Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց է ծագում՝ պարետն իրավասո՞ւ է ընդունելու անձի իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտեր. աշխատանքային իրավունքները կորոնավիրուսային համաճարակի ժամանակ. զեկույց

Սեպտեմբեր 14,2020 17:53

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Աշխատանքային իրավունքները COVID-19 համաճարակի ժամանակ» զեկույցը Հելսինկյան կոմիտեն  ուսումնասիրել է ոլորտում առկա խնդիրները, որոնք կապված են իրավակարգավորումների և գործատուների գործելաոճի հետ, ինչպես նաև ամփոփել է իշխանությունների արձագանքը համաճարակի ընթացքում առաջացած խնդիրներին՝ համեմատելով այլ երկրների մոտեցումների հետ (Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան)։

Նախաբան

Նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկման արդյունքում ամենաուժեղ հարվածներից մեկը բաժին հասավ աշխատողներին և նրանց աշխատանքային իրավունքներին։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ուսումնասիրել է ոլորտում առկա խնդիրները, որոնք կապված են իրավակարգավորումների և գործատուների գործելաոճի հետ, ինչպես նաև ամփոփել է իշխանությունների արձագանքը համաճարակի ընթացքում առաջացած խնդիրներին՝ համեմատելով այլ երկրների մոտեցումների հետ(Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան)։

Համաշխարհային միությունների խորհուրդը (CGU), որն ընդգրկում է ավելի քան տասնյակ միջազգային արհմիություններ և ներկայացնում է ամբողջ աշխարհում 200 միլիոն աշխատողների, հանդես եկավ հայտարարությամբ` աշխարհի կառավարություններին և գործատուներին կոչ անելով պաշտպանել աշխատողներին և պայքարել աշխատավայրում վիրուսի փոխանցման դեմ: «Կարևոր է ապահովել, որ բոլոր աշխատողները ստանան եկամուտ, այդ թվում` դրույքով աշխատողները, միգրանտները, ոչ ռեզիդենտները, կես դրույքով աշխատողները և անապահով աշխատողները, ինչպես նաև ոչ ֆորմալ ոլորտի աշխատողները», – ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, և «քանի որ վիրուսը շարունակում է տարածվել, երկխոսությունը արհմիությունների, գործատուների և կառավարության միջև, կոլեկտիվ սակարկությունները կենսական նշանակություն ունեն աշխատողների առողջության և աշխատանքային իրավունքների պաշտպանության համար»:

Համաշխարհային միությունների խորհուրդը COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում կոչ է արել կառավարություններին ՝

  • անհապաղ երկարաձգել վարձատրվող հիվանդության արձակուրդը, պահպանել եկամուտները և տարածել սոցիալական պաշտպանությունը բոլոր աշխատողների համար, ներառյալ ՝ լրիվ դրույքով, կես դրույքով, պատահական և ոչ ֆորմալ աշխատողներ ՝ անկախ նրանց զբաղվածության կարգավիճակի վերաբերյալ.
  • հաստատել խրախուսական միջոցառումների փաթեթը, որը ծածկված է պետության կողմից, որն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը և տնտեսությանը սատարելուն, աշխատավարձերի պաշտպանությանը, աշխատողների և փոքր ու միջին բիզնեսի բարօրությանը,
  • համագործակցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և ավելացնել օգնությունը այն երկրներին, որոնք ավելի քիչ են կարողանում համամասնորեն պատասխանել COVID-19- ի կողմից առաջ քաշված սպառնալիքներին, ինչպես նաև ապահովել, որ միջազգային ֆինանսական կառույցները գնահատեն ազգային կարիքները և պատշաճ արձագանքեն:

Համաճարակի բռնկման պահից ի վեր, մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի կողմից նշանակված անկախ փորձագետները ընդգծել են նշված իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Ապրիլի 9-ին Մարդու իրավունքների խորհրդին ուղղված ոչ պաշտոնական ուղերձում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչլետը կոչ է արել անհապաղ և համապարփակ գործողություններ ձեռնարկել ՝ ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ, որպեսզի COVID-19 վարակը չհանգեցնի «ավելի լայն անհավասարության»  և  մեծ թվով մարդկանց տառապանքի: Վերջինս նշել է, որ յուրաքանչյուր տարածաշրջանի շատ պետություններ, հատկապես Եվրոպայում, ձեռնարկել են աննախադեպ միջոցներ աշխատողների իրավունքների պաշտպանության և գործազուրկների թիվը նվազագույնի հասցնելու համար: «Բոլոր պետությունները, որոնք ունեն բավարար ռեսուրսներ, պետք է անեն նույնը», – ասել է նա:  «Յուրաքանչյուր ոք, առանց բացառության, իրավունք ունի ստանալու կյանքը փրկող բժշկական օգնություն, և այդ ծառայությունները մատուցելու պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Ռեսուրսների պակասը կամ պետական կամ մասնավոր ապահովագրության սխեմաների օգտագործումը երբեք չպետք է պատրվակ դառնա հիվանդների որոշակի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի: Յուրաքանչյուր ոք ունի առողջության իրավունք», – ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների համատեղ հայտարարության մեջ:

Աշխատանքային իրավունքները և օրենսդրական բացերը համաճարակային իրավիճակում

ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ իրավիճակից  հետո պարզ դարձավ, որ աշխատանքային օրենսդրությունում առկա են բազմաթիվ խնդիրներ և չկարգավորված կամ թերի կարգավորված իրավահարաբերություններ՝ կապված աշխատանքային իրավունքների մի շարք հարցերի հետ։

Մինչև համաճարակը գոյություն ունեցող տպավորությունն այնպիսին էր, թե աշխատանքային օրենսդրությունը քիչ թե շատ կարգավորել էր աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, դրա համար սահմանելով որոշակի մեխանիզմներ և երաշխիքներ, սակայն իրականում արտակարգ իրավիճակի հայտարարումը և ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, որ չկարգավորված հարցերը բազմաթիվ էին և անկանխատեսելի՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկություններով։           ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված էր միայն անհաղթահարելի ուժի առկայության դեպքում հարկադիր պարապուրդի վճարման որոշակի ոչ լրիվ և ոչ բավարար իրավակարգավորում, այն պարագայում, երբ  ստեղծված  իրավիճակը դժվար է  համարել այդպիսին։

Հիմնական խնդիրները

Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ գործատուներն ու աշխատողները բախվեցին հետևյալ խնդիրներին՝

1.Արդյոք առկա է իրավակարգավորում աշխատանքային պարտականությունները ոչ աշխատանքի վայրում կատարելու համար, հաշվի առնելով, որ թե աշխատանքային օրենսգրքով, և թե աշխատանքային պայմանագրերով նման կարգավորում առկա չէ։

2.Արդյոք համաճարակի վտանգով պայմանավորված աշխատողի աշխատանքի չներկայանալը կարող է դիտարկվել որպես անհարգելի աշխատանքի չներկայանալ։

3.Արդյոք ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել որպես ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդ, թե՝ ոչ։

4.Արդյոք պետք է վարձատրվի աշխատանքի չներկայացող աշխատողը չկատարված աշխատանքի համար, եթե այո՝ ապա ամբողջ ծավալով, թե մասնակի։

Սրանք այն հիմնական հարցերն էին, որոնք չունեին հստակ կարգավորված պատասխաններ։ Համաճարակով պայմանավորված՝ կառավարության կողմից կոչ արվեց աշխատողներին աշխատել հեռավար եղանակով։ Սակայն ՀՀ  աշխատանքային օրենսգիրքը  (այսուհետ՝ Օրենսգիրք) աշխատանքի էական պայմանի (այդ թվում` աշխատանքի վայրի) փոփոխումը պայմանավորել է բացառապես արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ։ Համաճարակի առկայությունը վերը նշված հիմքերից և որևէ մեկում առկա չէր, հետևաբար՝ աշխատանքի վայրի փոփոխությունը, աշխատանքի հիմնական վայրից դուրս, չուներ համապատասխան իրավական կարգավորում։

Օրենսգրքի 106-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործատուն, ի թիվս այլ դեպքերի,  համաճարակի կանխարգելման կամ դրա հետևանքները վերացնելու նպատակով իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, սակայն միայն նույն աշխատավայրում՝ մեկ ամիս ժամկետով։

Հենց չկարգավորված հանգամանքն էլ հնարավորություն տվեց բազմաթիվ գործատուների օգտվելու ստեղծված իրավիճակից և   լուծելու առաջացած խնդիրները, իհարկե, ոչ աշխատողի օգտին: Գործատուների մի մասը իր նախաձեռնությամբ լուծեց աշխատանքային պայմանագրերը, մի մասը առաջարկեց աշխատողներին իրենց կողմից ներկայացնել պայմանագիրը լուծելու դիմում, մյուս գործատուները նվազեցրեցին աշխատավարձի չափը կամ իբրև աշխատողի դիմումի հիման վրա ուղարկեցին չվարձատրվող արձակուրդի և այլն։

Օրենսդրական փոփոխությունները

Նշված հանգամանքները հաշվի առնելով, գործադիր իշխանությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքային օրենսգրքում 29.04.2020թ.-ին կատարվեցին  լրացումներ և  փոփոխություններ, որոնք ուժի մեջ մտան 08.05.2020թ.-ից։ Փոփոխությունների և լրացումների հիմնական էությունը հանգում էր նրան, որ.

  • Համաճարակով պայմանավորված աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատողը չի կարող ազատվել աշխատանքից, հետևաբար և այն չի կարող համարվել կարգապահության խախտում և նշված ժամանակահատվածում գործատուն իրավունք չունի որևէ այլ պատճառաբանությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը։
  • Սահմանվեց հեռավար եղանակով աշխատանքների իրականացման հնարավորություն, որը չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:
  • Որոշվեց համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատողների խախտված աշխատանքային իրավունքների նկատմամբ պետական վերահսկողություն վերապահել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, եթե, իհարկե, առկա է աշխատողի  համապատասխան  գրավոր դիմումը գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտման վերաբերյալ: Նշված մարմնին մինչև 2021թ.-ի հուլիսի 1-ը վերապահվել է նաև պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն։
  • Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների՝ օրենսդրությամբ ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, այդ թվում՝ հեռավար եղանակով, համարվում է անհաղթահարելի ուժ, հետևաբար պարապուրդի համար կարող է չվճարվել: Այսինքն, անհաղթահարելի ուժով պայմանավորված՝ հարկադիր պարապուրդի համար վճարել կամ չվճարելը օրենսդիրը թողել է  գործատուի հայեցողությանը: Սակայն հարկ է նշել, որ նշված փոփոխություններն  ուժի մեջ է մտել 08.05.2020թ.-ից  և տարածվում են միայն 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
  • Աշխատանքային կարգապահության խախտում չի համարվում,

ի թիվս այլ դեպքերի, համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված` աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը։ Բացի այդ, խախտում չի համարվում ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:

Մինչ այդ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը), որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։

Արդյունքում, մինչ 2021 թվականի հուլիսի 1-ը տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն էր իրականացնելու բացառապես աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը դեռևս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից՝ մինչև 2021թ. հուլիս 1-ին օրենքի ուժի մեջ մտնելը։ Դրանից հետո տեսչական մարմինն օրենքով նախատեսված դեպքերում կկարողանա կիրառել պատասխանատվության միջոցներ։

Տնտեսվարողների նկատմամբ կիրառված սահմանափակումները

Համաճարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները հայտնաբերելու մշտադիտարկում իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և դրանց հիմքով պարետի կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից տնտեսվարողների  կասեցման որոշումների թիվը կազմել է  932։ Այսինքն, շուրջ 932 տնտեսվարողի (սուպերմարկետներ, մթերային, հագուստի և այլ խանութներ) գործունեությունը 24 ժամով կասեցվել է և վերջիններս չեն իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն։

Նշված իրավիճակում անորոշ է մնացել կազմակերպություններում աշխատող անձանց վարձատրության հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տնտեսվարողների մոտ, որպես կանոն, աշխատողները աշխատում են ոչ թե ամսական կայուն աշխատավարձով, այլ ժամավարձով կամ օրավարձով։ Վերջիններիս չվարձատրվելու պարագայում ստացվում է մի իրավիճակ, երբ սահմանված նորմերի՝ գործատուի մեղքով խախտման համար աշխատողը զրկվում է իրեն հասանելիք աշխատավարձից կամ դրա ողջամիտ ակնկալիքից։ Հարկ է նշել, որ համաճարակի ողջ ժամանակահատվածում պասիվ դիրքում էին գտնվում արհեստակցական կազմակերպությունները։

Աշխատողի իրավունքների իրավիճակը

Թեև աշխատանքային իրավունքներին և դրա լուսաբանմանը ու իրազեկմանը տարբեր հասարակական սեկտորների կողմից   վերջին տարիներին ավելի շատ տեղ է տրվում, այնուամենայնիվ, առկա վիճակը ցույց տվեց, որ ՀՀ-ում ընդհանուր իրազեկվածությունն աշխատանքային հարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ շատ ցածր մակարդակի վրա է։ Հայաստանում աշխատողն իր իրավունքների մասին տեղեկացված լինելը չի դիտարկում որպես պարտադիր և անհրաժեշտ, սակայն համաճարակով պայմանավորված բախվեց որոշակի խնդիրների՝ կապված սոցիալական հակաճգնաժամային ծրագրերում չընդգրկվելու հանգամանքով։

ՀՀ կառավարության կողմից փորձ կատարվեց որոշ չափով մեղմել համաճարակի տարածման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները և, ընդհանուր առմամբ ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 22 միջոցառում։ Արտակարգ դրության առաջին ամիսներին բազմաթիվ  քաղաքացիներ, համաճարակով պայմանավորված աշխատանքային խնդիրներ ունենալով, անակնկալի էին գալիս՝ տեղեկանալով, որ իրենց անունները ներառված չեն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից և ոչ մեկի ցանկում։ Սակայն իրականում խնդիրը ոչ թե ցուցակներն էին, այլ գործատու-աշխատող հարաբերությունները կամ դրանց օրենքով սահմանված կարգով գրանցման  (ձևակերպման) բացակայությունը։ Հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում քաղաքացիների մի մասն իրազեկվեց, որ չի հանդիսանում գրանցված (ձևակերպված) աշխատող, իսկ մյուս մասն էլ  պարզեց, որ աշխատանքային պայմանագրի փոխարեն վերջիններիս հետ կնքված է եղել ծառայության մատուցման պայմանագիր։

Եթե աշխատողը գտնում է, որ մինչև 2020 թ. մայիսի 8-ը գործատուների անհատական իրավական ակտերով կամ գործողություններով  խախտվել են իր աշխատանքային իրավունքները, մասնավորապես՝ իր հետ առանց իրավական հիմքի լուծվել է աշխատանքային պայմանագիրը, չի վճարվել հասանելիք աշխատավարձը, ապա կարող է դիմել դատարան՝ դատական կարգով իր խախտված իրավունքների վերականգնման պահանջով, իսկ եթե աշխատանքային իրավունքները խախտվել են մայիսի 8-ից հետո, ապա հաշվի առնելով օրենսդրական նոր կարգավորումը՝ համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման համար կարող է դիմել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Պարետի որոշումներով անձի իրավունքների սահմանափակման իրավաչափությունը

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշմամբ  Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության պայմաններում մի շարք դեպքերում իրավիճակին օպերատիվ և արդյունավետ արձագանքելու անհրաժեշտություն էր առաջացել իրավունքների և ազատությունների սահմանափակման և արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների կիրառման առավել հստակ և իրավիճակային դեպքերի սահմանում:

Դրանով պայմանավորված՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում, ընդգրկվել է նաև  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որն էլ ընդունվել է 29.04.2020թ.-ին և ուժի մեջ մտել՝ 07.05.2020թ.-ին:

Փոփոխությունները հիմնականում հետևյալն էին՝

  • մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը,
  • հստակեցվել է պարետի և պարետատան կարգավիճակը` որպես արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատուկ դրսևորում և պարետի կողմից ընդունվող ենթաօրենսդրական ակտերի բնույթը,
  • հստակեցվել է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ սահմանելու հնարավորությունը,
  • նախատեսվել է, որ բացի ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերից, փորձաքննության ենթակա չեն նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

Սակայն նշված փոփոխությունները իրավական տեսանկյունից որոշակի վիճելի հարցեր են առաջացրել՝ կապված պարետի կողմից անձի իրավունքների սահմանափում նախատեսող որոշման ընդունման իրավասության և դրա իրավաչափության վերաբերյալ:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության տարբեր իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել բացառապես օրենքով, և ոչ թե կառավարության կամ, առավել ևս, պարետի որոշումներով, իսկ մի շարք իրավունքներ չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ։

Հարց է ծագում, թե պարետն իրավասու է արդյոք ընդունելու անձի իրավունքների սահմանափակող նորմատիվ իրավական ակտեր, թե՝ ոչ, այն պարագայում, երբ վերջինս նման կարգավիճակով հանդես  է գալիս ոչ թե որպես կառավարության ներկայացուցիչ (փոխվարչապետ), այլ որպես արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնող անձ:

Օրինականության սկզբունքն ամրագրող  ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

«Նորմատիվ իրավական ակտ» հասկացության բովանդակությունը բացահայտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ է:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ պարետը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր։ Արդյունքում, թե  ՀՀ Սահմանդրության, և թե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  համակարգային վերլուծությունից հետևում է, որ անձի իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանող պարետի որոշումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին։

Այլ երկրների արձագանքը COVID-19 համաճարակին

Վրաստան

2,963,841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 40,593 դեպք, 803 մահ, մինչ օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177,322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59,828 թեստ։ 3,988,326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258,525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64,821։

Վրաստանի կառավարությունը, որպես բնակչության սոցիալական աջակցություն՝ որոշում է կայացրել ամսական մինչև 200 կվտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Ֆինանսավորումը ներառել է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մինչև հիմա բնակչությանը ֆինանսական օգնություն չի տրամադրել», – հայտարարել է երկրի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն՝ մայիսի 27-ին խորհրդարանում անցկացված լսումների ժամանակ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն: Առաջին փուլը մեկնարկեց ապրիլի 27-ին, հաջորդները հետևեցին երկշաբաթյա տարբերություններով։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայան նշել է, որ այն աշխատողները, ովքեր վերջերս են կորցրել իրենց աշխատանքը և ովքեր չեն աշխատել որևէ կազմակերպությունում  (և ինքնազբաղված չեն եղել), չեն կարողանա օգտվել սոցիալական աջակցության պետական ծրագրից:

Կառավարությունը առաջիկա վեց ամիսների համար կորոնավիրուսային բռնկման պատճառով եկամուտները կորցրած մարդկանց վճարելու է ամսական 200 լարի (մոտ 63 դոլար): Այդ միջոցների շահառու կհանդիսանա մոտ 350,000 մարդ և կարժենա ընդհանուր առմամբ 450 միլիոն լարի (մոտ 140 միլիոն դոլար):

Ինքնազբաղված և ոչ պաշտոնապես աշխատող քաղաքացիների գրանցումը տնտեսական օգնություն ստանալու համար սկսվել է մայիսի 21-ին: Ինքնազբաղված աշխատողները, ովքեր կարող են ապացուցել, որ կորցրել են եկամուտը, կստանան միանվագ վճար 300 լարի (մոտ 94 ԱՄՆ դոլար):

Ֆրանսիա

Ֆրանսիայի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման սպառնալիքով պայմանավորված՝ փոփոխվել են աշխատանքային կանոնակարգերը: Նոր կանոնները հրապարակել է երկրի Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունը: Նոր կանոնների համաձայն, գործատուն կարող է աշխատողներին ուղարկել հեռավար աշխատանքային ձևաչափի՝ առանց նրանց համաձայնության: Հստակեցվում է, որ աշխատանքային օրենսգրքում նշվում է համաճարակաբանական ռիսկը՝ որպես աշխատողի համաձայնության հեռավար աշխատանքի անցնելու հիմք, եթե պաշտոնը (աշխատանքը) դա թույլ է տալիս:

2020թ.-ի մարտի 21-ին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց 45 միլիարդ եվրո հատկացնելու մասին՝ օգնելու մեծ կորուստներ կրող ընկերություններին, ինչպես նաև հատուցում՝ վճարելու այն աշխատողներին, որոնք տեղափոխվել են մասնակիորեն գործազուրկ ռեժիմ: Բացի այդ, ձեռնարկություններին բանկային վարկերի համար ներդրվում է պետական երաշխիք, հիմնադրամի չափը կկազմի 300 միլիարդ եվրո, փոքր արդյունաբերական և առևտրի ձեռնարկությունները օգնություն են ստացել 1500 եվրոյի չափով: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը հատկացվել է 500 միլիոն եվրո՝ այլ երկրների թռիչքների արգելքից կորուստներ կրող ավիաընկերությունների դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների համար:

Բացի այդ,  Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մաիրն հայտարարել է, որ կորոնավիրուսը պետք է համարվի որպես ֆորսմաժորային գործոն, և դա կարող է հիմք հանդիսանալ կառավարության պայմանագրերի կատարումը ձգձգելու համար՝ առանց տուգանքների կիրառման սպառնալիք առաջացնելու: Նաև այն ձեռնարկություններին, որոնց բիզնեսը տուժելու է համաճարակից, նրանց խոստացվել է հետաձգել սոցիալական ֆոնդերում հարկեր և վճարներ վճարելը:

Ֆրանսիայի իշխանությունները դժգոհ էին վարչապետ Էդուար Ֆիլիպի կառավարության գործողություններից կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, որով էլ պայմանավորված՝ վերջինս հրաժարական էր տվել 2020 թվականի հուլիսի 3-ին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է հետաքննություն սկսել նախկին վարչապետի նկատմամբ և այդ ընթացքում նախատեսվում է ստուգել իրականացված գործողությունների և միջոցառումների արդյունավետությունը, որոնք ձեռնարկել է կառավարությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում։

Երկիրը 56 օր գտնվել էր խիստ կարանտինում, որի ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացավ ավելի քան 26 հազար մարդ: Ֆրանսիայի իշխանությունները մայիս ամսից սկսել են երկիրը աստիճանաբար կարանտինից դուրս բերելու գործընթացը։ Ըստ Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների 2020թ.-ի մայիսի 10-ի հայտարարության՝  «Ֆրանսիայում կարանտինի գործընթացը աստիճանական է լինելու և կտևի շատ շաբաթներ»:

2020թ.-ի մայիսի 11-ից Ֆրանսիայի բոլոր քաղաքները չեղյալ են համարել QR կոդով թղթային ձևի կամ էլեկտրոնային անցուղու պարտադիր օգտագործումը, որով թույլատրվել էր կարճ ժամանակով հեռանալ տնից: Սակայն, Փարիզում աշխատանքի գնացողները պետք է ձեռք բերեին ձեռագիր բացատրական գրություն կամ գործատուի կողմից դրոշմավորված վկայագիր, ինչը, մասնավորապես, նշում էր տեղաշարժման ժամանակը: Հասարակական տրանսպորտի ուղևորներից պահանջվում էր ներկայացնել այդ փաստաթուղթը տեսուչներին, հակառակ դեպքում՝ նրանց սպառնում է առնվազն 135 եվրո տուգանք: Տուգանքի նշանակումը սկսել էր մայիսի 13-ից: Ուղևորները նույնպես պետք է դիմակներ կրեին:

Փարիզի մետրոյի յուրաքանչյուր պլատֆորմում տեղադրվել էին ուլտրամանուշակագույն ձեռքի սանիտարական սարքեր: Միջանցքներում հատակին կան սլաքներ և ականազերծման շերտեր, իսկ կայաններում կան նշված վայրեր, որոնք պետք է զբաղեցված լինեն հեռավորությունը պահպանելու համար: Նույն նպատակի համար վագոններում նստատեղերի մի մասը կապվում է ր ժապավենով:

Մայիսի 11-ից սկսել է գործել տարածաշրջանային գնացքների շուրջ 60% -ը և արագընթաց TGV գնացքների 25% -ը: Երկաթուղիների գլխավոր տնօրինությունը նաև խորհուրդ էր տվել ուղևորներին ճանապարհորդելիս իրենց հետ բերել ձեռքի մաքրման միջոց: Երկաթուղու աշխատողներին հանձնարարվում էր կանխել մարդկանց մեծ բազմությունը երկաթուղային կայարաններում, հետևաբար, որոշակի պայմաններում, դրանք կարող էին փակվել: Տրանսպորտային ընկերությունները ստացել են մինչև  10 միլիոն դիմակներ իշխանություններից, որոնք պետք է անվճար բաժանվեն ուղևորներին:

Փարիզի 302 մետրոյի կայարաններից փակ էին 60-ը: Օրվա «պիկ» ժամերին մետրո հիմնականում թույլ էին տալիս մտնել նրանց, ովքեր աշխատանքի էին գնում,  և միաժամանակ ունեին վկայական, ինչպես նաև նրանց, ովքեր արտակարգ իրավիճակների պատճառով պետք է օգտագործեին այդ տրանսպորտային ռեժիմը:

Երկրում մայիսից բացվել էին բոլոր խանութները, բացառությամբ խոշոր առևտրի կենտրոնների (40 հազար քմ մակերեսով և ավելին): Սուպերմարկետները բացվել են քաղաքների քաղաքապետերի թույլտվությամբ: Խանութի սեփականատերերը կարող են պահանջել, որ մուտք գործելիս հաճախորդները կրեն դիմակ: Վաճառքի վայրերի մեծ մասում հատակին կան գծանշաններ, որոնց համաձայն՝ այցելուները պետք է տեղափոխվեն:

Քաղաքների մեծ մասում զբոսայգիները և հրապարակները մնում էին փակ: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր անհատապես սպորտով զբաղվում են բացօթյա տարածքներում, կարողանում էին մտնել այնտեղ: Քաղաքային իշխանությունները նույնպես, իրենց հայեցողությամբ, պետք է որոշեին լճիափերին և ծովային լողափերը մուտք գործելու հնարավորության հարցը: Երկրում չեն աշխատել թատրոններն ու համերգասրահները, այցելուներ կարող էին այցելել միայն փոքր թանգարաններ: Բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակ են եղել մինչև հունիս ամիսը:

Մայիսի 11-ից բացվել են դպրոցները: Ընդհանուր առմամբ, մայիսի 11-ից սկսել են աշխատել 50.5 հազար դպրոցների մոտ 86% -ը, որոնցում սովորում են 6.7 միլիոնից ավելի քան 1,5 միլիոն աշակերտներ, դասախոսական կազմի կեսը գնացել էր աշխատանքի: Փարիզի դպրոցներն ու ճեմարանները սկսել են աշխատել մայիսի 14-ից։

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահը 2020 թվականի ապրիլի 2-ի N 239 որոշմամբ «Նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված (COVID-19) Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու միջոցառումների մասին», որով հիմնվելով սանիտարական և համաճարակաբանական իրավիճակի վրա, որոշել էր կասեցնել առանձին կազմակերպությունների գործունեությունը՝ անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, ինչպես նաև անհատ ձեռներեցների գործունեությունը, բացառությամբ հետևյալ կազմակերպությունների՝

  • անդադար գործող կազմակերպություններ,
  • բժշկական և դեղագործական կազմակերպություններ,
  • բնակչությանը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքներն ապահովող կազմակերպություններ,
  • արտակարգ իրավիճակներում հրատապ աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ, երբ առկա է այլոց համար վտանգ հանդիսացող հիվանդության տարածման սպառնալիք, այլ դեպքերում, որոնք վտանգում են բնակչության կյանքը, առողջությունը կամ բնակչության բնականոն պայմանները,
  • հրատապ վերանորոգման և բեռնման և բեռնաթափման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ,
  • ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություներ՝ հրատապ գործառույթների մասով (հիմնականում ծառայություններ բնակավայրերի և վճարումների համար),
  • այլ կազմակերպություններ, որոնք որոշվում են Ռուսաստանի Դաշնության գործադիր մարմնի որոշումներով` հիմնվելով սանիտարական և համաճարակաբանական իրավիճակի վրա,
  • գիտական և կրթական կազմակերպությունները` Ռուսաստանի Դաշնության կառավարության համաձայնությամբ:

Կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի կապակցությամբ, Մոսկվայի քաղաքապետը հրամանագիր էր ստորագրել, որով գործատուները պարտավոր են «օգնել աշխատողներին տանը ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման ապահովմանը»: Շատ ընկերություններ իրենց աշխատողներին առաջարկում էին ժամանակավորապես աշխատել տնից, եթե կարողանան հեռակա կարգով կատարել իրենց պարտականությունները:

Մոսկվայի շրջանի նահանգապետի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարության կողմից որոշումներ են ընդունել՝ օգնելու աշխատողներին ինքնամեկուսացման ռեժիմի պահանջների պահպանման մասին: Նմանատիպ միջոցներ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ուղղությամբ, ձեռնարկվել են նաև երկրի այլ մասերում:

Ըստ ՌԴ աշխատանքային օրենսդրության՝ գործատուն կարող է աշխատակցին առաջարկել աշխատանքային պայմանագրով լրացուցիչ պայմանագիր կնքել `այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Այսինքն՝ տեղափոխումը կկատարվի կողմերի համաձայնությամբ, և այս դեպքում այն կարող է տևել ոչ ավելի, քան 1 տարի: Տեղափոխումը հնարավոր է կատարել միակողմանիորեն, այսինքն՝ առանց աշխատողի նախնական համաձայնության՝ համաճարակաբանության կամ հիվանդության պատճառով: Նման փոխանցումը չի կարող տևել ավելի քան 1 ամիս:

Գործունեության արգելք նշանակում է աշխատանքի ժամանակավոր դադարեցում: Այս դեպքում գործատուն պարտավոր է արձակուրդ տրամադրելու մասին հրաման արձակել: Այս ժամանակահատվածում աշխատավարձերը վճարվում են կրճատված, բայց ոչ պակաս, քան աշխատավարձի երկու երրորդը, որը հաշվարկվում է անկման ժամանակ: Անկախ ամեն ինչից, արգելվում է աշխատանքից հեռացնել որոշ կատեգորիաների աշխատողների, օրինակ՝ հղի կանանց և 3 տարեկանից ցածր երեխաներ ունեցող կանանց։

ՌԴ կառավարության աշխատակազմի նիստի ժամանակ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել էր, որ շուրջ 680 հազար ռուսաստանցիներ զրկվել են աշխատանքից կորոնավիրուսի պատճառով։ Միաժամանակ նշել է, որ ՌԴ-ում  2020թ.-ի  ապրիլի 1-ից ի վեր՝ երկու միլիոն մարդ գրանցվել է որպես գործազուրկ։

ՌԴ կառավարությունը կազմել է այն ինը ոլորտների ցանկը, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի հետ կապված տնտեսական իրավիճակի պատճառով։ Դրանց առաջարկվել է առաջին հերթին աջակցություն ցուցաբերել։ Գործարարների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասնակիցները ցույց են տվել այդ ցուցակը պարունակող փաստաթուղթը։

Այդ ոլորտներն են՝

  • Ավիափոխադրումները, օդանավակայանները, ավտոփոխադրումները,
  • մշակույթը, հանգստի և զվարճանքների կազմակերպումը,
  • ֆիզկուլտուրայի և առողջարարական գործունեությունը և սպորտը,
  • զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների գործունեությունը,
  • հյուրանոցային բիզնեսը,
  • հասարակական սննդի վայրերը,
  • լրացուցիչ կրթության կազմակերպությունները, ոչ պետական կրթական հաստատությունները,
  • համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպումը,
  • բնակչությանը կենցաղային ծառայությունների մատուցումը (վերանորոգում, լվացք, քիմմաքրում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ)։

ՌԴ նախագահը  ելույթ էր ունեցել ռուսաստանցիներին ուղղված արտակարգ ուղերձով։ Նա ընդգծել էր, որ ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակում անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, նախ և առաջ, որպեսզի ապահովվի քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, նրանց եկամուտների և աշխատատեղերի պահպանումը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, որտեղ միլիոնավոր մարդիկ են զբաղված։ Նա հայտարարել էր, որ գործարարները հարկերի վճարումը հետաձգելու թույլտվություն կստանան, ապահովագրական վճարները կնվազեն մինչև 15 տոկոս, իսկ այն աշխատողները, ում եկամուտը նվազել է 30 տոկոսով ու ավելի, վարկերի և հիփոթեքի վճարումը հետաձգելու թույլտվություն կստանան։

Գործարարների հետ մարտի 26-ին Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ բիզնեսները անհապաղ վարկեր կստանան՝ աշխատավարձերը վճարելու համար։ Նրա խոսքով՝ վարկերը հասանելի կլինեն արդեն հաջորդող շաբաթվանից՝ Խնայբանկի և ՎՏԲ-ի հետ պիլոտային ռեժիմով։ Բելոուսովն ընդգծել էր, որ տոկոսադրույքները կսուբսիդավորվեն մինչև զրոյական մակարդակ՝ մարման բարձր երաշխիքներով։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930