Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ուշադիր նայեք իմ ամուսնու հայտարարագիրը, տեսեք՝ իրականում հսկայակա՞ն միջոցներ են հայտարարագրված». «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2020 11:33

Արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանը, օրեր առաջ նշանակվելով գլխավոր դատախազի տեղակալ, համակարգելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Եվ արդեն տարակուսանք է առաջացրել այն հարցը, թե արդյոք տիկին Գալյանը կաշկանդված չի՞ լինի, օրինակ, զբաղվել իր ամուսնու ձեռք բերած բավականին շոշափելի գույքով ու դրամական միջոցներով, եթե պարզվի, որ այդտեղ օրինականության հետ կապված խնդիր կամ կոռուպցիոն ռիսկ կա։ Նշենք․ մամուլում գրվեց, որ Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը եւ կուտակել է բավականին մեծ հարստություն։

Ի դեպ, Գալյանի սկեսրայրն էլ Հովսեփյանի վարորդն է եղել։ Այսինքն՝ բավականին սերտ կապեր են ունեցել նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Գալյանի ամուսնու՝ Պետրոս Մկրյանի ներկայացրած հայտարարագրում մոտ մեկ տասնյակի հասնող անշարժ գույք կա ներկայացված, այդ թվում՝ երկու բնակարան Երեւանի կենտրոնում, որոնցից մեկի արժեքը 206 մլն, մյուսինը՝ 117 մլն դրամ է: Բացի այդ, նա մեկ տարում 800 մլն դրամի փոխառություն է հանձնել ու ստացել։ Եվ այս ամենը՝ ընդամենը 6 մլն դրամ տարեկան աշխատավարձի պարագայում։

Գալյանը չի ցանկանում այս թեմայով շատ ծավալվել՝ ընդամենն ասում է, որ ինքը կաշկանդված չի լինի իր գործառույթներում։ Նա նաեւ հարցազրույցներ չի տալիս՝ առաջարկելով նախ համաձայնեցնել դատախազության լրատվականի հետ։ Ինչեւէ, երեկ մենք, ամեն դեպքում, մի քանի հարց ուղղեցինք տիկին Գալյանին, որոնց նա դժկամությամբ էր պատասխանում, անգամ կոպտում էր՝ ի պատասխան մեր շատ քաղաքավարի հարցադրումներին։ Ներկայացնում ենք նրա հետ զրույցը՝ բառացի։

– Տիկին Գալյան, նախ ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս եք աշխատելու նոր կարգավիճակում, Դուք նոր գործառույթներ եք ստանձնել, ինչի՞ց եք սկսելու։

– Մի բան ասեմ Ձեզ, հուսով եմ՝ ինձ էլ կհասկանաք․ դատախազությունը յուրահատուկ փակ բնույթի համակարգ է, եւ էստեղ մենք նախարարության նման անկաշկանդ չենք բոլոր մեր գործերում, հարցազրույցներ տալու, լուսաբանելու, բացատրելու հարցում եւ այլն։ Այսինքն՝ մենք ունենք օրենքով սահմանված պարտականություն՝ լրագրողների հետ շփումներում դրսեւորել որոշակի կոնկրետ վարքագիծ։ Դրա համար ես Ձեզ կխնդրեմ՝ եթե մեր վարչության գործառույթներին վերաբերող հարցերի մասին է խոսքը, ուղղակի կապվեք մեր հանրային կապերի վարչություն, եւ իրենց համաձայնության դեպքում ես իրոք յուրաքանչյուր Ձեր հարցին կպատասխանեմ։ Ուղղակի հիմա Դուք ինձ վատ վիճակի մեջ եք դնում, որովհետեւ ես ունեմ կաշկանդվածություն եւ յուրաքանչյուր դեպքում հանրային կապերի վարչության հետ միայն կպատասխանեմ Ձեր հարցերին։

– Իհարկե, հետագայում նաեւ լրատվական վարչության միջոցով Ձեզ հետ հարցազրույց կկազմակերպենք, բայց այս պահին, քանի որ նոր եք նշանակվել, ես ակնկալում եմ գոնե տեսական մի քանի մեկնաբանություն Ձեր գործառույթների վերաբերյալ, մինչեւ որ կոնկրետ գործեր լինեն, որոնց շուրջ էլ կխոսենք։

– Օրենսդրական գործառույթն ինչպես որ ձեւակերպված է, էդ ուղղությամբ էլ առաջ ենք շարժվում։ Այսինքն՝ մենք պետք է տարբեր ազդակներ ստանանք արդեն քննվող քրեական գործերից կամ հարուցվելիք քրեական գործերից, եթե հարուցվեն, ու դրանից հետո մենք արդեն սկսենք մեր ուսումնասիրությունը։

– Իսկ քաղաքացիները կարո՞ղ են Ձեզ ուղիղ կերպով հաղորդում ներկայացնել որեւէ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված։

– Չէ, դա որպես հաղորդում հանցագործության մասին պետք է ներկայացվի կա՛մ քննչական մարմիններին, կա՛մ դատախազությանը, բայց ո՛չ մեր վարչությանը, որովհետեւ մենք անձի հաղորդման հիման վրա ուումնասիրություն սկսելու լիազորություն չունենք։

– Ես ուզում եմ մի փոքր մանրամասնեք Ձեր գործառույթները, ու նաեւ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ Ձեր գործառույթները որքանո՞վ են հատվում։

– Այնքանով, որ մենք օրենսդրական լիազորություն ունենք՝ ուսումնասիրության շրջանակներում դիմելու հանձնաժողովին եւ ստանալու հայտարարագրերի վերլուծություն։

– Պարզապես քննադատում էին այդ օրենքը, որ վատ մշակույթ կարող է ձեւավորվել, եւ ով ժամանակին մի հողակտոր կամ բնակարան է ձեռք բերել, դատախազությունը սկսելու է զբաղվել դրանք հետ բերելով։

– Դա վարկած է, որը ես բազմիցս հերքել եմ իմ հարցազրույցում։

– Խնդրում եմ Ձեր ամուսնու հետ կապված հարցն էլ մեկնաբանեք, նրա հսկայական միջոցները, որ հայտարարագրված են, դրանցում կոռուպցիոն որեւէ ռիսկ կարո՞ղ է լինել։

– Ես խնդրում եմ՝ ուշադիր նայեք իմ ամուսնու հայտարարագիրը, տեսեք՝ իրականում հսկայակա՞ն միջոցներ են հայտարարագրված, թե՞ ոչ, նոր էդ հարցը տվեք։ Երկրորդ․ վերադառնամ իմ նույն ասածին՝ ես որեւէ կաշկանդվածություն չունեմ, իսկ եթե նման իրավիճակ ապագայում ստեղծվի, վստահ եղեք, որ էստեղ ե՛ւ այլ քննողներ կան, ե՛ւ այլ հսկողներ կան, այսինքն՝ շահերի բախման ցանկացած հնարավոր իրավիճակի դեպքում ուղղակի հնարավորություն կա մասնակցություն չունենալ այդ գործընթացին։

– Ուզում եմ հասկանալ՝ Ձեր ամուսնու հայտարարագրած ունեցվածքի ծագումը պա՞րզ է Ձեզ համար, թափանցի՞կ է ամեն ինչ, 2 թանկարժեք բնակարան, խոշոր դրամական միջոցներ․ ինքն ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ժամանակին։

– Վահե ջան, ինձ թվում է՝ Դուք բոլոր սահմաններն արդեն անցնում եք։ Եթե հարց ունեք ամուսնուս աշխատանքի ու հայտարարագրի հետ կապված, հայտարարագիրը շատ անձնական լրացման ենթակա փաստաթուղթ է, եւ իր կողմից լրացված տվյալներին տիրապետում է միայն ինքը, կարող եք զանգել իրեն, հարցեր տալ․․․ բայց խորհուրդ չեմ տա։

– Ինչո՞ւ։

– Որովհետեւ ինքը պաշտոնատար անձ չէ եւ պարտավոր էլ չէ պատասխանել լրագրողների զանգերին։

Վահե Մակարյան

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930