Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խունդկարյանը զարմացած է որակումներից, թե ինքը փակել է «Ա1+»-ը. վստահեցնում է՝ որեւէ օղակից երբեւէ ճնշում չի զգացել

Սեպտեմբեր 14,2020 12:05

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորների ընտրության հարցը. դատավորների ընդհանուր ժողովը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր են հղում Խունդկարյանին:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց. «2013թ.-ի ՄԻՊ արտահերթ զեկույցում նշված է՝ եթե վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահները, այդ թվում դուք՝ պարոն Խունդկարյան, պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սոված մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ…եթե վճռաբեկ դատարանի պալատների նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, որոնց թալանել են հենց դատարանում: ՄԻՊ-ը նշում է նաեւ, որ վճռաբեկ դատարանում գործել է «զոնալ դատավորների» ինստիտուտը, որով ներքին՝ հանցավոր հրովարտակով հաստատված են եղել գործերի այն տեսակները, որոնք դատավորները պարտադիր պետք է համաձայնեցնեին: ՄԻՊ-ն ասել է նաեւ, որ վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմներ են գործել, դատավորների վրա ճնշումներ են եղել: Պարոն Խունդկարյան, պատմեք մեզ այդ մեխանիզմների եւ այն մասին, թե դուք ինչպիսի ճնշումների եք ենթարկվել»:

Երվանդ Խունդկարյանը պատասխանեց. «Այո, 2010-18թթ. եղել եմ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահը, եւ իմ գործունեության ընթացքում որեւէ զոնալ դատավորների համակարգի գոյության մասին որեւէ ընթացակարգ կամ ներքին մեխանիզմ չի եղել: Ավելին՝ ինձ վրա որեւէ օղակից երբեւէ ճնշում չեմ զգացել: Նման ճնշումների առկայության դեպքում թե ես, թե ցանկացած դատավոր պարտավոր է հարցը բարձրաձայնել դատավորների անկախությունը երաշխավորող մարմինների առաջ: Ինչ վերաբերում է ՄԻՊ զեկույցին, որը, եթե չեմ սխալվում, 2009թ.-ի է, ապա դատավորներս սովոր ենք խոսել փաստերի եւ ապացույցների լեզվով: Անապացույց եւ անփաստարկ մեկնաբանություններին չենք կարող արձագանքել: Դատավորների միության խորհուրդն արձագանքել է ՄԻՊ զեկույցին, ավելացնելու բան չունեմ: Հենքն այն էր, որ բամբասանքների վրա հիմնված տեղեկությունը չի կարող բարձրաձայնվել: Եթե կային կոռուպցիոն եւ հանցավոր գործողություններ, ապա հետաքննություն իրականացնելով օժտված են ոչ թե վճռաբեկ դատարանի նախագահը եւ դատարանի պալատի նախագահը, այլ լիազոր քննչական մարմինները: Իմ կարծիքով՝ նրանք նման հետաքննություն իրականացրած կլինեին»:

Անի Սամսոնյանը չհամաձայնեց. «ՄԻՊ-ը փաստեր ներկայացրել է, եւ դա փաստվել է դատավորների գաղտնի զեկուցումից: Բոլորս էլ գիտենք, թե վախի եւ ճնշումների ինչպիսի մթնոլորտ է եղել ՀՀ-ում՝ ձեր պաշտոնավարման տարիներին: Ձեր մասնակցությամբ մի շարք որոշումների հետեւանքով ՄԻԵԴ-ում պետությունը կորուստներ է կրել»: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց. «Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»:

Երվանդ Խունդկարյանը պարզաբանեց. «Հանդես եմ եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել եմ որպես տնտեսական դատարանի դատավոր: Այո, միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումներն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների եւ վարքագծի վերաբերյալ, բայց զարմացա եմ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունից, որ դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, եւ նրա թույլ տված խախտումների հետեւանքով է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել: Տարակուսելի է՝ մարդիկ արդյոք կարդացե՞լ են ՄԻԵԴ համապատասխան վճիռը, որում ՄԻԵԴ-ն ուղղակի արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել, որ տնտեսական դատարանի գործողությունները եղել են օրինական, որ դատարանը պատճառաբանել է իր դատական ակտը: ՄԻԵԴ-ն արձանագրել է գաղափարներն ազատորեն արտահայտելու տեսանկյունից խախտում եւ այդ որոշման հիմնաքարն եղել է այն, որ օրենսդրությունն այդ ժամանակ խնդիր է ունեցել: Օրենսդրությունը սահմանել է չափորոշիչները, որոնցով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը պետք է որոշեր՝ ո՞ր ընկերությունն է հաղթող, բայց օրենքը հանձնաժողովին չի պարտավորեցրել պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է վերջինս որոշումներ կայացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930