Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է գա դատարան. Միհրան Պողոսյան

Սեպտեմբեր 14,2020 16:40

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց: Հիշեցնենք, Հրայր Թովմասյանը և Նորայր Փանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Նորայր Փանոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը (լուսանկարում) միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի պաշտպանական կողմը վերջնական տեսքի բերի գլխավոր դատախազության ներկայացուցիչներին այս գործով դատարան հրավիրելու միջնորդությունը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր համոզմամբ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է գա դատարան և պատասխանի պաշտպանական կողմի հարցերին։ Պաշտպաններին մասնավորաբար հետաքրքրում է, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումից ելնելով է իրականացվել:

«Մենք Հայաստանի պատմության մեջ չունենք նման բնույթի, այսինքն` հստակ պահանջ, թե որ գործերով, այլ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն իրականացնել, այսինքն` իր նախընտրությամբ է անում, բացառությամբ հենց Սահմանադրական դատարանի դատավորի հետ կապված մեղադրանքի գործերով»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե այս գործով գլխավոր դատախազը դատարան չգա, ապա պաշտպանական կողմի մոտ հարց կառաջանա, թե ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազն առհասարակ:

Պաշտպանի համոզմամբ՝ հենց գլխավոր դատախազը պետք է նախաքննության ընթացքում հսկողություն իրականացներ այս գործի նկատմամբ, քանի որ գործով մեղադրյալներից Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի անձեռնմխելիությամբ է օժտված: Պաշտպանը գտնում է , որ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը բարձր դատարանի համաձայնությունը պետք է ստանար: Միհրան Պողոսյանի գնահատմամբ՝ օրենքով սահմանված գործողությունները գլխավոր դատախազության կողմից պատշաճ չեն իրականացվել՝ Սահմանադրությանը կամայական մեկնաբանություններ տալով: Իսկ առհասարակ, պաշտպանական կողմի գնահատմամբ, գործի անօրինական լինելու պատճառով որևէ դատախազ չի կարող պաշտպանել և հիմնավորել մեղադրանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930