Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պնդում է՝ Հայաստանում լավ ներդրումային միջավայր է, բայց ամերիկացի կամ այլազգի ներդրողները չեն շտապում ներդրում կատարել. Կառլեն Խաչատրյանը ԱՄՆ պետդեպի զեկույցի մասին

Սեպտեմբեր 12,2020 17:40

«Զեկույցը շատ ավելի քաղաքական բաղադրիչ ունի քան՝ տնտեսական, որովհետեւ զեկույցի շարադրանքում մեծ մասամբ տնտեսական վերլուծություն կամ տնտեսությանը վերաբերող որոշակի նկատառումներ ներառված չեն»,-անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն զեկույցին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

ԱՄՆ պետդեպը, մասնավորապես, նշել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցած հեղափոխությունից հետո, ինչի արդյունքում կառավարությունը կտրուկ փոխվեց, կոռուպցիայի դեմ տարվող պայքարն ու մրցակցային միջավայրը ներդրողների համար բարձրացնում են Հայաստանի գրավչությունը:

Զեկույցում նաեւ նշվում է խնդիրների մասին, որոնք դեռեւս առկա են: Ըստ զեկույցի հեղինակների, բիզնեսի ներկայացուցիչները հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական եւ իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ ներդրումները ներգրավելու համար:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, իրականում զեկույցում իրավիճակը ներկայացված է այնպես՝ ինչպես որ կա, պարզապես այդ ներկայացումը շատ ավելի քաղաքական բաղադրիչ ունի քան՝ տնտեսական. «Որովհետեւ զեկույցի շարադրանքում մեծ մասամբ տնտեսական վերլուծություն կամ տնտեսությանը վերաբերող որոշակի նկատառումներ ներառված չեն: Ուղղակի ավելի քաղաքական կոմպոնենտին է ուշադրություն դարձվել՝ հեղափոխություն, ժողովրդավարական արժեքներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն: Մրցակցությանն առնչվող խնդիրները, հարկային, դատական եւ այլն դրանք իրականությանը համապատասխանում են, բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ փաստացի ներդրումներ այդպես էլ չեն գալիս երկիր եւ արդեն տեւական ժամանակ է ականատես ենք ներդրումների կտրուկ անկման, ավելին՝ օտարերկրյա ուղիղ ներդրումների կտրուկ անկում կա, անգամ տեղական ներդրումների ծավալներն են պակասել ու սա, բնականաբար, մտածելու տեղիք պետք է տա»:

Ըստ մեր զրուցակցի՝ մի կողմից ԱՄՆ-ն պնդում է, որ Հայաստանում բավական լավ ներդրումային միջավայր է՝ մյուս կողմից ամերիկացի կամ այլազգի ներդրողները չեն շտապում ներդրում կատարել Հայաստանում. «Եվ այստեղ բոլորը պետք է մտածեն՝ ի՞նչն է պատճառը: Իսկ պատճառները շատ են. առաջինը՝ քաղաքական առումով, որովհետեւ, ի վերջո այդպես էլ խաղի կանոնները հստակ չեն որեւէ բիզնեսմենի համար»:

Պետդեպի այն դիտարկմանը, թե Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից՝ շուկայի փոքր չափը,  Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանները եւ այլն, Կառլեն Խաչատրյանն արձագանքում է. «Այդ օբյեկտիվ հանգամանքները տարիներ ի վեր կան եւ բոլորին հայտնի են եւ վերացվելի չեն տեսանելի ապագայում: Հետեւաբար, մեր իշխանություններն իրենց տնտեսական քաղաքականությունը, այդ թվում նաեւ օտարերկրյա  ներդրումների ներգրավման քաղաքականությունը իրավունք չունեն կառուցելու՝ ելնելով այն կանխավարկածից, որ այդ խոչընդոտները վերանալու են: Մենք պետք է անենք այնպիսի քայլեր, որոնք մյուս գործոններին են վերաբերում՝ ազատ մրցակցային միջավայրին, հարկային ընթացակարգերին, հարկային օրենսդրությանը»:

Տնտեսագետը ներդրումների համար խոչընդոտ է համարում նաեւ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխվելը, ինչը բիզնեսի համար ոչ այնքան կանխատեսելի է դարձնում ներդրում կատարելը: Մյուս կարեւոր հանգամանքն, ըստ պարոն Խաչատրյանի, մասնավոր սեփականության պաշտպանության ինստիտուտն է:

«Այսօր այդ առումով մեր երկիրը եւս խնդիրներ ունի: Որեւէ օտարերկրյա ներդրող վստահ չէ, որ իր կատարած ներդրումները իրավական ճանապարհով հնարավոր են պաշտպանել, որովհետեւ դատական ընթացակարգերը բավական երկար են տեւում, օրենսդրական որոշակի բացեր կան սեփականության պաշտպանության հետ կապված եւ այլն»,-ասաց մեր զրուցակիցը՝ խոչընդոտներից մեկը համարելով նաեւ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որով, գործադիր իշխանությանն իրավունք վերապահվեց մեծամասամբ, առանց դատարանի վճռի, ինչ-որ մարդկանց գույքը բռնագանձել: «Այստեղ որոշակի խնդիրներ կան օտարերկրյա ներդրողի գրավչության տեսանկյունից, որովհետեւ, շատ հաճախ, օտարերկրյա ներդրողները հայաստանցի որոշ գործընկերների հետ համատեղ են բիզնես-գործունեություն իրականացնում եւ այստեղ միշտ մտավախություն կարող է լինել, որ հայաստանցի գործընկերը, որը ինչ-որ տարածք, շենք, շինություն, գույք ունի, ու որը համատեղ գործունեությամբ գտնվում է ինչ-որ ծրագրի մեջ, կարող է ինչ-որ ժամանակ հետո, այդ օրենքի տրամաբանությամբ, խնդիրների մեջ հայտնվել»:

Կառլեն Խաչատրյանի համոզմամբ, պետք է ոչ այնքան ոգեւորվենք կամ ուրախանանք երկրի բիզնես եւ ներդրումային միջավայրը գնահատող, վարկանշավորող տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներից, որքան կարեւորենք իրական այն միջավայրը, որը տնտեսությունում առկա է. «Իսկ բիզնեսը գնում է այն երկիր, որտեղ իրեն լավ է զգում, կարող է շահութաբերության որոշակի մակարդակ ապահովել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930