«Ինչո՞ւ երկրորդ անգամ համաձայնեցիք, իրավիճակի փոփոխություն նկատո՞ւմ եք»,-ԱԺ նիստում այսօր ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. ՀՀ նախագահը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում արդեն երկրորդ անգամ առաջադրել է իրավաբան Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր են հղում նրան:
«Նախորդ գործընթացն իր արդյունքներով եւ ներկայիս գործընթացը տարբեր իրավիճակներ են: Անկեղծ ասած՝ նախորդ մրցույթների մի մասին, որոնց չեմ մասնակցել, իմ առաջ խնդիրը երբեմն այսպես էր դրվում, որ իմ մասնակցությամբ խանգարում եմ հեղափոխությանը: Ասացի՝ տղերք, շատ բանի կարող եմ խանգարել, բայց հեղափոխությանը երբեք չեմ ուզում խանգարել: Չեմ հասկանում իրավիճակը՝ մեկ տարում ժողովրդի կյանքում, քաղաքական իրավիճակում եւ պայմաններում ոչինչ չի՞ փոխվել: Գտնում եմ, որ փոխվել է: Եթե որեւէ մեկը գտնում է, որ չի փոխվել, ես ուղղակի զարմացած եմ: Ես մտավորական մարդ եմ, չնեղացա, որ ինձ առաջին անգամ չընտրեցիք, հեռուստատեսությամբ ցուցամոլ չդարձա եւ բոլոլա չսարքեցի՝ հասկանալով, որ իրավական գործընթացը որոշակի միտումներով քաղաքականի է վերածվել»,-նշեց Արթուր Վաղարշյանը:
Պատգամավորներն այսօր նրա՝ երկրորդ անգամ առաջադրվելու առիթով հարցադրումներ էին արել, շեշտել, որ առաջին անգամ ԱԺ-ն նրան չէր ընտրել: Հիմա, ըստ Արթուր Վաղարշյանի, «ընդդիմության-դիմության», «հնի-նորի» պայքարում քաղաքական անցյալ չունեցող իր պես մարդիկ քաղաքական հաշտարարի դեր կարող են կատարել՝ առանց սահմանադրությունը խախտելու:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ