Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված և Ռուսաստան ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծման համար համալիր միջոցների իրականացումը: Այս մասին տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, որոշում է կայացվել ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ ինֆորմացիոն հաղորդակցությունը, Հայաստանին և Ղրղըզստանին հանձնարարել են տեղեկություն տրամադրել նման տրանսպորտային միջոցների համար հարկերի, մաքսային տուրքերի սահմանված դրույքաչափի և արդեն վճարված մաքսային գումարների մասին:
Այս միջոցները կօգնեն սահմանափակել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ ավելի ցածր մաքսային դրույքաչափ ունեցող անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Ռուսաստան: Այս տեղեկությունները կօգնեն գնորդներին խուսափել անբարեխիղճ գործարարներից: Իսկ արդեն ներկրված մեքենաների սեփականատերերը կարող են տեղեկություն ստանալ վճարման ենթակա մաքսային հավելավճարների մասին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ