3-րդ գլխի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ սահմանափակումներ են նախատեսվել անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումների համար (այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ: Դիլիջանում տեղի ունեցած համերգը հանդիսացել է տնտեսական գործունեության տեսակ (տոմսեր են վաճառվել), ուստի վերոհիշյալ սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում: Համերգի ընթացքում ոստիկանությունը սույն որոշման պահանջների վերահսկումից բացի, կատարել է օրենքով վերապահված իր լիազորությունները՝ ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ, պահպանելով հասարակական կարգը, հակահամաճարակային անվտանգության կանոնները, քաղաքացիներին բաժանվել են պաշտպանիչ դիմակներ և զգուշացվել է անվտանգության կանոնների պահպանման անձնական պատասխանատվության մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ