Կա՞ պայմանավորվածություն իշխանությունների հետ, որ Սահմանադրական դատարան կգնաք միայն այն դեպքում, եթե դառնաք ՍԴ նախագահ: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանին: Նա ի պատասխան պաշտոնապես հերքեց ու ասաց, որ նման պայմանավորվածություններ չեն եղել ու չեն էլ կարող լինել, որովհետեւ մի շարք ընթացակարգերով պետք է անցնի թեկնածուն՝ դատավորների ընդհանուր ժողով, այնտեղ փակ, գաղտնի քվեարկություն, երկրորդ փուլում՝ ԱԺ-ում թեկնածուի ներկայացում, փակ, գաղտնի քվեարկություն, իսկ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների կողմից. «Որեւէ պայմանավորվածություն այս պարագայում կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել՝ Խունդկարյանի բարեվարքության հետ կապված: Խունդկարյանն ասաց, որ ինքը բարեվարքության թերթիկ է լրացրել ու տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, իսկ հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ չէ, դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց. «Ես ընդամենը կարող եմ տեղյակ լինել միայն այն կտորից, որը մամուլով եմ տեսել՝ ձեր կողմից տրված նյութերում: Մամուլում հայտնված տեղեկատվությունն այնպիսին է, որ իմ մոտ խիստ կասկածներ են առաջացնում՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարո՞ղ էր նման որակի վերլուծություն կատարել»:
Թե ինչն է կասկածի տեղիք տվել՝ նա ասաց. «Մասնավորապես, «Մելտեքս» ՍՊԸ-ի գործի հետ կապված: Իմ մոտ տարակուսանք էր առաջանում՝ արդյոք այն մարդիկ, ովքեր դատավոր Խունդկարյանին մեղադրում են խախտումներ թույլ տալու մեջ, կարդացե՞լ են ՄԻԵԴ համապատասխան վճիռը, թե՞ ոչ: Այդ վճիռը վերաբերվել է հետեւյալին, որ արդար դատաքննության իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել, ընդհակառակը, դատավոր Խունդկարյանը, որը Տնտեսական դատարանում էր այդ ժամանակ աշխատել, ինքը ստեղծել է համապատասխան միջավայր, զենքերի հավասարություն կողմերի համար՝ մրցակցելու տեսանկյունից»:
Լրագրողները հիշեցրին՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հեռուստաընկերության լիցենզիայի տրամադրումը մերժելը հանդիսացել է հեռուստաընկերության տեղեկատվության եւ գաղափարների տարածման ազատությանը խոչընդոտ, սա է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը՝ Խունդկարյանը պատասխանեց. «Ես հանձնաժողովի կարծիքը չեմ կարդացել, չեմ տեսել, իսկ այն, ինչ արձանագրվել է ՄԻԵԴ վճռով, այնտեղ դատավորի գործողությունների մասով որեւէ բացթողում չի արձանագրված»:
Կարդացեք նաև
Մի շարք գործերով ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվել, օրինակ, Թեղուտի գործով: Խունդկարյանն այս առնչությամբ ասաց. «Եթե այն, ինչ ֆիքսված է մամուլում, վերցնեք կետ առ կետ վերլուծեք, կհամոզվեք, որ գործերի մի շարք կա, որ ընդհանրապես ես որեւէ մասնակցություն չեմ ունեցել, գործերի մի շարք կա, որ պետք է տեսնել՝ իրականում որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել թերացումը, եթե տեղի է ունեցել»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ձեր թեկնածության առաջադրմամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՍԴ-ում ձեր գործընկերների պաշտոնանկության գործընթացը, որի արդյունքում թափուր պաշտոն է առաջացել ու դուք համաձայնել եք թեկնածու առաջադրվել, սահմանադրական իրավաչափ եք համարում՝ Խունդկարյանը պատասխանեց. «Մենք ունենք այսօրվա դրությամբ Սահմանադրություն եւ ընդունված օրենք եւ մենք՝ դատավորներս պարտավոր ենք իրականացնել օրենքով ամրագրված գործողությունները: Մենք ունենք Սահմանադրություն, օրենք, պարտավոր ենք կատարել օրենքի պահանջը»:
Դիտարկմանը, որ ձեզ որեւէ մեկը չի պարտադրել չէ՞ առաջադրվել, կարող էիք չառաջադրվել՝ Խունդկարյանը պատասխանեց, որ ինքը գործող դատավոր է ու չի կարող գնահատական տալ ընդունված օրենքին. «Յուրաքանչյուր դաավոր պարտավոր է կատարել օրենքի պահանջները»: Հարցին՝ այսինքն, ձեզ ինչ պարտադրեն, ինչ հակասահմանադրական բան տան՝ դա անելո՞ւ եք՝ Խունդկարյանը պատասխանեց, որ այն, ինչ Սահմանադրությամբ ամրագրված է, կաշկանդում է բոլորին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ». Իսկ թե իրականում ինչպես էր պրն Խունդկարյանը վարում «Ա1+»-ի գործով նիստերը՝ կարդացեք այստեղ