Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ նորություններ իմացավ Փաշինյանը Հին Գորիսի ու մարզպետ Հունան Պողոսյանի մասին

Սեպտեմբեր 12,2020 14:20

«Սպարապետի օրվա» առիթով այսօր Սյունիքի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց նաեւ Հին Գորիսի փողոցում, որը վերակառուցվում է՝ որպես զբոսաշրջային գոտի ու պատմամշակութային կենտրոն: Փաշինյանը հարցուփորձ արեց աշխատանքների ընթացքից: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ վերանորոգել են Գորիս գյուղի, որը հին Գորիսն է, եկեղեցին, որը 4-րդ դարի է, մեկ այլ տաճար էլ հենց այդպես պահպանել են, որպես հեթանոսական: Քաղաքապետը նաեւ ասաց, որ ամբողջ կենտրոնի կոյուղագծերը փոխվում են, փողոցին հարակից հյուրանոցներ են կառուցվում:

Նիկոլ Փաշինյանը տեսնելով բնակիչների հին տների երկաթե դարպասներն ասաց՝ «Որ զբոսաշրջությունը մի քիչ աշխուժանա, մարդկանց կքաջալերենք դարպասները փայտից անեն, որ հնաոճությունը պահպանվի»:

Ի պատասխան, վարչապետին ուղեկցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ հենց այդպես էլ անում են: Գորիսի քաղաքապետը նաեւ ասաց, որ այդ տարածաշրջան այցելած զբոսաշրջիկը հիմնականում գիշերում է Գորիսում. «Հետո գնում են Խնձորեսկ, Արցախ՝ նորից գալիս գիշերում Գորիսում»:

Քաղաքապետը մարզադաշտի նախագիծն էլ ցույց տվեց եւ այն տարածքը՝ որտեղ պետք է լինի ֆուտբոլի դաշտը: Նշեց, որ եկող տարի էլ այդ նախագիծն են կյանքի կոչելու:

Փաշինյանի հարցին՝ Սովետի տարիներին Գորիսն ունեցե՞լ է ֆուտբոլի թիմ, մարզի պաշտոնյաներն ասացին, որ «Զանգեզուր» ֆուտբոլի թիմ է եղել: Սուրեն Պապիկյանն էլ մատնանշելով Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին ասաց, որ նա էլ հավաքականում խաղացել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930