Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում եք՝ մարդակենտրոն եք, բայց 81-ամյա կինն ում դիմում է՝ դատարանի տեղն եք ցույց տալիս

Սեպտեմբեր 14,2020 13:30

Կինն ընդամենը ջուր է ուզում

81 տարեկան Լենա Ավետիսյանը, որը տասնյակ տարիներ աշխատել է մեր երկրում, հարկեր վճարել, ուժն ու եռանդը ներդրել հանուն Հայաստանի բարեկեցության, այսօր, ծերությունը վայելելու փոխարեն՝ դատարանների դռներն է ընկած: Մեծահասակ կինը, որն անժառանգ միայնակ թոշակառու է, օր ծերության զրկված է ջուր ունենալու իր տարրական իրավունքից: Տիկին Լենայի խնդրի մասին «Առավոտն» արդեն մի քանի հրապարակում արել է, սակայն ո՛չ վարչական շրջանի ղեկավարությունը, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը, ո՛չ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ո՛չ Երեւանի որեւէ ավագանու անդամ, ո՛չ որեւէ պատգամավոր տարեց կնոջ խնդրով չեն հետաքրքրվել: Բոլոր այդ կառույցներն ու օրենսդիր եւ ՏԻՄ մարմնի ներկայացուցիչները կոչված են հենց քաղաքացու խնդիրներով զբաղվելու: Հավաստիացնում են՝ մարդակենտրոն են, կանգնած քաղաքացու կողքին, հասկանում ու կիսում են նրանց հոգսերը, բայց փորձը հակառակն է ապացուցում, տարեց կնոջ խնդիրը որեւէ մեկի չի հետաքրքրում:


Տարեց կինն արդեն 23 տարի է՝ խմելու, ճաշ եփելու, լողանալու եւ այլ կարիքների համար ջուրը դույլերով կրում է: Հարցն այն է, որ տիկին Լենան ոչ թե սոցիալական պայմաններից ելնելով է զրկված ջրից, այլ՝ հարեւանը թույլ չի տալիս, որ կինը տունը ջուր անցկացնի: Պատճառաբանում է՝ տունս ջուր կլցվի, գույքը կվնասվի: Նույն հարեւանն ու ամբողջ շենքը ջուր ունի: Չկա որեւէ մի կառույց, որ առանց դատարանների ու դատ-դատաստանի կնոջ իրավունքը կպաշտպանի: Ուր դիմում է՝ դատարանի դուռն են ցույց տալիս:

Տիկին Լենան ապրում է երկրորդ հարկում, նրա մնացած հարեւանները նույնպես ջուր անցկացրել են եւ որեւէ մի կառույց՝ «Երեւան ջրից» սկսած, վարչական շրջանով, Երեւանի քաղաքապետարանով ու հետագայում նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունով վերջացրած, որեւէ առարկություն չեն հայտնել: Ավելին՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից տեխնիկական պայման է տրվել նաեւ Լենա Ավետիսյանին, որտեղ գծագրի միջոցով նշվում է՝ ինչ ձեւով ջուրն անցկացնել բնակարան: Սակայն, ինչպես Լենա Ավետիսյանն է պատմում, ամեն անգամ, երբ վարպետ է հրավիրում, որ աշխատանքները սկսի, հարեւանը վեճ ու կռիվ է սարքում եւ խոչընդոտում այդ աշխատանքներին:

Կինը ճարահատյալ դիմել է դատարան: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատն ընթանում է ու տարբեր պատճառներով երկարաձգվում. մեկ՝ «Վեոլիա ջրի» տված տեխնիկական պայմանի ժամկետն է լրանում, մեկ՝ նոր փորձագիտական փաստաթղթի կարիք լինում եւ այլն: Եվ այդպես կնոջ կյանքից մեկ տարի էլ է գլորվում առանց ջրի:

Սեպտեմբերի 10-ին հերթական նիստն էր: Այս անգամ էլ դատարանը փորձաքննություն է նշանակել՝ հնարավո՞ր է ջրագիծ անցկացնել, թե՝ ոչ:

Փորձագետը ուսումնասիրելու է եւ եզրակացություն հայտնի: Մինչեւ այդ պատասխանը չլինի, հաջորդ դատական նստը չի լինի:
«Առավոտի» հետ զրույցում Լենա Ավետիսյանն ասում է՝ ուժասպառ է եղել թե՛ այդքան սպասելուց, թե՛ ջուր կրելուց. ձեռքերը ջլատվել են: Ասում է՝ եթե մի քանի տարի առաջ գոնե կարողանում էր կենցաղում օգտագործելու համար ջուրը կրել, հիմա արդեն դա էլ չի կարողանում. բաժակ-բաժակ է բերում, որ լողանա, ճաշ պատրաստի, այլ կարիքները հոգա:

Շենքը, որտեղ բնակվում է Լենա Ավետիսյանը, հանրակացարան է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում: Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930