Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հազիվ թե հաջողեն, քանզի շարունակում են համարվել ՀՀԿ-ի իշխանությանը մշտապես սատարած ուժեր»

Սեպտեմբեր 14,2020 14:00

«Մինչեւ տարեվերջ պարզ կդառնա՝ Արցախի Հանրապետության կառավարումը ձեռք է բերել պատշաճ մակարդա՞կ, թե՞ շարունակում է մնալ առանձին գործիչների հանդեպ առկա անհատապաշտության պատանդը»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Ինչպե՞ս կբնորոշեք Արցախում տեղի ունեցող զարգացումները: Հանրության շրջանում տարածված է այն կարծիքը, որ Արցախում երկիշխանություն է, չեն դադարում խոսակցությունները, թե իբր ԱՀ նախագահի թիմն իր համար է կադրային քաղաքականություն վարում՝ իր թիմակիցներին փորձելով աշխատանքի տեղավորել, ԱԽ քարտուղարի՝ Սամվել Բաբայանի թիմն՝ իր: Այս երեւույթն ի՞նչ վտանգներով է լի:

– Տպավորությունս այն է, որ Արցախում գործող իշխանության համակարգում իրական քաղաքական կշիռ ունեցող անձինք եւ ուժերը փորձում են ճշգրտել իրենց ազդեցության իրական սահմաններն ու գործընթացների վրա ազդելու սեփական կարողունակությունը: Այդ համատեքստում շատ կարեւոր է՝ բոլորը գիտակցեն, որ հենց դուրս գան Սահմանադրությամբ նախանշված լիազորությունների եւ պատասխանատվության շրջանակից՝ կհայտնվեն օրենքից դուրս վիճակում, իսկ դա վտանգելու է ներքաղաքական կայունությունը եւ, մեծ հաշվով, երկրի անվտանգությունը: Եթե չեմ սխալվում, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնած գեներալ Բաբայանն Արցախի ԱԺ պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ հիշեցրեց ներկաներին, որ վեց ամիս ժամանակ է խնդրել կառավարման համակարգում տեղի ունենալիք իրական բարեփոխումների ծրագիրը նախապատրաստելու համար, բայց այդ ժամկետից ընդամենը երկու ամիս է անցել: Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ պարզ կդառնա՝ արդյոք երկրի կառավարումը ձեռք է բերել պատշաճ մակարդակ, թե շարունակում է մնալ առանձին գործիչների հանդեպ առկա անհատապաշտության պատանդը:

– Վերջին շրջանում Արցախի բարձրագույն ղեկավարությունից հնչում են իրար հակասող, միմյանց հետ չհամաձայնեցված հայտարարություններ: Օրինակ՝ ԱՀ նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ճանաչումը կամ չճանաչումն իր համար կարեւոր չէ, ԱԳ նախարարն ասաց՝ ԱՀ միջազգային ճանաչումը մեր թիվ 1 առաջնահերթությունն է: Մի՞թե դա այն հարցը չէ, որ պետք է երկրի ղեկավարները համաձայնեցնեն, հետո հայտարարությամբ հանդես գան:

– Այստեղ ես հակասություն չեմ տեսնում՝ նախագահը խնդիրը դիտարկում է ավելի ընդգրկուն համատեքստում. նա պարտավոր է ուղղորդել ինչպես խաղաղությանը միտված քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ երկրի անվտանգությունն ապահովող զուտ ռազմական ջանքերը, մինչդեռ արտգործնախարարը խոսել է բացառապես իր ոլորտի անելիքների մասին: Նախագահն առաջին հերթին պետք է ապահովի երկրի պաշտպանունակությունը ու անվտանգությունը, իսկ դիվանագիտական ծառայության ղեկավարի գործը բանակցային, դիվանագիտական ճակատներում մեր շահերն ապահովող լուծումների մշակումն ու իրականացումն է:

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները: Առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք Ռոբերտ Քոչարյանի հասարակական-քաղաքական ակտիվությունը հատկապես վերջին օրերին:

– Պարոն Քոչարյանն անում է այն, ինչը, ելնելով իր անձի շուրջ ստեղծված իրավիճակից, չի կարող չանել: Իր հետ կապված զարգացումները գուցե բոլորովին այլ ընթացք ստանային, եթե ՀՀ նոր իշխանությունները ժամանակին ավելի հեռատես, հասուն ու շրջահայաց գտնվեին:

– Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչպե՞ս կգնահատեք: Շատ փորձագետներ պնդում են, որ վերջին օրերին քրեական հեղինակությունների դեմ կատարվող վերջին զարգացումներն ամենեւին էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքար չէ:

– Քրեական աշխարհի ու ենթամշակույթի դեմ ներկայումս վարվող պայքարի վերաբերյալ դժվարանում եմ տեսակետ արտահայտել. մանրամասներին չեմ տիրապետում: Մի բան հստակ է՝ քրեական աշխարհն ապրում է օրենքն անտեսելու, դրան չենթարկվելու ու սեփական վարքականոնով առաջնորդվելու սկզբունքով, ինչը համատեղելի չէ պետության կողմից շարքային քաղաքացու արմատական քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ապահովման գործառույթի հետ:

-Հնարավոր համարո՞ւմ եք ՀՀ քաղաքական ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ ՀՀ իշխանությունների: Մասնավորապես՝ ԲՀԿ-ի շուրջ կոնսոլիդացիա, քանի որ ԲՀԿ-ի հանրահավաքին միանալու մասին հայտարարությամբ հանդես եկան ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը»:

– Չեմ կարծում, որ ձեր նշած քաղաքական ուժերը հանրահավաքային հզոր շարժում ծավալելու իրական ռեսուրսի են տիրապետում: Անգամ հաշվի առնելով գործող իշխանության նկատմամբ մարդկանց համակրանքի ու վստահության նկատելի նվազումը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հազիվ թե հաջողեն, քանզի շարունակում են համարվել ՀՀԿ-ի իշխանությանը մշտապես սատարած ուժեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930