Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի զեկույցում անդրադարձ կա տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող խնդիրներին՝ նաեւ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում:
Զեկույցում նշված է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրությունը իրավակիրառ պրակտիկայում դրան տրվող մեկնաբանությունների համատեքստում, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախության երաշխիքների ոչ բավարար լինելը՝ որոշակի խնդիրներ են հարուցում նաեւ տեղեկատվության ազատության իրավունքի երաշխավորման տեսանկյունից: Փաստաթղթում նշվում է, որ, օրինակ, իրավակիրառ պրակտիկայում հաճախ հայցվող տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժվում է այն պատճառաբանությամբ, որ տեղեկատվությունը բովանդակում է անձնական տվյալ, ինչը տեղի է ունենում «անձնական տվյալներ» եւ «անձնական կյանքի գաղտնիք» հասկացությունները նույնացնելու հետեւանքով:
Ըստ գործող կարգավորումների՝ առանց անձի համաձայնության փոխանցման ենթակա անձնական տվյալների շրջանակը որոշվում է ոչ թե տվյալների բնույթի, տեսակի, դրանց պահպանման առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ՝ կախված որեւէ այլ օրենքով նախատեսված լինել-չլինելու հանգամանքից: Ըստ այդմ առաջարկվում է օրենսդրությամբ սահմանել այն չափանիշները, որոնք իրավասու մարմիններին հնարավորություն կընձեռեն հավասարակշռելու տեղեկատվության ազատության եւ դրա սահմանափակումները սահմանող նորմերը:
Ի թիվս այլնի, նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ բավարար չափով ապահովված չեն անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեության անկախության երաշխիքները: Ըստ այդմ առաջարկվում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանել ՀՀ արդարադատության նախարարության կազմից՝ ստեղծելով ինքնավար մարմին, ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածին համապատասխան:
Կարդացեք նաև
-Պահպանելով քաղաքացիական հասարակության մասնակցության կարգավորումները գործակալության ղեկավարի թեկնածության առաջադրման հարցում՝ լիազոր մարմնի ղեկավարի նշանակումը վերապահել ԱԺ-ին.
– երկարաձգել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնավարման համար նախատեսված ժամկետը՝ բացառելով վերընտրման հնարավորությունը.
-օժտել լիազոր մարմնին արտաքին միջամտություններից զերծ մնալու անհրաժեշտ երաշխիքներով.
-լիազոր մարմնին օժտել իրական ֆինանսական անկախությամբ.
– բարձրացնել լիազոր մարմնի թափանցիկության մակարդակը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ