Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բուհերում ընթանում է համախմբման գործընթաց, քայլեր ենք ձեռնարկելու. Արայիկ Հարությունյանի պես անձը տեղ չունի ԿԳՄՍ պաշտոնում». Հայկ Բաբալյան

Սեպտեմբեր 14,2020 13:55

«Երկու տարբեր հայցադիմում ենք ներկայացրել վարչական դատարան: Մեկ հայցադիմում վարույթ է ընդունվել, մյուսն արհեստականորեն ձգձգվում է: Երկու անգամ դատարանն այն վերադարձնելու որոշում է կայացրել: Երկրորդ վերադարձից հետո ներկայացրել ենք հայցադիմումը, և սպասում ենք արդյունքներին»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց բուհ չընդունված դիմորդների շահերի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա վստահեցրեց, եթե դատարանը որոշի՝ պահում է իր դիրքորոշումը, կդիմեն Վերաքննիչ դատարան. «Հայցադիմումը վարույթ չի ընդունվել ձևական նկատառումով, քանի որ դատարանը պահանջում է ներկայացնել ԿԳՄՍ նախարարին ուղղված՝ պահանջատեր դիմորդների հենց դիմումը, սակայն այն չունենք, քանի որ դիմորդներն ինքնաբուխ հավաքվել են նախարարության դիմաց. ամեն մեկը ստորագրել և ներկայացրել այն նախարարություն: Դատարանը կարող է այդ փաստաթուղթը պահանջել նախարարությունից, ոչ թե այս կարևոր փուլում ծանրաբեռնի հայցվորներին ներկայացնել այդ փաստաթուղթը, որը պարզապես մենք չունենք»:

Փաստաբանի ներկայացմամբ՝ վարույթ ընդունված հայցադիմումը վերաբերում է կառավարության՝ ընդունելության նոր կարգ սահմանող որոշումն անվավեր ճանաչելուն, մյուսն անհատապես ով ստորագրել է դիմումը, մասնակցել շարժմանը, հենց նրանց նկատմամբ կառավարությանը պարտավորեցվել է կիրառել նախորդ նորմատիվները:

Իրավիճակի հետ կապված փաստաբանն այսպիսի եզրահանգում արեց. «Իշխանությունը զգայուն գործերով տրվում է գայթակղությանը և ճնշում դատարաններին: Սրա վառ ապացույցը հենց այս գործն է, որն իշխանության համար չափազանց զգայուն է, քանի որ այստեղ ի հայտ են գալու կառավարության թույլ տված սխալները: Կառավարությունը քողարկելու համար սեփական անգրագիտությունը՝ սկսում է ճնշել դատավորներին: Ցավոք գործադիրը շարունակում է թաթը պահել դատական իշխանության վրա և զգայուն գործերով ճնշել դատավորներին: Իհարկե, կան դատավորներ, որոնք չեն տրվում այդ սադրանքներին»:

Ըստ փաստաբանի՝ իշխանությունը հետևողականորեն երիտասարդների ձայնը ժխտում է և փորձում մերժել, մինչդեռ այս նախաձեռնությունը բացառապես երիտասարդների ձայնը բարձրացնելու ձևաչափ է:

«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը պատմեց՝ դեռ մեկ ամիս առաջ 10 օր շարունակ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում, քանի որ կային չպարզաբանված հարցեր, բայց ստացել են ի պատասխան արհամարհական վերաբերմունք. «Այսօրվա իշխանության հռչակած արժեքներից է ժողովրդավարությունը, և Արայիկ Հարությունյանի քայլերը ցույց են տալիս, որ նա այդ արժեքների կրողը չէ: Արայիկ Հարությունյանի պես անձը տեղ չունի այսօր ԿԳՄՍ պաշտոնում: Ամեն ինչ անելու ենք, որ նա լքի այդ պաշտոնը»:

Հայկ Բաբալյանը նաև հայտնեց, որ ստեղծել են «Երիտասարդների ձայնը» նախաձեռնություն, և բուհերում ընթանում է համախմբման գործընթաց, ինչից հետո քայլեր են ձեռնարկելու: Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանից սպասելիքներ չունեն, թեև նրա հետ էլ են հանդիպում պահանջել, ինչը մերժվել է:

Փաստաբանն էլ հայտնեց՝ փորձում են հասնել մի իրավիճակի, երբ կառավարության որոշումն ամբողջությամբ կճանաչվի անվավեր, իսկ անհատական մակարդակում կպարտավորեցվի նախարարությանը, որ կիրառի նախորդ նորմատիվները, և այդ կիրառմամբ դիմորդները հրամանագրվեն այն բոլոր բուհեր, որոնք կհավակնեին նրանք, երբ չընդունվեր կառավարության նոր որոշում:

Հայկ Բաբալյանը նշեց, թե այն պնդումները, որ բուհ չընդունված դիմորդներին տարբեր բուհերում են տեղավորել, չեն համապատասխանում իրականությանը. «Արայիկ Հարությունյանն ասում է, որ շատերին արդեն տեղավորել են տարբեր համալսարաններ, բայց բառացիորեն խցկել են տարբեր համալսարաններ: Դիմորդներ էլ կան, որ ուզում են այլ տեղում սովորել. իրենց միավորները բավարարում են, բայց նրանց այլ տեղ են տեղավորել: Այդ դիմորդներից յուրաքանչյուրը ցանկացած պահի պատրաստ է կանգնել մեր կողքին, երբ դուրս գանք փողոց: Այսինքն՝ այդ մարդկանց հարցը չի լուծվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930