Ճնշված խմբերը գործում են ի նպաստ արևմտյան ուժերի՝ նկատել են Հայաստանի ազգայնական ուժերը։ Սա է դարձել ընդդիմադիր քաղաքականության հիմքերից մեկը։
Բայց ո՞ւմ կողմից էին ճնշվում այդ խմբերը։ Հենց իրենց՝ ազգային և ազգայնական ուժերի։ Իսկ ո՞վ էր ձեռք մեկնում ու զորակցում ճնշվածներին։ Արևմտյան ուժերը։ Ուրեմն, ինչո՞ւ չպիտի գործեն այն ուժի շահերից ելնելով, որն իրենց ձեռք է մեկնել դժվար պահին ու օգնել, որ պաշտպանեն իրենց արժանապատվությունը։
Հայ նույնասեռականների մասին «Լսիր ինձ» ֆիլմում նույնասեռական, իրավաբան, դասախոս Վահան Բուռնազյանն ասում է․«Ես քեզ հարգեմ, դու էլ ինձ հարգես-ը, օտար [արժեք] չի։ Դա հայկական ա»։ Ուրեմն, ոչ թե մարդուն հոմոսեքսուալ լինելու կամ ուրիշ լինելու համար ատելն է հայկական, այլ հարգանքի ունակությունն է հայկական։
Սակայն Բուռնազյանին չհարգեցին ու ոչ էլ լսեցին հայկական կառույցները։ Եկեղեցու պահանջով ֆիլմը 2017թ․հեռացրին «Ոսկե ծիրան» փառատոնից՝ զրկելով Բուռնազյանին ու ևս 9 հոգու Հայաստանում արժանապատիվ լինելու՝ խոսելու հնարավորությունից։ Ֆիլմը նկարվել էր ամերիկյան աջակցությամբ, ուրեմն ԱՄՆ-ը օգնել էր, որ լռեցվող ձայները հնչեն Հայաստանում, հետևաբար, կրկին՝ ինչո՞ւ պիտի գործեն հանուն հայ եկեղեցու, որը չի թողնում նրանց խոսել, այլ ոչ թե հանուն ԱՄՆ-ի։
Կարդացեք նաև
Իրար հարգելու հայկական արժեքը անկախությունից հետո պիտի հաստատված լիներ, և՝ անկախ սեռական ու քաղաքական կողմնորոշումից, սեռից, դավանանքից, տարիքից, ազգությունից, ֆինանսական կարողությունից, բոլորը պետք է լինեին ազգային պետության հոգածության ու հարգանքի ներքո, արժանապատվության զգացումով ու համերաշխության շրջապատում։
Եղավ հակառակը. հարգանքի օղակը, որքան հնարավոր էր՝ սեղմվեց մեկ՝ «ճշմարիտ հայի» կերպարի շուրջ։ Հալածվում էին կրոնական փոքրամասնությունները. բռնի ուժով վերացվեց Կրիշնայական համայնքը, Եհովայի վկաներին խոշտանգում ու երկար ժամանակ չէին գրանցում, նույնասեռականներին մինչև 2001թ․բանտ էին ուղարկում, իսկ հիմա դեռևս ընտանիքներից վռնդում են, աշխատանքից ազատում, ամենասուր հայհոյանքներով ու ստերով օգտագործում քաղաքական նպատակների համար, կանանց դեմ ոտնձգությունները անտեսվում էին։ Այսպիսով, գործում էր հոգևորականի բերանից դուրս եկած՝ «ով առաքելական չի, հայ չի» մտածողությունը։
2012թ․ DIY փաբի պայթյունից հետո թե՛ Հանրապետականները, թե՛ եկեղեցականները, թե՛ Դաշնակցության որոշ գործիչներ աջակցեցին հանցագործին և ոչ թե տուժողին՝ փաբի տիրոջը՝ Ծոմակին, որը նույնասեռական կին էր։ Նա, ի վերջո, իր արժանապատությունն ու հանգստությունը գտավ Շվեդիայում։ Ուրեմն, կրկին նույն հարցը՝ ինչո՞ւ չպիտի առաջ տանի Եվրոպայի շահերը, որն իրեն ապաստան է տվել, իսկ իր հայրենիքը զրկել է ծննդավայրում անվտանգ ապրելու հնարավորությունից։
Այս ճնշումների արդյունքում է, որ հօգուտ Արևմուտքի են ստեղծվել ինքնապաշտպանական խմբեր՝ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց նպատակը մարդուն պետությունից պաշտպանելն է, իրավական երկրի ամրապնդումն է։
2018թ-ի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իմ քայլականներն, այլ պետական գործիչներ ու նրանց աջակիցներն ատելության քարոզով բնակչությանը պառակտեցին, ամենաբարձր մակարդակով բազմիցս խախտվեց տարբեր մարդկանց անմեղության կանխավարկածը, դատարանների դեմ ոտնձգություններ եղան, իռացիոնալ ատելություն տարածվեց նույն ձևով, ինչպես նույնասեռականների դեմ էր տարածվում ու, արդյունքում, տապալվեց երկրի սահմանադրականությունը, քանդվեց իրավական պետության հիմքերը։
Այս անգամ արդեն իրավապաշտպան կազմակերպությունները խախտեցին «ես քեզ հարգում եմ, դու էլ ինձ հարգիր» ազգային արժեքը՝ չհարգելով այն, ինչի համար ստեղծված էին՝ իշխանության ոտնձգություններից պաշտպանել մարդկանց և սահմանադրությունը։ Իրավապաշտպան կազմակերպությունները ոչ միայն չդատապարտեցին իշխանության այս բոլոր գործողություններն, այլև հայտարարություններով իրենց աջակցությունը ցույց տվեցին կառավարությանը։
Ի վերջո, չնչին բացառություններով, հիմնավոր դարձան այն խոսակցությունները, որ իրավապաշտպան կազմակերպությունները օտարերկրյա շահեր են հետապնդում։
Պետության հալածանքների դեմ հանդես գալուն կոչված օտարերկրյա աջակցությունն օգտագործվեց հենց պետության դեմ, որովհետև ճնշվողի մոտ ոչ թե պետական մտածողությունն է զարգանում, այլ վրեժխնդության բնազդը, ու վրեժ լուծելու տարիներով կուտակված ցանկությունն այնքան ուժեղ է լինում, որ չեն հանդուրժում անգամ իրենց մտերիմներին ու նախկին գաղափարակիցներին, որոնք փորձում են զսպել վրեժխնդրության նրանց զգացումն ու հիշեցնել նրանց գործունեության բուն էությունը։
Ուրեմն, անպաշտպան մարդկանց, խմբերի պաշտպանությունը հենց ազգային, ինչպես նաև վերազգային արժեք է։ Հասարակության մեջ պետության դեմ վրեժխնդրության զգացում զարգացնելն է ապազգային ու, ինչպես տեսանք, սպառնում է երկրի անվտանգությանը, բարօրությանն ու տրամաբանությանը։
Այսպիսով, օտարերկրյա ուժերին ծառայելու մեղադրանքների պատճառներն ազգային կառույցները պետք է փնտրեն մարդկանց անհայրենիք թողնելու՝ տարիների իրենց գործունեության մեջ։ Ի՞նչ է հայրենիքը։ Թիմ, որի շուրջ համախմբված են նրա բնակիչները։ Ինչու՞ պիտի այդ թիմի համար պայքարեն մարդիկ, որոնց դուրս ես նետում թիմից։ Թիմիցդ հանում ես ու հետո բողոքո՞ւմ։ Ուրեմն, մի՛ խլեք մարդուց հայրենիքը, և նա ուրիշի հայրենիքի պատիվը չի պաշտպանի՝ իրենը ստորադասելով։
Եկեղեցին պետք է հրաժարվի «բոլորս մեղավոր ենք, ոմանք ավելի մեղավոր են» մոտեցումից։ Պետք է ճնշվողին, տնից վտարվածին, աշխատանքից հեռացվածին, ծեծ կերածին ոչ թե վանի, այլ ձեռք մեկնի, կացարան տա, աշխատանքով ապահովի, բուժի վերքերը, խոսի ու համոզի ճնշողին, որ նա սխալ է (դրանով նաև կվերադառնա Քրիստոնեության ակունքներին)։
Դաշնակցությունը նույնպես պետք է վերադառնա իր գաղափարների ակունքներին և իրապես ընկերվարական հասարակության ձգտի՝ չհանդուրժելով ու դատապարտելով որևէ ատելության խոսք, բռնի արարք փոքրամասնությունների նկատմամբ, և պետք է հրաժարվի իշխանության գալու նպատակով խոցելի խմբերի նկատմամբ հասարակությունում տարածված հակակրանքն օգտագործելուց ։
Հանրապետականները՝ ազգային շահից ելնելով, պիտի վերանայեն իրենց գործունեությունն ու պատասխան տան փոքրամասնությունների նկատմամբ երկրում ատելության ամրապնդման, բռնություններն արդարացնելու և քաղաքացիներին երկրից զտելու համար։
Սփյուռքի ազգային կառույցները պիտի օժանդակեն, որ ճնշվածները Հայաստանում իրենց այլևս զտված չզգան։
Ազգային կառույցները պիտի ստանձնեն զորակցության ու օժանդակության այն դերը, որն այժմ օտարերկյա կառույցներինն է։
Իհարկե, արդյունքները տարիներ անց կերևան. իհարկե, այժմ դժվար ու գուցե անհնար կլինի օտարերկրյա շահերը սպասարկողներին վերադարձնել պետության շահերի դաշտ, սակայն Հայաստանը մեկ-երկու տարվա պետություն չէ, նրա հարատևությունը կախված է բնակիչների բարօրությունից, համերաշխությունից ու երկրի նկատմամբ անվերապահ հարգանքից, որը կծնվի հայկական ազգային «ես քեզ հարգում եմ, դու էլ ինձ հարգիր» արժեքը գործածելու պարագայում։
Ուրեմն, ցույց տվե՛ք, որ օտարերկրյա խժդժությունների հանդեպ մտահոգությունն ազգային շահերից է բխում, այլ ոչ թե իշխանության հասնելու տենչից։
Եվ վերջում. Վահան Բուռնազյանն ամերիկահայ ընտանիքի 3 զավակներից միակն է, որը վերադարձել է ազգային ինքնությանը, սովորել հայերեն ու հաստատվել Հայաստանում:
Նա այդ քայլով զորակցել է Ցեղասպանությունը վերապրած, Թուրքիայից զտված իր տատին։ Փառատոնից զտված ֆիլմում Բուռնազյանն ասում է․ «Ինքը [տատիկը] շատ պայքարեց հայ մնալու համար, պապիկս շատ պայքարեց հայ մնալու համար։ Ես ինքս ինձ հարցնում էի՝ ես ի՞նչ եմ անում, որ հայ մնամ»։
Ուրեմն, հայ մնալու գրավականը ոչ թե զտումն է, այլ զորակցումը։
Հովհաննես Իշխանյան