Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. «ՏԱ օրենքն ու փոխկապակցված օրենսդրությունը պարունակում են տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակման ռիսկեր»

Սեպտեմբեր 13,2020 11:30

Հրապարակվել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի զեկույցը՝ տեղեկատվության ազատության ոլորտի խնդիրների և լուծումների վերաբերյալ։

Բացի Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքից՝ զեկույցն անդրադառնում է այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող այլ օրենսդրական դաշտերի՝ պետական և ծառայողական գաղտնիք, օպերատիվ-հետախուզական գործունեություն, արխիվային գործ, քրեական դատավարություն, անձնական տվյալների պաշտպանություն, գնումներ, հանրային ծառայություն և այլն։

Զեկույցը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի եւ փոխկապակցված օրենսդրությանն առնչվող հիմնախնդիրների համատեքստում մասնավորապես նշվում է, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանվում են տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը, պայմանները, մերժման հիմքերը, ինչպես նաեւ տեղեկատվությունը տնօրինողի պարտականությունները: Փաստվում է, որ օրենքն ընդունվել է 2003թ. եւ մինչ օրս չի ենթարկվել փոփոխությունների, թեեւ եղել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ օրենքի համապարփակ վերանայման փորձեր:

Ըստ զեկույցի՝ նույնկերպ փոփոխությունների չեն ենթարկվել օրենքին զուգահեռ ընդունված վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, եւ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրությունը չեն համապատասխանում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող միջազգային չափանիշներին, լավագույն փորձից բխող կարգավորումներին եւ պարունակում են տեղեկատվության ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման ռիսկեր:

Զեկույցում նշվում է, որ արձանագրված հիմնական խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները հանգում են հետեւյալին. օրինակ, որ անհրաժեշտ է ընդլայնել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն տնօրինող սուբյեկտների ցանկը՝ համապատասխանեցնելով այն պետական մարմնի՝ միջազագային չափանիշներից բխող հասկացությանը:

Հաջորդը վերաբերում է նրան, որ օրենքը չի կարգավորում տեսողության եւ լսողության խնդիրներով պայմանավորված՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները, ինչը նրանց համար սահմանափակում է տեղեկատվության մատչելիությունը:

Կամ՝ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը՝ գործող խմբագրությամբ, վտանգ է ստեղծում այն փաստաթղթի տրամադրումը ոչ իրավաչափորեն մերժելու համար, որում միաժամանակ զետեղված է տրամադրման ենթակա եւ ոչ ենթակա տեղեկատվություն:

Ի թիվս այլնի առանձնացվել են նաեւ հետեւյալ կետերը՝ օրենքը չի նախատեսում գրավոր հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրման՝ հատուկ առավել կարճ ժամկետներ՝ կենսական անհրաժեշտության առկայության դեպքերում, ՀՀ օրենսդրությամբ բացակայում են տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրում տեղեկատվությանն արդյունավետորեն ծանոթանալու հնարավորության ապահովման երաշխիքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով եւ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը խիստ անհամաչափ է եւ չի ներառում տեղեկատվություն տնօրինող սուբյեկտների կողմից տեղեկատվության մատչելիության ապահովման պարտականությունը չկատարելու բոլոր դեպքերը, Տեղեկատվության ազատության մասին օրենքը չի նախատեսում հանրային շահի թեստի ապահովման պահանջ եւ այլն:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930