Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամենաբարձր ու գեղեցիկ ջրվեժը կառավարվում է «պուլտով». «Հայկական Ժամանակ»

Սեպտեմբեր 12,2020 11:55

Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Այն զբոսաշրջիկների ամենաշատ այցելվող վայրերից մեկն է Հայաստանում: Բնության այս հրաշքը, որ նաեւ ամրագրված է որպես բնության հուշարձան, ամեն օր տեսնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ:

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում, Շաքին այս տարի միայն հայ զբոսաշրջիկներ է ընդունում: Քիչ չեն եղել դեպքերը, երբ զբոսաշրջիկները, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասել են ջրվեժ ու տեսել Շաքին ցամաքած վիճակում: Պատճառը՝ տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն իր հերթին ջրվեժի ջրի 90 տոկոսից ավելին վերցնում է խողովակների մեջ:  Մեր այցի ժամանակ՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, ջրվեժը գրեթե ամբողջությամբ ցամաքած էր: Տարածքում առեւտրով զբաղվողներն ասացին՝ «Մի ժամից ջրերը կտան»: Սպասելու փոխարեն որոշեցինք այցելել Գորիս: Ճանապարհին հանդիպած մի քանի քաղաքացիներ խորհուրդ տվեցին դիմել ՀԷԿ-ին. «Ջրվեժի ջուրը շուտ միացնելու համար 5000 դրամ տուր, կմիացնեն, կտեսնեք»: Մի կողմից զարմանք, մյուս կողմից՝ զայրույթ: Հայաստանի հյուսիսից հարավ հասնել ու բնության այս հրաշքը չտեսնելը, տեսնելու համար էլ գումար վճարելը աբսուրդ էր: Այս իրավիճակում շատերն էին հայտնվել, էլի կային քաղաքացիներ, ովքեր առավոտյան որոշել էին առաջինը վայելել Շաքին, հետո արդեն սյունյաց աշխարհի մյուս հրաշքները:

Պարզվում է՝ ջրվեժը կառավարվում է «պուլտով», միացնում-անջատում են կոնկրետ ժամերի, ասել է թե՝ ջրվեժն «աշխատում է» գրաֆիկով: Ժամանակից շուտ ես հասել, պետք է լավագույն դեպքում խնդրել ՀԷԿ-ին, վատագույն դեպքում՝ վճարել: Սա քաղաքացիների խորհուրդ-առաջարկն էր մեզ:

ՀԺ-ն գնաց խնդրի հետքերով, պարզելու՝ ում է պատկանում ՀԷԿ-ը, ով եւ երբ է թույլատրել ամբողջությամբ վերցնել ջրվեժի ջուրը, ում ձեռքում է ջրվեժը «միացնել-անջատելու» վահանակը, որ ժամերին է ջրվեժը աշխատում, որ ժամերին են «ջրերը» կտրում, ով եւ ինչու է գումար վերցնում: Արդյոք պահպանվում է ջրօգտագործման թույլտվությունն ու ինչպես է այն վերահսկվում:

«Շաքի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին:  Համասեփականատերերն են Աղասի Գալստյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աներն է: Աղասի Հակոբջանյանը վերջերս է մահացել:

Տնօրենը Արսեն Գալստյանն է: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ այն գնվել է պետությունից 1996թ-ին, այնուհետ ինքն էլ է դարձել համասեփականատեր: Ջրօգտագործման թույլտվությունը սկզբում եղել է վայրկյանում 2 խմ, որը քննարկումների արդյունքում իջեցվել է:

Էդվարդ Արզումանյան

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930