Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղափոխությունների ժամանակը. Լուկաշենկո և Պուտին

Սեպտեմբեր 13,2020 12:00

Մենք պատրաստ ենք ձեռք մեկնել մեր գործընկերներին:

Բայց զգուշացնում ենք՝ մեր ձեռքերը երկար են:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Երբ «Առավոտի» նախորդ համարներից մեկում, «Լուկաշենկոյի երգը երգված է» վերնագրով վերլուծություն գրեցի Լուկաշենկոյի վերջին «ընտրությունների» և դրանց կեղծ արդյունքները բողոքարկող բելառուս հասարակության մասին, անկեղծորեն հավատում էի, որ մինչև այդ վերլուծությունը հրապարակվի, Լուկաշենկոյի դեմ դուրս եկած բազմահազար ժողովուրդը վերջնականապես գահընկեց արած կլինի նրան: Կարծում եմ՝ բոլորն էին այդպես մտածում, և, կարծում եմ, որ միակ մարդը, ով հույս էր փայփայում և այլ կերպ էր մտածում, ինքը՝ Լուկաշենկոն էր:

Օրեր շարունակ Մինսկի հրապարակը լեփ-լեցուն էր հազարավոր բողոքավորներով, և եթե ժողովուրդն առավել վճռական քայլերի չդիմեր էլ, Լուկաշենկոն ինքը պիտի հրաժարական տալով ամենավճռական քայլին դիմեր՝ այնքան որ անիմաստ ու անհեթեթ էր իր իշխանության գլխին մնալը մի երկրում, որի մեջ, փաստորեն, իրեն որևէ տեղ հատկացված չէր, և հեղափոխության ելած ժողովուրդն էլ մեն մի ցանկություն ուներ՝ իշխանափոխություն, և Լուկաշենկոյի ծննդյան օրով էլ բելառուս միտինգավորները իշխանափոխությունը որպես նվեր կամեցան մատուցել Լուկաշենկոյին:

Նախորդ անգամ մենք տեսակետ էինք հայտնել, որ Լուկաշենկոն ու նմանները տառապում են երևակայության պակասով, քանզի չեն պատկերացնում մի իրականություն, որտեղ իրենք ոչ թե իշխանության գլխին կլինեն, այլ ժողովրդի՝ շարքային քաղաքացու կողքին, բայց ահա հիմա, օրեր անց, հասկանում եմ, որ մենք ինքներս էլ ենք որոշակիորեն տառապում երևակայության որոշակի պակասով, քանզի ինքներս էլ մի քանի օր առաջ ոչ մի կերպ չէինք պատկերացնում, որ սույն Լուկաշենկոն կարող է իր պաշտոնի վրա ևս մի քանի օր դիմանալ:

Բայց ահա դիմացավ: Եթե, իհարկե, սա կարելի է դիմանալ համարել: Պուտինի փեշերից կառչած: Այն նույն Պուտինի, որի հետ մի պահ այս Լուկաշենկոն հավասար-հավասարի հետ էր խոսում: Հիմա ինքը՝ Պուտինն է նրա քթից բռնած ման տալիս: Մեկ խոստանում է օգնել նրան՝ զորքեր մտցնելով Բելառուս, մեկ Լուկաշենկոյի հիվանդ երևակայության մեջ տեղավորվող մեկ այլ բան է խոստանում: Եվ այլն, և այսպես շարունակ:

Լուկաշենկոյի երևակայությունը մի կողմ՝ բայցև հավանաբար Պուտինն ինքն էլ է երևի պատկերացնում, որ, հնարավոր է, ինքն ու այս Լուկաշենկոն որևէ դեպքում համագործակցեն: Բայց, ամեն դեպքում ու բոլոր դեպքերում, Լուկաշենկոյին Պուտինի խոստացածը քաղաքացիական կռվի պես մի բան է, որին, չենք կարծում թե, բելառուս հեղափոխական ժողովուրդը սպասում է ու պատրաստ է:

Ամեն դեպքում, Պուտինին որոշակիորեն հաճելի է, որ Լուկաշենկոն ու նմաններն աշխարհի աչքի առաջ իրենից օգնություն են մուրում՝ որպես որոշակի ուժի առաջնորդի, և որ նրանց այդ քաղաքական մուրացկանությունն իրեն պահում է տվյալ ուժի առաջնորդի թեկուզև պահպանողական ու հետադիմական, բայց համեմատաբար պատվավոր դիրքերում: Նույնիսկ հնարավոր է, որ մի պահ ինքը՝ Պուտինն էլ Լուկաշենկոյի ընկերակցության, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի համհարզության կարիքն զգա, և հավանաբար Լուկաշենկոյի հույսն էլ է դա, քանզի նրա կարգի քաղաքական գործիչը լավ է հասկանում, որ, շատ հնարավոր է, ինչ-որ առումով Պուտինն էլ նեղն ընկնի ու իր կարիքն զգա: Մի խոսքով, ամեն ինչ հնարավոր է: Լուկաշենկոն հիմա քաղաքական այնպիսի վիճակում է, որ ամեն ինչ հնարավոր է համարում և ամեն տարբերակի հավատում է:

Իսկ ո՛ր տարբերակին է հավատում ինքը՝ Պուտինը, որ, հնարավոր է, որոշ ուժերի ու որոշ տարբերակների դեպքում հետխորհրդային որոշակի ուժերի առաջատար դառնա: Ընդ որում՝ միանգամայն հանպատրաստից: Լուկաշենկոյի ու նման մի քանիսի շնորհիվ: Ընդ որում՝ Խաբարովսկի կողմերում էլ Պուտինից ահագին դժգոհողներ կան:

Ինքը Լուկաշենկոն չի, որ դժգոհողների դժգոհությունն աչքաթող անի:

Ինքը Լուկաշենկոն չի: Ամեն ինչ պիտի հաշվի առնվի: Մեկ առ մեկ: Այլապես ինքը՝ Պուտինն էլ հանկարծակի կարող է հայտնվել Լուկաշենկոյի աննախանձելի վիճակում:

Ինքը Լուկաշենկոն չի, որ նեղն ընկնելով՝ սրանից ու նրանից քաղաքական ողորմություն մուրա:

Ինքը Լուկաշենկոն չի, որ այն, ինչ պիտի ճիշտ ժամանակին աներ, չանի ու անորոշ ժամանակով հետաձգի:

Ինքը Լուկաշենկոն չի: Երբեք ու ոչ մի դեպքում:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930