Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. Հայկական բնապահպանական ճակատ

Սեպտեմբեր 12,2020 15:30

ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։

Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը չի կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։

Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․

  1. 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։
  2. 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։
  3. 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։
  4. 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։

Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։

Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․

«2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։ Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։

Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկել այդ 154 հարցանոց հարցաշարը»։

Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա ըստ էության նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։

Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության շուրջ։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին ու հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա է՛լ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում հանքահեններին կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930