Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին և ծանոթացել Հին Գորիսի վերականգնման աշխատանքներին

Սեպտեմբեր 12,2020 16:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», – ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։

Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին:

Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Ծրագիրն ուղղված է մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների, վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։ Ենթադրվում է որ 2021-2022թթ. կստեղծվեն սպասարկման նոր և մրցունակ ծառայություններ, քանի որ արդեն իսկ մի շարք բիզնես առաջարկներ են քննարկվում։

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930