Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հին ՍԴ-ն ձեռնտու է ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին, պատճառը թողնում եմ իրենց խղճին». պատգամավորների կարծիքները՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածության մասին

Սեպտեմբեր 14,2020 14:09

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորների ընտրության հարցը. դատավորների ընդհանուր ժողովը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր էին հղում Խունդկարյանին: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ են գործընթացին առհասարակ:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյան. «Պարոն Խունդկարյան, պարտավոր էիք հանդիպում խնդրել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների հետ: Եթե խնդրեիք հանդիպում, ես ձեզ մեկ հարց կհղեի՝ ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների շրջափակման կոչին: Լսելով ձեր այսօրվա ելույթները՝ կարող եմ ասել, որ կտայիք լղոզված պատասխան: ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ-ի հետ կապված որեւէ գործընթացի խորհրդարանում եւ այս քվեարկությանն էլ չի մասնակցելու, քանի որ այս դահլիճում իրավական ընթացակարգերը սահմանադրականության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն»:

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյան. «Չենք տառապել այն փաստից, որ ձեր հետ հանդիպում չի եղել եւ դրա համար չէ, որ չենք մասնակցելու քվեարկությանը: Գործընկերս պատճառն ասաց՝ գործընթացի հիմքերը խարխուլ են: Հեղափոխությունից երկու տարի անց համակարգային կոռուպցիայի առնչությամբ տեղաշարժ կա, բայց դատական համակարգում հասկանալի չէ, թե ինչ է կատարվում»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյան. «Անակնկալ չեմ ասի, եթե արձանագրեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների հակաիրավական գործընթացը շարունակվում է այս ընտրությամբ: Որքան էլ ցանկություն ունենամ քվեարկելու, հնարավորություն չունեմ, որովհետեւ ճշմարտությունն ավելի կարեւոր է, եւ սահմանադրությունն ավելի մեծ արժեք ունի քաղաքացու համար: Մեկ այլ խնդիր արձանագրեմ՝ հանրության մոտ ընկալում կա, որ իշխանության թիմը ոչ այնքան արհեստավարժ եւ պրոֆեսիոնալ չէ: Ասեմ՝ չէ, իշխանության թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես՝ չեղած տեղը խնդիր առաջացնելու եւ այն քաջաբար հաղթահարելու բնագավառում: Կամ էլ, եղած խնդիրն այնքան է բարդացնում, որ լուծում գտնելու տարբերակ չի մնում: Դատական համակարգում արդեն իսկ շատ խնդիրներ ունենք: Փոխանակ դրանցով զբաղվենք, բարդացնում ենք, կազմակերպում հակասահմանադրական գործընթաց եւ իբր բարեփոխում կատարում»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեցվեցին ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի եւ երեք դատավորների լիազորությունները:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյան. «Չեմ հասկանում՝ ո՞րն է խնդիրը, որ ընդդիմադիրները չեն հանդիպել թեկնածուի հետ: Կապի բազմաթիվ միջոցներ կան: Եթե ուզում ես մեկին հանդիպել, կազմակերպում ես, ոչ թե սպասում, որ մարդը ցանկանա հանդիպել քո հետ: Իսկ եթե ասում եք, թե հակասահմանադրական է գործընթացը, էլ ինչո՞ւ եք ցանկանում հանդիպել թեկնածուի հետ: Զարմանալի է, արհեստականորեն մի բարդացրեք՝ ինչ-որ մեկի բարդույթների պատճառով»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյան. «Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն, եւ դա ապացուցվում է փաստերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն էական նշանակություն պետք է ունենա քվեարկության համար: Հիշեք՝ ո՞ր համակարգում է Երվանդ Խունդկարյանը պաշտոններ զբաղեցրել: Երկու տասնամյակ այդ դատաիրավական համակարգը եղել է ամենակոռումպացված ոլորտը՝ սկսած իշխանության զավթումից, վերջացրած հարյուրավոր ունեզրկվածներով»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյան. «Պարոն Խունդկարյան, համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ դատական համակարգում չի եղել համատարած կոռուպցիա: Կներեք, բայց եթե դատական իշխանությունում միայն բացահայտված չափով կոռուպցիա լիներ, հեղափոխություն տեղի չէր ունենա: Փաստը հեղափոխությունն է: Իմ անունից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու ձեր թեկնածությանը եւ դա մի նախադասությամբ է բացատրվում: Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա եւ համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյան. «Քննարկումը ցույց է տալիս, որ ոչ թե թեկնածուին ենք քննարկում, այլ դատական համակարգի փոփոխության փիլիսոփայությունը: Ըստ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի փիլիսոփայության՝ ոչինչ չպետք է անել: Իմ բացատրությունն այն է, որ հին ՍԴ-ն իրենց ձեռնտու է, թե ինչու՝ թողնում եմ իրենց խղճին: Մեր համար ընդունելի չէ այդ փիլիսոփայությունը: Արման Բաբաջանյանի փիլիսոփայությամբ՝ պետք է այնպես անել, որ նոր ՍԴ-ն լինի մեր սիրելին: Սակայն վստահ եմ, որ եթե պարոն Խունդկարյանի փոխարեն լիներ քաղաքական հայացքներով հաճելի անձ, դուք ուրախ կլինեիք, պարոն Բաբաջանյան: Իսկ մենք չենք ուզում խամաճիկային ՍԴ եւ սիրելի դատավորներ, ու դա կատակ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930