Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: «Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, առկա մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղիների շուրջ:
Կարդացեք նաև
Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ պետություններին և ժողովուրդներին իրար կամրջելու գործում:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ