Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցերը և ուղենշելու համագործակցության հեռանկարները:
«Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին և արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության և իրական բարեկամության վառ արտահայտություն են», – նշեց նախարարը:
Երկուստեք ընդգծվեց հայ համայնքի պատմական ներդրումը Եգիպտոսի պետական և հասարակական կյանքում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ եգիպտահայ համայնքը հանդիսանում է երկու երկրներն իրար կապող կամուրջ։
Կարդացեք նաև
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Որպես հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվեցին դեղագործության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:
Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարևորեցին միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ և հետևողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարևորությունը և միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։
Նախարարներ Մնացականյանը և Շուքրին կրոնական խմբերի պաշտպանությունն առանձնացրեցին որպես համագործակցության կարևորագույն ոլորտ միջազգային ասպարեզում։
ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ:
ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը և պատասխանը լրագրողի հարցին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:
Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող գնահատվել բացառապես այս 28 տարիների տեսանկյունից: Մենք Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ: Դրանք մեր ժողովուրդների միջև վստահության և բարեկամության հարաբերություններ են: Պատմության տարբեր ժամանակահատվածներում և այսօր նույնպես հայերը եղել և շարունակում են լինել Եգիպտոսի և նրա քաղաքակրթության, Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկը:
Մեր պատմության դժվարին փուլում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափից մազապուրծ եղած հազարավոր հայերի:
Մեր հայրենակիցները կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում, և մենք շատ հպարտ ենք դրանով: Իմ հայրենակիցներին ընձեռված են բոլոր հնարավորությունները` պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Նրանք Եգիպտոսի հպարտ քաղաքացիներ են, որոնց ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ պահպանելու և դրսևորելու իրենց ազգային ինքնությունը՝ որպես հայեր: Անշուշտ, մենք խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին այս ջանքերի և մեր ժողովրդին պաշտպանելու համար:
Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև, հիրավի, խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է:
Եգիպտոսի հետ մենք ունենք ամուր բարեկամական և շատ գործնական հարաբերություններ, և այս այցը նաև լավ հնարավորություն է` ի ցույց դնելու և գնահատելու մեր հարաբերությունների ներկայիս վիճակը: Միաժամանակ մենք ունենք խաղաղության, անվտանգության և զարգացման նույնական շահեր: Եվ մենք գիտենք, որ լավագույն արդյունքների ենք հասել՝ միասին աշխատելով և միմյանց հետ սերտորեն համագործակցելով:
Մենք շատ լավ քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ ունենք լավ և հետաքրքիր ներուժ. մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր մեր երկրների միջև: Եվ համակարծիք ենք, որ ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար: Այդ ուղղությամբ աշխատանքներն, անշուշտ, շարունակվելու են:
Դրա համար մենք ունենք համապատասխան հարթակներ. մենք ունենք քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, և, իհարկե, երկխոսությունը երկու ղեկավարների միջև: Սպասում ենք Եգիպտոսի նախագահին Հայաստանում հյուրընկալելու հնարավորությանը, և ես անձամբ սպասում եմ իմ լավ ընկերոջը` Սամեհին, Հայաստանում: Նախագահի այցը, որը մենք նախատեսում ենք և ակնկալում ենք սերտորեն աշխատել այդ ուղղությամբ, մտապահված կարևոր ելակետ է՝ համապարփակեցնելու երկկողմ համագործակցության բոլոր այդ կարևոր հարցերը:
Երկկողմ համագործակցության համատեքստում մենք նաև արժևորում ենք Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մենք սերտ համագործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար:
Մենք բավականին ծավալուն քննարկում ունեցանք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:
Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:
Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայունություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ:
Գործընկերոջս նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում: Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհակալություն շատ ջերմ ընդունելության համար: Սա չափազանց կարևոր այց է, ես բարձր եմ գնահատում ինձ, իմ գործընկերներին, ընկերներին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Ես այստեղ եմ գտնվում ուժեղ պատվիրակությամբ․ Եգիպտոսում Հայաստանի երեք՝ ներկայիս և երկու նախկին դեսպանների ուղեկցությամբ, ովքեր շատ կարևոր, բարձր մասնագիտական ներդրում են ունեցել մեր երկկողմ օրակարգի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային և բազմակողմ օրակարգի խթանման գործում:
«Սքայ Նյուզ Արաբիյա». Դուք խոսեցիք հայ-եգիպտական հարաբերությունների խորության մասին և Հայաստանի համար Եգիպտոսի պատմական և ապագա դերի մասին՝ պայմանավորված նաև հայերի ներդրումով և հայ համայնքի առկայությամբ: Սակայն դեռևս առկա է լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում: Արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը:
Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկությունները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում:
Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է:
Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ