Ադրբեջանում գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինն այսօր կտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ հետաքրքրվելով ի՞նչ տեղեկություն կա Ադրբեջանում գերի ընկած ամուսնուց՝ Նարեկից: Կինն ասաց, որ ոչ մի տեղեկություն չունեն, գուցե վարչապետը գիտի:
Նիկոլ Փաշինյանն այսօր Խնձորեսկում մասնակցում էր «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառումներին:
«Չենք կարող ասել, ցավոք սրտի, դժբախտաբար Նարեկը ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը դեռ չի մեկնում եւ պատրաստ է զրուցել կնոջ հետ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 08.07.2020թ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020թ համացանցում տարածվել էր Նախիջեւանում տեսագրված տեսանյութ, որտեղ Նարեկ Սարդարյանը կադրի հետեւից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել Ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի:
Նարեկը 30 տարեկան է, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:
Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել էր Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը, որի կետերից էին՝ ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ եւ քրոջ հետ ապահովելու ուղղությամբ, կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ