Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցինք խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին, խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ մանդատը վայր դրեց ու մինչեւ վերջ չպարզաբանվեց պատճառների մասին, հիմա էլ Ջուլֆալակյանն է հրաժարական տալիս: Մակունցը պատասխանեց. «Նախ, Էդգար Առաքելյանի հրաժարականից բավականին երկար ժամանակ է անցել, եւ նա անձամբ խնդրել էր, որ մեկնաբանություններ չպահանջեն խմբակցությունից: Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումն անակնկալ է եղել խմբակցության համար: Որոշումը կայացնելուց օրեր առաջ պարոն Ջուլֆալակյանն ինձ հետ առանձնազրույց է ունեցել, որտեղ իր բարձրաձայնած դրվագներով մանրամասն ներկայացրել է, թե ինչ մտահոգություններ ունի: Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ ենք մշակել եւ ընդհանրապես մեր մոտեցումները հստակեցրել ենք: Դրանից հետո տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, դուք գիտեք: Երեկ հանդիպել ենք պարոն Ջուլֆալակյանի հետ իր առաջարկով եւ մի փոքր ավելի մանրամասն ներկայացրել է, թե ինչ դրվագների մասին է խոսել»:
Ըստ Մակունցի, ինստիտուցիոնալ առումով ճիշտ ճանապարհ է, որ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորները իրենց մոտեցումները ներկայացնեն ու ընտրվի այն ճանապարհը, որը ճիշտ է:
Հարցրեցինք՝ ինչի՞ց է, որ անգամ իշխանական պատգամավորի ձայնը տեղ չի հասնում՝ Մակունցը պատասխանեց, որ համաձայն չէ. «Խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու եւ իրենց դիրքորոշումները ներկայացնելու՝ հիմնավորումներով, ինչն արվում է»: Ըստ Մակունցի, պատգամավորներն ու կառավարությունը տեղ-տեղ կարող են ունենալ ոչ համընկնող մոտեցումներ, դա առողջ է, բնական է ու նորմալ է:
Ջուլֆալակյանը խնդրել է Մակունցին, որ առավել տեղեկատվություն, քան այն, ինչ ինքը տրամադրել է, չտարածվի:
Կարդացեք նաև
Հարցին՝ խորհրդարանական երկրում ենք, բայց օրենսդիր մարմնի անդամներն են գործադիրի հետ անհամաձայնության դեպքում ստիպված լինում զիջումների գնալ ու հրաժարական տալ, ինչպե՞ս է այդպես ստացվում, սա չի՞ նշանակում, որ խորհրդարանական կառավարման երկրում՝ խորհրդարանը ստորադասվում է գործադիր մարմնին՝ Մակունցը պատասխանեց. «Դուք այնպես եք հարցը ձեւակերպում, կարծես պարտադրանք է եղել, որ պարոն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնի: Նման բան չկա եւ չի կարող լինել: Մենք ոչ միայն պատգամավորի նկատմամբ հարգանք դրսեւորելով չպիտի նման ձեւակերպումներ տանք, այլ նաեւ տվյալ պարագայում գործ ունենք աշխարհի չեմպիոնի հետ: Նաեւ այդ արժանիքների համար չարժե նման ձեւակերպումներ անել: Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, հարգելով նրա որոշումը՝ մենք համաձայն չենք նրա այդ քայլի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ