Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ պրոֆեսորը` «անկոչ հյուր» հեռավար կրթության, բուհը թիրախավորելու եւ սոսկ հարկատու չլինելու մասին

Սեպտեմբեր 14,2020 12:00

Հարցազրույց ՀՊՏՀ պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Արմեն Ճուղուրյանի հետ

– Պարոն Ճուղուրյան, ուսումնական տարին անսովոր մեկնարկեց, որոշ բուհեր կիրառեցին կրթության հիբրիդային եղանակը, եղան համալսարաններ, որ շարունակեցին առցանց աշխատել: Ի՞նչ եք կարծում, արդարացրե՞ց իրեն առցանց ուսուցումը, մանավանդ որ, հիմա դժգոհությունները շատ են կրթության տարբեր շահառուների կողմից:

– Առցանց ուսուցումը հանկարծակի, անկոչ հյուրի պես թակեց համալսարանների դռները եւ բոլորս հանպատրաստի ընդունեցինք այն: Բնականաբար, դժգոհությունների հիմնական պատճառը հանկարծակիության գործոնն էր: Սակայն պիտի խոստովանեմ, որ առցանց ուսուցումը, եթե իրոք կազմակերպվի հեռավար կրթության մեթոդաբանությամբ, շատ ավելի արդյունավետ կլինի:

– Ինչը նկատի ունեք, եւ ինչով է պայմանավորված առցանցի արդյունավետությունը, երբ բացակայում է կենդանի հաղորդակցումը դասախոսի եւ ուսանողի միջեւ եւ կրթական միջավայրը դառնում է մի տեսակ անհաղորդ:

– Առցանց ուսուցումը հեռավարի ընդամենը մեկ բաղադրիչն է: Այսօր աշխարհն է գնում հեռավար կրթության, մասնավորապես՝ բակալավրիատի բարձր կուրսերում եւ մագիստրատուրայում: Այստեղ կիրառվում են կրթական այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ստիպում են ուսանողին ինքնակազմակերպվել, առավել կենտրոնանալ, դասախոսին պարտադրում են դասավանդումը աշխուժացնել եւ հետաքրքրացնել, կիրառել մեթոդաբանական հատուկ հնարքներ: Իսկ մեր համալսարանների մեծ մասում, ցավոք, դա չի նկատվում: Ձեւական կիրառում են հեռավար դասավանդման Moodle հարթակը, ընդամենը նյութեր տեղադրելով եւ առցանց հաղորդակցվելով, առանց ըմբռնելու, որ Moodle -ը կրթության կառավարման լուրջ գործիք է: Իսկ դասավանդման վիրտուալիզացիան հատուկ հնարքներ եւ մոտեցումներ է պահանջում, որոնց մեր դասավանդող անձնակազմը դեռեւս պատրաստ չէ, որից էլ գալիս են բազմաբնույթ դժգոհություններ:

– Ուրեմն դուք գտնում եք, որ հեռավար ուսուցումը առավել արդյունավետ է, քան ավանդակա՞նը:

– Անշուշտ, արդյունավետ է, երբ կանոնակարգված է կազմակերպվում: Եթե հետեւելու լինենք միջազգային միտումներին, ապա նույնիսկ մինչեւ համաճարակը, արտասահմանյան բուհերը արագ տեմպերով արդեն իսկ կիրառում էին հեռավար կրթության գործիքներ, եւ աստիճանաբար անցում կատարում կրթության ինովացիոն մեթոդների: Հիմա ժամանակներն են այդպիսին, ամեն ինչ թվայնացվում է, տնտեսությունը, կառավարումը, կենցաղը, անգամ սոցիալական հարաբերությունները: Չի կարող կրթության կազմակերպումն անհաղորդ մնալ այս ամենից: Ուրեմն ավելի լավ է չբողոքել եւ քայլել առաջ, ուղիներ փնտրելով վիրտուալ միջավայրում կրթության արդյունավետ կազմակերպման համար:

– Պարոն Ճուղուրյան, դուք աշխատում եք ՀՊՏՀ-ում, որտեղ շուրջ երկու տարի է, կրքեր են բորբոքվում, ինչ կասեք այդ մասին:

– Պիտի ասեմ, որ այդ կրքերը բորբոքվում են «դրսից», իսկ «ներսում» ամեն ինչ հանգիստ է: Ունենք հիանալի աշխատանքային կոլեկտիվ, բոլորն աշխատում են համախմբված, նվիրված իենց գործին: Դրա վառ ապացույցն է այն, որ այս տարի համալսարանի համբավի հաշվին ունեցել ենք ընդունելության աննախադեպ աճ: Ցավով պիտի նշեմ, որ «դրսից» թիրախավորվել է հենց այս համբավը եւ տպավորություն է ստեղծվում, որ կարծես ձգտում են բուհն «այրունաքամ» անել, բայց այս փորձությանն էլ կդիմանանք:

– Մի հարց եւս. ձեր կարծիքով՝ հիմա որտե՞ղ ենք կանգնած եւ ո՞ւր ենք տանում մեր բարձրագույն մասնագիտական կրթությունը:

– Կարծում եմ, որ մեր հանրապետությունում բուհական համակարգը վատ վիճակում չէ, որքան էլ քննադատենք: Ես շատ եմ շրջագայել միջազգային բուհերով եւ համեմատելով պիտի ասեմ, որ ունենք հիանալի երիտասարդություն, նվիրյալ դասախոսներ, որոնք բուհական տեխնիկատնտեսական համեմատաբար ոչ մրցունակ հագեցվածության պայմաններում աշխատում են եւ իրենց հայրենանվեր գործն են անում: Ուղղակի, բուհական միջավայրը ներկայում կարիք ունի քաջալերանքի հենց պետության կողմից, որի կարիքը շատ են զգում համալսարանականները: Կառավարությունն էլ պիտի գիտակցի, որ բուհերը պարզապես հարկատուներ չեն, այլ պետականության ամրապնդմանը սատարող առանցքային խաղացողներ, որոնք այս առումով ներկայումս գտնվում են պասիվ վիճակում:

Հարցազրույցը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930