Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. ՀՀ կառավարությունը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր են հղում նրան: Պատգամավորների մի մասը հիշեցրեց, որ Էդգար Շաթիրյանը, լինելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի պաշտոնում «Իմ քայլի» կողմից առաջադրվելուց եւ ԱԺ-ում չընտրվելուց հետո հրաժարական էր տվել:
«Դուք վստահության քվե եք ստացել, սակայն մեկ օր անգամ չեք աշխատել այդ պաշտոնում»,-նկատեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Շաթիրյանը չհամաձայնեց. «Զուգահեռ անցկացնելը տեղին չէ: ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում մոտեցումներս սկզբունքորեն այլ են: Վստահեցնում եմ, որ պատրաստ եմ ընդունել ԱԺ-ի թե դրական, թե բացասական քվեն: Բացասականի դեպքում որեւէ ողբերգություն չեմ տեսնում, կյանքը շարունակվում է»:
Կարեն Սիմոնյանը չհամաձայնեց. «Գործընթացները տարբեր են, բայց անձը նույնն է»: Էդգար Շաթիրյանը պնդեց. «Նախորդ գործընթացում իմ թեկնածուի կարգավիճակն այս գործընթացի հետ կապ չունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ