Ռուզան Ֆորրեստի հետ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք իր գեղեցկության բլոգի, նորզելանդական խաղաղության մասին:
Ռուզան Ֆորրեստն արդեն 5 տարի է՝ ապրում է Նոր Զելանդիայում՝ Օքլենդում, որը երկրի ամենամեծ քաղաքն է, պատկերավոր ասած՝ սիրտը: Ռուզանն ասում է, որ հեշտ է հարմարվել, միակ խնդիրն այն էր, որ ընտանիքից հեռու է: Նշում է՝ առանձնապես մշակութային շոկ չի ապրել, մի բան էր շատ զարմացնում. «Սկզբում շատ դժվար էր օրենքով երկրում ապրելը, անգամ ամենասովորական բաների դեպքում զգուշացնում են, որ չի կարելի, դա եւ տարօրինակ էր, բայց միաժամանակ նաեւ մի տեսակ պաշտպանվածության զգացում է առաջացնում»:
Մեր զրուցակիցը նշում է, որ Նոր Զելանդիան շատ խաղաղ երկիր է, իր համար անսովոր խաղաղ, ու մարդիկ էլ տարօրինակ կերպով հանգիստ. «Նախկինում, երբ ոգեւորված մի բան էի ասում, ինձ խնդրում էին՝ չգոռալ, մինչդեռ ես չէի գոռում, դա իմ սովորական, հայաստանյան խոսելու ձեւն էր, հիմա արդեն սովորել եմ իրենց նման խոսել: Սա նաեւ շատ կանաչ երկիր է, խնամված, ճիշտ է՝ մարդիկ շատ ջերմ են, բայց ես կարոտում եմ հայկական հախուռն զգացմունքային վիճակները»:
Ռուզան Ֆորրեստը գեղեցկության մասին բլոգ է վարում ինստագրամում: Նա կանանց խորհուրդ է տալիս սոցցանցերում անիմաստ ժամանակ չծախսել. «Երբեմն, երբ մարդ ինչ-որ պահի սթրեսի մեջ է կամ պարապ է, դրա համար մտնում է Ֆեյսբուք եւ թերթում, թե ինչ կա այնտեղ: Երբ ես եմ նման վիճակում հայտնվում, աշխատում եմ գոնե ինֆորմատիվ էջեր այցելել եւ ժամանակն անիմաստ չանցկացնել ու օգուտ քաղել: Կարելի է նաեւ ինչ-որ հանգստացնող հոբբի գտնել, օրինակ` ես լուսանկարներ եմ անում նման պահերի: Կարելի է ինչ-որ օնլայն կուրսերի մասնակցել՝ ֆեյսբուքում անիմաստ «նստելու» փոխարեն: Երբ ոչինչ չես անում, եւ ժամանակդ անիմաստ կորում է, դատարկության զգացողություն ես ունենում»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մաշկի խնամքին, ասում է, որ մաշկաբան չէ մասնագիտությամբ, բայց Beauty blog վարելու արդյունքում բավականին բան է սովորել. «Շատ կուզենայի այս խորհուրդներն ինձ ժամանակին տված լինեին, բայց քանի որ մեր մայրերն էլ հաճախ գեղեցկության գաղտնիքներին չեն տիրապետել, մեզ եւս չեն սովորեցրել: Ես խորհուրդ եմ տալիս անպայման դեմքի մաշկը օրական երկու անգամ խորը մաքրել ոչ թե սովորական լոսյոնով, այլ՝ մաքրող միջոցներով: Մաքրելը շատ կարեւոր է հատկապես կեղտոտված օդ ունեցող Երեւանի պարագայում, մանավանդ որ հայ աղջիկները սիրում են «տոննաներով» տոնային կրեմներ օգտագործել:
Հաջորդ խորհուրդն այն է, որ պետք է ամեն օր արեւապաշտպան քսուկ օգտագործել, որը Երեւանի վառող արեւի պարագայում շատ անհրաժեշտ է: Հիսունն անց հայ կանանցից շատերի դեմքերին մուգ բծեր կան, որոնք հենց արեւապաշտպան քսուկ չօգտագործելու հետեւանք են: Պարտադիր դա պետք է լինի 30 կամ 50 գործակցով, Հայաստանի դեպքում ես 50-ը կօգտագործեի, ամեն օր, նույնիսկ ձմռանը: Ես տանն էլ եմ արեւապաշտպան քսուկ օգտագործում, որովհետեւ Նոր Զելանդիայի արեւը շատ վտանգավոր է. օզոնային շերտի քայքայումն այստեղ ավելի նկատելի է»:
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ պետք է օգտագործել մաշկին համապատասխան միջոցներ, ոչ թե այն, ինչը թրենդային է, որովհետեւ ամեն մարդու մաշկը շատ յուրահատուկ է:
Բլոգը վարելը սկսել է քրոջ խորհրդով. «Ունեի մաշկի խնամքի միջոցների հավաքածու, կեսը ես էի գնել, մյուս մասը շահել էի տարբեր մրցույթներում: Ես անտանելի սիրում եմ մաշկի խնամքը, Հայաստանում էլ կոսմետոլոգիայի կուրս էի անցել ու հատուկ օրեր ունեի, երբ խնամում էի մաշկս, դիմակներ դնում:
Երբ սկսեցի բլոգում նկարներ դնել, սկզբում ես էլ ինձ լուրջ չէի ընդունում, բայց հետեւորդներիս թիվը սկսեց աճել, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, ես էլ սկսեցի ավելի պրոֆեսիոնալ տեքստեր գրել: Ի դեպ, Նոր Զելանդիայում մաշկի խնամքով զբաղվող շատ ընկերություններ կան, տպավորություն է, որ երկրի կեսը դրանով է զբաղվում: Շատ եմ աշխատում տեղական բրենդների հետ եւ կարեւորում եմ տեղական արտադրողին աջակցելը, շատ առաջարկներ եմ ստանում: Հարավային Կորեայի հետ եմ աշխատում, իրենք շատ զարգացած բյութի դաշտ ունեն, իրենց տարբեր ընկերությունների հետ եմ համագործակցում:
Իմ գրառումներում փորձում եմ առավելագույնս անկեղծ լինել, ես երբեք չեմ գրի, որ սա լավ արտադրանք է, եթե դա իսկապես լավը չէ, որովհետեւ մարդիկ կարեւորում են քո ազնվությունը, ու ստելու դեպքում դու կկորցնես քո լսարանը, իսկ փողով գրելու դեպքում էլ չես կարող փողը վերցնել ու վատ բան գրել:
Ես շատ սիրում եմ այդ պրոցեսը, լուսանկարելը, փորձարկելը, դա ինձ համար յուրահատուկ հանգստացնող թերապիա է: Շատ կցանկանայի նաեւ Հայաստանից հետեւորդներ ունենալ, նաեւ կարծում եմ, որ հայերը խստապահանջ լսարան են»:
Ռուզանի հետ խոսեցինք երջանիկ ու հաջողակ լինելու մասին: «Երջանկությունը ինքնաբավ, ինքդ քեզ հետ համերաշխ լինելն է ու սոցիումի սահմանած օրենքներին չհետեւելը եւ քեզ զոհ չզգալը: Օրինակ` կարծրատիպեր կան՝ գնա համալսարան, հետո ամուսնացիր ու երեխա ունեցիր… Բազմաթիվ մարդիկ կան, որ չեն ամուսնանում եւ իրենց դժբախտ են զգում, բայց ի սեր Աստծո, դա երջանկության հետ բնավ կապ չունի, եթե չես ուզում, մի արա քո չուզածը, ապրիր ինչպես ինքնդ ես ուզում, ոչ թե այնպես, ինչ քեզ պարտադրում են:
Ինձ համար լիակատար երջանկությունն այն է, որ հետեւես քո սրտի ձայնին եւ գործես ըստ դրա: Հաճախ մենք ստիպված ենք լինում անել այն, ինչ չենք ուզում, իմ ասածը պարտականություններից խուսափելու մասին չէ, այլ այն մասին, որ պետք է ապրել քո կյանքն այնպես, ինչպես դու ես ուզում….Ինչ վերաբերում է ինձ, ես շատ բաներում հաջողել եմ…Կան բաներ, որ եթե դու դա ունես, ուրիշները կարող են քեզ հաջողակ համարել: Կան «գալոչկաներ», որոնք արդեն դրված են, բայց ես լիակատար հաջողակ կլինեմ, երբ իրականացնեմ ինձ համար կարեւոր շատ բաներ… Ես, իհարկե, գոհ եմ իմ ունեցածով, բայց դա չի նշանակում, որ կդադարեմ ցանկանալ ավելին եւ բավարարվել եղածով եւ դոփել տեղում»,-նշում է մեր զրուցակիցը:
Ռուզան Ֆորրեստն ասում է, որ վերջին գիրքը, որ կարդացել է, Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկն» է. «Շատ կերազեի, որ փոքրուց մեզ սովորեցնեին փողի հետ ճիշտ վարվելու ձեւը, բայց դա չեն արել, որովհետեւ մեր ծնողներն էլ լավ չեն պատկերացրել: Ես անպայման այդ գիրքը կտամ կարդալու նաեւ իմ երեխաներին, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ՝ ինչպես ճիշտ փող աշխատել»:
Երեխաների դաստիարակությանն ու կարեւոր արժեքներին էլ անդրադարձ եղավ: «Որդիներս՝ Արան երկու տարեկան է, Լեոն հինգ ու կես, իմ հիմնական նպատակը նախ իրենց երջանիկ երեխա մեծացնելն է, բայց ինձ համար շատ կարեւոր է, հետեւաբար այնպես կանեմ, որ իրենք լինեն կարեկցող, դիմացինին հասկացող, թեեւ երկուսն էլ շատ բարի են: Ինձ համար կարեւոր է նաեւ, որ իրենք ունենան իրենց սեփական կարծիքը, հետեւեն իրենց սրտի ձայնին, լինեն հանդուրժող, ուրիշի հանդեպ սրտացավ: Ես կփորձեմ իրենց մեջ մարդկային դրական հատկանիշեր ձեւավորել»,-ասաց Ռուզանը:
Խոսելով Հայաստանի մասին, նա ասաց, որ շատ է կարոտել իր ծննդավայրը, հեշտ տեղաշարժվելը. «Այստեղ դա լուրջ պատմություն է, եթե քաղաքի կենտրոն պիտի գնամ, ստիպված եմ երեք օր պլանավորել, նայել, թե որ գնացքը որտեղից պետք է նստել, որ ժամին… Շատ կարոտում եմ պարզ, մարդկային հարաբերությունները, որովհետեւ երեսուն տարեկանից հետո շատ դժվար է նոր ընկերներ ձեռք բերելը: Մի բան լավ չէ՝ Հայաստանում մարդիկ շատ սթրեսային են, ես կուզենայի մի քիչ հանգիստ ապրեին, թեեւ պիտի ընդգծեմ, որ մարդիկ Երեւանում ավելի լավ են ապրում, քան շատ նորզելանդացիներ՝ այստեղ, բայց հայաստանցիներին պակասում է հոգեկան հանգստությունը, մաքուր օդն ու կանաչը: Էկոլոգիական վիճակը եւս ազդում է մարդու երջանկության վրա»:
Հիշում է, թե ինչպես էր երեխա ժամանակ ամառները գյուղ գնում, անգամ կրակոցների ժամանակ չէին վախենում, քանի որ անուշ ժամանակներ էին, հիշում է մանկության Ձմեռ պապին, որ հորեղբայրն էր: Մի խոսքով, այն՝ ինչ Հայաստանի հետ է կապված, շատ կարոտում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ռուզան Ֆորրեստը: