Ինչպես տեղեկացրել ենք, այսօր սպանություն էր տեղի ունեցել Գյումրիում․ Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու երիտասարդների՝ 1985 և 1986 թվականներին ծնված։ Նրանցից մեկը՝ 35-ամյա երիտասարդը սպանված է եղել, իսկ մյուսի մոտ առկա է եղել ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք։
Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Շիրակացի փողոցում՝ ժամը մոտ 18․00-ի սահմաններում, թե ով է դանակահարելով սպանել երիտասարդին, թաղում չգիտեն, սակայն զարմացած են երիտասարդի սպանությամբ։ Հարևաններն ասում են, որ նա խելոք, շնորհքով, աշխատասեր անձ էր, երբևէ քրեական պատմությունների մեջ չի եղել, հանցագործ հակումներ չի ունեցել, ամուսնացած է, երեխա ունի։
Երիտասարդը վարորդ է․ «Կամազ» մակնիշի մեքենա էր վարում, նրա թե՛ պապը, թե՛ հայրը վարորդներ են՝ համեստ, շնորհքով մարդիկ։ Թե ինչ վիճաբանություն է եղել, թաղում շշուկների մակարդակով անգամ դեռ ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ դանակահարել են, մինչև հիվանդանոց են հասցրել, ճանապարհին մահացել է։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ Գյումրի բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ երկու քաղաքացու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացել է։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ