«Սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի գործառույթներն էականորեն տարբերվում են։ Մենք՝ դատավորներս, ավելի պահպանողական բնավորություն ունենք։ Դատական իշխանության հետ կապված ցանկացած գործողություն ավելի շատ պահպանողական մտածելակերպից պետք է բխի»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով վճռաբեկ դատարանը եւ սահմանադրական դատարանը միավորելու եւ գերագույն դատարան ստեղծելու գաղափարին՝ ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը:
Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. դատավորների ընդհանուր ժողովը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր էին հղում Խունդկարյանին:
«Կտրուկ փոփոխությունները ինձ համար անընդունելի են։ Շատ ավելի արժեքավոր է ինձ համար ամրագրել այս կամ այն խնդիրները եւ դրանք վերացնել, քան գնալ շատ ավելի մեծ անորոշության ճանապարհով, որից հետո միայն հասկանալ՝ որքա՞ն նոր խնդիրներ կարող ենք ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության համար»,-նշեց Երվանդ Խունդկարյանը:
Հիշեցնենք, որ վերջերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է բարձրագույն դատական ատյանները, մասնավորապես՝ վճռաբեկ դատարանը եւ սահմանադրական դատարանը միավորելու եւ գերագույն դատարան ստեղծելու հարցը, եւ քվեարկությամբ որոշվել է գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Հանձնաժողովականները միակարծիք չեն եղել այս հարցում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ