Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական 15-րդ համերգաշրջանը կսկսի հայաստանյան պրեմիերայով: Վաղը՝ համերգաշրջանի բացման օրը, կհնչի Տիգրան Մանսուրյանի 7 աղոթք «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը, որը գրվել է ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի թիվ 9 սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով համերգաշրջանի կազմակերպչական և ծրագրային հարցերի մասին, ասաց. «Այս դժվար պայմաններում շատ կարևոր է, որ կարողանանք բոլոր նորմերը, կանոնները պահպանելով՝ նաև ճիշտ կազմակերպենք ամեն ինչ, քանի որ մեր ունկնդիրը, նվագախումբը, մենք բոլորս, մշակույթի և երաժշտության կարիք ունենք»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Սերգեյ Սմբատյանն ասաց՝ ունենալու ենք 50 համերգ, երեք միջազգային փառատոն, երկու հատուկ նախագիծ և այլ անակնկալներ: Նա նաև նշեց՝ նվագախումբը պատրաստվում է հաջորդ տարվան՝ նվագախմբի 15-ամյակին նվիրված գալա համերգին:
Կարդացեք նաև
ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշեց իր և նվագախմբի համագործակցության մասին. «Այս սիմֆոնիկ նվագախումբը մեծապես իմ կողքին եղավ բոլոր միջոցառումների ընթացքում, որոնք նվիրված էին հոբելյանական իրողությանը, հոբելյանական տարեթվին: Մենք լավ ճամփորդեցինք՝ Արցախից սկսած մինչև Գյումրի»:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը վստահեցրեց՝ կգտնեն այն ձևաչափը, որով սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Մարզահամերգային համալիրում. «Կառավարության հետ միասին կգտնենք այն ձևաչափը, որով Սիմֆոնիկ նվագախումբը կլինի Մարզահամերգային համալիրում հանգրվանող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ում, ինչքան ուզում եք մեծարեք, բայց մի մոռացեք մեր մյուս մեծություններին, որոնք անարդարացիորեն մոռացվել են … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Ով արժանի է, մեծարվում է:
Երբեմն՝ հակառակն էլ է լինում