Լրահոս
Օրվա լրահոսը

Սոպրանոն ներդաշնակում է մոդելային եւ օպերային արվեստները

Սեպտեմբեր 14,2020 12:30

Հարցազրույց օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի հետ

– Վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Steinway ռոյալի շնորհանդեսին այլ կատարումների թվում հնչեց նաեւ ձեր կատարմամբ Քուչակի խոսքերով, Տիգրան Մանսուրյանի «Հայրեններ» վոկալ շարքից «Դավիթ մարգարե» ստեղծագործությունը՝ հեղինակի ընկերակցությամբ։ Նոր-նոր կարիերա անող երգչուհու համար դա իսկապես ռիսկ էր, քանի որ հայտնի են հենց այս ստեղծագործության բարձրարվեստ կատարումները Գոհար Գասպարյանի, Արաքս Մանսուրյանի, Իրինա Զաքյանի մեկնաբանություններով։ «Առավոտի» առաջին հանդիպումն է ձեզ հետ, հետեւաբար կխնդրենք ներկայացնել հասկանալի պատճառով ձեր ոչ այնքան հարուստ բեմական կյանքը։

– Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանել եմ դոցենտ Վիոլետա Սահակյանի դասարանում, առաջին բեմելս կայացել է Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ 2019թ. դեկտեմբերի 31-ին, օպերային թատրոնում կայացած Ամանորի երեկոյին։ Դեռեւս ուսանողական տարիներից ընդգրկվել եմ օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) կազմում։
– Երիտասարդական ծրագրի որոշ մասնակիցներ գլխավոր դերերգերով տարբեր ժամանակներում հանդես են եկել օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներում… Ի՞նչ կասեք ձեր մասին:

– Լեւոն Ջավադյանի հետ պատրաստում էինք Զեմֆիրայի դերերգը Ռախմանինովի «Ալեկո» օպերայում, բայց սկսվեց համաճարակը։ Բայց այդ շրջանում էլ չդադարեցրինք պարապմունքները, քանիցս Երիտասարդական ծրագրի մասնակիցներս ներկայացել ենք օնլայն հարթակում, նույնիսկ դուետներով հանդես եկել այլազգի երգիչների հետ։ Օրինակ՝ ամերիկացի բարիտոն Մարկուս Քինգի հետ ներկայացրինք Գերշվինի «Օրգին եւ Բեսսը» օպերայից հայտնի դուետը։ Այս պահին ծրագրի մասնակիցներս պատրաստվում ենք համերգի, որը կկայանա սեպտեմբերի վերջին, օպերային թատրոնի տանիքում։ Կուզեի առանձնահատուկ նշել 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Երիտասարդական ծրագրի մասնակիցներիս իսկապես տպավորիչ ելույթները Արցախում, Գյումրիում, Արարատի մարզում, Դիլիջանում։ Անկասկած, իմ ու Երիտասարդական ծրագրի գործընկերներիս համար հիշարժան է այս տարվա ապրիլի 24-ին մասնակցությունը՝ Ծիծեռնակաբերդում կայացած ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը։

– Մենք ձեզ մտաբերում ենք, եթե չենք սխալվում՝ երկու-երեք տարի առաջ Հ1-ով հեռարձակվող ռեժիսոր Արմեն Փիրիմասի «Հայրենեան» հաղորդաշարից, որտեղ դուք հանդես էիք գալիս մոդելի դերում։

– Դա 2018 թվականն էր, հրավերը ստացա Արմեն Փիրիմասից։ Այդ շարքում ներկայացրի հայկական տարազներ, գորգեր եւ այլն, կարելի է ասել, որ հաղորդման դեմքն էի։ Նույն կարգավիճակով ներկայացել եմ նաեւ Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջոցառումներին, ներկայումս էլ ունեմ մի շարք հրավերներ տարբեր նախագծերից (գովազդ, տեսահոլովակ եւ այլն)։
– Մոդելի կարգավիճակով ներկայանալը նախասիրությո՞ւն է…

– Ես օպերային երգչուհի եմ։ Այո, ինչպես նշեցիք՝ նոր-նոր եմ քայլեր անում։ Ինչ վերաբերում է մոդելային կամ տարբեր նախագծերին մասնակցելուն, դա ինձ համար հոբբի է։ Պարզապես շատ եմ սիրում ֆոտո եւ տեսանկարահանումների պրոցեսը եւ, անկեղծ ասած՝ չեմ մերժի ոչ մի առաջարկ, եթե, իհարկե, այն ինձ հոգեհարազատ լինի։
– Ռուսաստանի եւ Արեւմուտքի որոշ թատրոններ արդեն բնականոն կյանքի են անցնում, իհարկե՝ հյուրընկալելով փոքրաթիվ հանդիսատեսի։ Մեր թատրոններն էլ բացօթյա ներկայացումները կամ միջոցառումները կշարունակեն մինչեւ եղանակային պայմանները թույլ տան։ Կարելի՞ է ենթադրել, որ ձեզ առաջին անգամ կտեսնենք օպերային թատրոնի խաղացանկային «Ալեկո» ներկայացման մեջ Զեմֆիրայի դերերգով։

– Շատ կուզեի առաջին անգամ ներկայանալ Տատյանայի դերերգով Չայկովսկու «Եվգենի Օնեգինում», բայց մեր թատրոնի խաղացանկում այդ ներկայացումը դեռեւս չկա։ Ինչ խոսք, ինձ սրտամոտ է Զեմֆիրան… Այս պահին Լեւոն Ջավադյանի հետ պատրաստում ենք Սանտուցայի դերերգը Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայում, իսկ առաջիկայում կմասնակցեմ այդ դերերգի համար թատրոնում անցկացվող լսումներին։

– Անդրադառնանք մաեստրո Մանսուրյանի հետ ձեր համագործակցությանը:

– Սպառիչ պատասխան չեմ կարող տալ, բայց ենթադրում եմ, որ մաեստրոն ընտրությունը կատարել է՝ լսելով մեկ-երկու երիտասարդ կատարողների։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930