Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ժամը 18․00-ի սահմաններում սպանություն էր տեղի ունեցել Գյումրու կենտրոնական Շիրակացի փողոցում․ դանակահարել էին երկու երիտասարդների՝ 1985 և 1986 թվականներին ծնված, որոնցից մեկը՝ 35-ամյա երիտասարդը, հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր։ Հարևանների բնութագրմամբ, Արթուրը կամ Աթը յուրահատուկ անձնավորություն էր, համեստ, պարկեշտ, հեռու քրեական պատմություններից, թեև բնակվում էր Շիրակացի փողոցի այն հատվածում, որը թաղային հեղինակությունների հավաքավայրն է։ Նա «Կամազ»-ի վարորդ էր, երկու երեխաների հայր։
Թե որն է եղել բուն դրդապատճառը, դեռ հստակ հայտնի չէ, մեզ հաջողվեց ճշտել, որ թունդ վիճաբանություն ու կռիվ է տեղի ունեցել «Դվին» հարսանյաց սրահի ու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան» մոտակայքում, մասնակիցների թիվն այնքան մեծ է եղել, որ չեն տարբերակել՝ ով, ում բարեկամն է։ Կռիվը ընթացել է քարերով, դուբինկաներով, դանակներով, քարեր են շպրտել միմյանց վրա, որոնք կպել է Շիրակացի բանուկ փողոցով երթևեկողների մեքենաներին, շատերն ահաբեկված ռիսկ չեն արել դուրս գալ մոտակա կառույցներից, խանութներից։
Աթը, ըստ թաղում շրջանառվող պատմության, դուրս է եկել իր չորս ընկերների հետ, թաղային հեղինակություններից մեկի ներկայացուցիչները «հարցեր են պարզել» նրա ընկերոջ հետ։ Արթուրը փորձել է հաշտեցնել, բաժանել ու դարձել է զոհ։
Ըստ շրջանառվող տեղեկության, Արթուրը երկար ժամանակ դանակահարված վիճակում մնացել է առանց օգնության, իսկ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Կարդացեք նաև
Արթուրի ընկերը, որին ևս երեկ տեղափոխել էին հիվանդանոց, նոր էր եկել Ռուսաստանի Դաշնությունից։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից, նրան չեն վիրահատել. վերքը թափանցող չի եղել։
Այս պահին ոստիկանությունը դեռ տվյալներ չի հաղորդում, հարցաքննվում են հանցագործության մասնակիցները․ կասկածյալներ շատ կան, սակայն խոստովանական ցուցմունք դեռ տվող չի եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Police.am-ի կայքի