Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, բանակում սմարթֆոն պահելու համար ծառայողներին չեն հեռացնում, կարող էին նրանց նկատմամբ տույժ կիրառել: Փորձագետը, անդրադառնալով ադրբեջանական բանակում հայ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարած միանգամից 14 զինվորականի պատժելու որոշմանը նկատեց, որ խնդիրն իրականում միայն սմարթֆոն պահելը չի եղել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն ազատել էր Գուրգեն Ալավերդյանին գերեւարած ծառայողներին՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը նկարահանելու ու հրապարակելու համար:
«Նմանատիպ մեղադրանքով զինծառայողներին աշխատանքից չեն ազատում եւ չեն զորացրում պահեստազոր, կարող էին տույժի ենթարկել սմարթֆոն պահելու կարգը խախտելու համար: Վստահ եմ, որ ադրբեջանական բանակում նույն սպայական եւ ենթասպայական կազմի 90 տոկոսին, եթե այս պահին էլ ստուգեն, սմարթֆոն կունենան: Խնդիրն, իմ կարծիքով այն է, որ այդ ծառայողների տարածած տեսանյութերում երեւում էին ադրբեջանական պաշտոնական դիրքորոշմանն ու հայտարարությանը հակասող կադրեր, եթե իրենք հայտարարում էին, որ դիվերսիոն խումբ է եղել, հարձակման է անցել, ձախողվել, մեկին կարողացել են բռնել, հետո կեղծ զենք -զինամթերք են նկարել, ցույց տվել, որ իբր թե Ալավերդյանի մոտ է եղել, իրականում պարզվել էր, որ դա եղել է իրենց մոտակայքում տեղակայված գումարտակի սպառազինությունը:
Կարդացեք նաև
Իսկ տեսանյութում հստակ երեւում էր, որ Ալավերդյանը զինված չի եղել, ստորացուցիչ գործողություններ են իրականացվել, չի երեւում, որ նշված անձը հենց նոր դիվերսիոն գործողություն էր իրականացրել ու մարտերի միջոցով ադրբեջանցիները կարողացել են գերեվարել: Իմ կարծիքով՝ քանի որ ադրբեջանական կողմը ցանկություն ունի կեղծ մեղադրանքների միջոցով Ալավերդյանին երկար տարիներ անհիմն ազատազրկման դատապարտել, հետագայում փորձելով առաջ մղել բոլորը բոլորի դիմաց իրենց դիվերսանտներին մեր պատանդների հետ փոխանակելու նախաձեռնությունը, հասկանում են, որ այդ տեսանյութերն ու լուսանկարներն օգտագործվելու է իրենց դեմ բանակցությունների ընթացքում, եթե վերսկսեն եւ ինչու չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ