Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի «աննախադեպ» որոշումից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանների գործերը կարող են վերանայվել

Սեպտեմբեր 14,2020 13:00

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ՝ Կ. Համբարձումյան, Մ. Հարթենյան, Ն. Մարգարյան կազմով սեպտեմբերի 3-ին հրապարակված որոշումը տասնյակ փաստաբանների գնահատմամբ՝ «աննախադեպ» էր հայրենի դատական պրակտիկայում:

Սեպտեմբերի 3-ին փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/21085/02/19 քաղաքացիական գործով 2020 թվականի ապրիլի 1-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է եւ ըստ Լուսինե Սահակյանի հայցի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 08.05.2019 թվականի թիվ ԿԳ/44-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Տարիներ շարունակ փաստաբաններ-ՀՀ փաստաբանների պալատ վեճը, կապված կարգապահական վարույթների հետ, հանգրվանում է ընդհանուր իրավասության դատարաններում, մինչդեռ, ինչպես ընթացքի մեջ գտնվող Արթուր Ղամբարյան-փաստաբանների պալատ վեճի օրինակով է նաեւ ասվում, նման իրավահարաբերությունները «հանրային իրավունքի տիրույթում են գտնվում», ուստի պետք է քննության դրվեն վարչական դատարանում: Սակայն Վարչական օրեսդրությունը կարծես պատրաստ չէ նման վեճեր քննելուն։

Պատահական չէ, որ Արթուր Ղամբարյանն ընդդեմ փաստաբանների պալատ գործով, հայցվոր փաստաբանը միջնորդություն է արել դատարանին՝ դիմել Սահմանադրական դատարան:

«Փաստաբաններ-փաստաբանների պալատ վեճերը մասնավոր իրավունքի վեճ համարած դատավորները կարծել են, որ փաստաբանը պալատի աշխատակիցն է, հետեւաբար, նրա հետ վեճն էլ աշխատանքային վեճ է։ Մինչդեռ Պալատը ոչ պետական, բայց հանրային իրավունքի մարմին է, մասամբ է իրականացնում պետական գործառույթ՝ հանրային պաշտպանի գործառույթը: Որոշում կայացնող դատավորները պիտի հասկանան, որ փաստաբաններն այդ պալատի աշխատակիցները չեն»,-ասում են, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներին նշում են փաստաբաններից շատերը:

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ արձանագրվել էր. «Փաստաբանների պալատի եւ փաստաբանի միջեւ ծագել է վեճ հանրային իշխանության (իրավազորության) իրականացման ընթացքում, նրանց միջեւ առկա է որոշակի ենթակարգություն, նրանց հարաբերությունները կարգավորող նորմերը ծառայում են հանրային (ընդհանուր) շահին, վեճի մի կողմը հատուկ օրենքի հիման վրա փաստացի հանրային իրավազորություն ունեցող սուբյեկտ է, եւ վեճն իր բնույթով վստահաբար մասնավոր (առեւտրային) չէ։ Հետեւաբար, նման իրավահարաբերություններից ծագած վեճի նկատմամբ չեն կարող կիրառվել մասնավոր իրավահարաբերություններից ծագած վեճի կարգավորման համար նախատեսված դատավարական կանոնների եւ երաշխիքների այն համակարգը, ինչպիսին քաղաքացիական դատավարությունն է»:

Լուսինե Սահակյանը հայցադիմումով դատարանին հայտնել էր, որ Պալատի նախագահի առաջին տեղակալի որոշմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել իր նկատմամբ, այն հիմքով, որ վերջինս 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում չի մասնակցել վերապատրաստման դասընթացներին եւ չի լրացրել վերապատրաստման որեւէ ժամ: Կարգապահական գործը հանձնվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին եւ նշանակվել է Խորհրդի նիստ: Խորհրդի թիվ ԿԳ/44-Ա որոշմամբ փաստաբանը «մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ ենթակետի, 45.12-րդ հոդվածի 2-րդ մասի եւ փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.8.2-րդ ենթակետի պահանջների խախտման համար եւ նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն:

Վերապատրաստման հետ կապված կարգապահական վարույթները բազմաքանակ են: Դատարաններում փաստաբանները պահանջում են անվավեր ճանաչել այդ որոշումները, քանի որ դրանք անհիմն են, ընդունվել են իրավական նորմերի պահանջների խախտմամբ:
Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի համաձայն՝ փաստաբանը պարտավոր է սահմանված կարգով եւ ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին: Իսկ նույն օրենքի 45.12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով եւ ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում 48 ժամից պակաս լինել»:
Կա մի կարգավորիչ եւս. Փաստաբանների վարքագծի կանոնագրքի 2.8.2 կետի համաձայն, փաստաբանը պարտավոր է պալատի խորհրդի սահմանված կարգով եւ ժամաքանակով մասնակցել օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին:

«Փաստաբանների վերապատրաստման կարգի» համաձայն էլ, փաստաբանների վերապատրաստում կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կողմից` փաստաբանի հետ համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով: Փաստաբաններ կան, ովքեր ասում են, թե պայմանագիր չեն ունեցել, հետեւաբար, չկա վերապատրաստման համար կողմերի միջեւ փաստացի իրավահարաբերություն:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ եւ 40-րդ հոդվածների համաձայն, փաստաբանի նկատմամբ վերապատրաստումներին չմասնակցելու համար կարգապահական վարույթը հարուցվում է դպրոցի տնօրենի տեղեկանքի հիման վրա, իսկ կարգապահական վարույթի քննությունը իրականացվում է արագացված կարգով: Լ. Սահակյանի գործով, օրինակ, դպրոցը տվել էր տեղեկանք, իսկ փաստաբանի ներկայացուցիչն առարկել էր. «Դպրոցը պայմանագրի բացակայության դեպքում իրավասու չէ որեւէ անդրադարձ կատարել հայցվորի կողմից դրսեւորվող որեւէ տեսակի վարքագծի վերաբերյալ», եւ եթե Սահակյանը չի մասնակցել վերապատրաստումներին, քանի որ առկա չի որեւէ պայմանագիր կողմերի միջեւ, ապա դպրոցի տնօրենը ի՞նչ իրավական հիմքով է տվել տեղեկանք այն մասին, որ հայցվորը չի մասնակցել դպրոցի կողմից իրականացվող վերապատրաստումներին:

Լ. Սահակյանի փոխարեն կարող էին լինել այլ փաստաբաններ, եւ հարցս հետեւյալն է՝ հնարավո՞ր է դպրոցի տնօրենը պայմանագիր չունենալով իքս փաստաբանի հետ, տա նման տեղեկանք՝ առերեւույթ թյուրիմացության մեջ գցելով պալատի նախագահին:
Նշեմ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փաստաբան Արթուր Ղամբարյանն էլ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` պահանջելով վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 06.02.2019թ. թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը: Ի դեպ, այս գործը մարտավարական է: ՀՀ վարչական դատարանը Ղամբարյանի գործով 2019թ. փետրվարի 22-ին որոշում էր կայացրել, որ այդ վեճը հանրային իրավական չէ, ուստի գործն ընդդատյա է, ոչ թե ՀՀ վարչական դատարանին, այլ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանին: Ներկայումս այն գտնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Արթուր Ղամբարյանի հայցադիմումի. «Խորհուրդն իր ներքին կամ անհատական իրավական ակտերում արտոնագիրը վերականգնած փաստաբանի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը ձեւախեղել է «լրացուցիչ վերապատրաստման» ռեժիմ սահմանելով: Այս պարագայում խնդիրը ոչ թե զուտ իրավական տեխնիկայի կանոնների խախտումն է կամ իրավական հասկացությունների ոչ ճիշտ գործածությունը, այլեւ այն, որ մարդու վրա դրվում է օրենքով չնախատեսված պարտականություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է նաեւ հայցվորի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման: Բանն այն է, որ օրենքով լրացուցիչ վերապատրաստում անցնելը դիտվում է բացառապես որպես կարգապահական տույժ, որը նշանակվում է կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի նկատմամբ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930