Ռիկոտայով (կաթնաշոռանման պանիր է, որը ստացվում է մոցարելա պանրի արտադրության ընթացքում) կամ կաթնաշոռով լցոնված պաստաները իտալական ամենահայտնի ուտեստներից են: Այդ լցոնով իտալացիները շատ հաճախ լցոնում են ռավիոլիները, ինչպես նաեւ՝ լազանյա, կանելոնի են պատրաստում: Այս անգամ ռիկոտայով կլցոնենք «կոնչիլյոնի» կոչվող պաստան, որն իրենցից ներկայացնում է խոշոր, խխունջանման խմոր:
Անհրաժեշտ մթերքները
Խխունջանման պաստա կոնչիլյոնի – 250 գրամ
Ռիկոտա-400 գրամ (կամ կարելի է վերցնել 200 գրամ կաթնաշոռ, 200 գրամ ռիկոտա)
Կարդացեք նաև
Պարմեզան- 50 գրամ
Բազիլիկ- 10-15 ճյուղ
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Լոլիկի թանձրուկ (պասատա)- մոտ 1 լիտր
Սխտոր-4 պճեղ
Պատրաստման եղանակը
Իտալացիները ինչպես լազանյան, այնպես էլ կանելոնին եւ կոնչիլյոնին հիմնականում նախապես չեն եփում: Սակայն, եթե դուք նախընտրում եք, որ շատ փափուկ լինի ձեր ուտեստը, կոնչիլյոնիները նախապես 5 րոպե եփեք: Ես երբեք նախապես չեմ եփում, քանի որ ինձ դուր է գալիս պաստան «ալ դենտե», այսինքն՝ ատամի տակ զգացվող, վիճակում: Բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:
Սկզբում պետք է պատրաստել թանձրուկը: Քանի դեռ թարմ լոլիկների սեզոնն է, կարող եք թարմ լոլիկով պատրաստել: 1,5 կգ լոլիկից հեռացրեք կեղեւը եւ դրեք կրակին եփելու մոտ 10-15 րոպե, որից հետո բլենդերով մանրացրեք, կամ լոլիկը քերեք խոշոր ատամներով քերիչով, ապա դրեք կրակին եփվելու: Լոլիկներին ավելացրեք նաեւ մանրած 3 պճեղ սխտորը, թողեք եփվի եւս 10-15 րոպե:
Եթե պատրաստի թանձրուկն եք օգտագործում, ապա լցրեք այն փոքրիկ կաթսայի մեջ, մեջը լցրեք կտրատած սխտորը եւ եփեք 15 րոպե:
Մինչ պասատան (լոլիկի թանձրուկը) պատրաստվում է, նախ միացրեք ջեռոցը, որ տաքանա 200 աստիճան: Ապա՝ իրար խառնեք ռիկոտան, կաթնաշոռը, մանր կտրատած 1 պճեղ սխտորը, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, կտրատած բազիլիկը, պարմեզանի կեսը, եթե ունեք պեստո թանձրուկ, ապա նաեւ՝ 1 լիքը ճաշի գդալ պեստո:
Պատրաստի լոլիկի սոուսից լցրեք ջեռոցի տարայի մեջ: Կոնչիլյոնիները լցոնեք ռիկոտայի խառնուրդով եւ շարեք լոլիկի թանձրուկի վրա:
Լցոնած պաստաների վրա լցրեք թանձրուկը: Թանձրուկը պետք է ամբողջովին ծածկի ձեր կոնչիլյոնիները, եթե չի ծածկել, եւ չունեք այլեւս թանձրուկ, պարզապես մի քանի ճաշի գդալ տոմատի մածուկը բացեք ջրով, դա լցրեք:
Վրան ցանեք մնացած պարմեզանը եւ դրեք ջեռոցը մոտ 35-40 րոպեով:
Մատուցեք տաք-տաք, վրան կարող եք ցանել էլի պարմեզան, ձիթապտղի յուղ կարող եք ցողել, եւ բազիլիկի տերեւ դնել՝ տեսքի համար:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ