Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ:
Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա:
ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկեցին կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։
Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրեցին կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշեց. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»:
Կարդացեք նաև
Նախարարը բարձր գնահատեց Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում:
Թավադրոս Երկրորդը կարևորեց երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ