Լրահոս
Օրվա լրահոսը

100 հազարամյա բնազդները

Սեպտեմբեր 12,2020 10:00

Մարդկության՝ տասնյակ հազարավոր տարիներ տեւող էվոլյուցիան շատ բան է փոխել մեր աշխարհընկալման մեջ: Սակայն, ի հեճուկս տիեզերքի նվաճման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի բնագավառներում տպավորիչ հաջողությունների, կան որոշակի հիմնական բնազդներ, որոնք, ծածկվելով քաղաքակրթության բարակ շերտով, ըստ էության, մնացել են նույնը: Փորձեմ հակիրճ ուրվագծել դրանցից երեքը՝ խուսափելով այդ երեւույթները որպես դրական կամ բացասական բնութագրելուց:

«Ի՛մն է, ոչ մեկին չեմ տա»: Պատկերացրեք մի կենդանի, ենթադրենք, շուն, որի ձեռքը մի հյութալի ոսկոր է ընկնում, եւ նա սկսում է այդ ոսկորն ինքնամոռաց կրծել: Նա բնազդաբար աշխատում է ոսկորի բոլոր մսերն արագ յուրացնել՝ որովհետեւ վտանգ է տեսնում, որ ուտելիքն իրենից կարող են խլել: Նույն 100 հազարամյա բնազդը մնացել է նաեւ մարդու մեջ. մենք չափից դուրս արագ ու ագահ ենք ուտում: Այսօր, որպես կանոն, վտանգ չկա, որ այդ «ոսկորը» մեզնից որեւէ մեկը կխլի՝ պարզապես մեր մեջ մնացել են նախամարդու վախերը: Դառնալով շան օրինակին. եթե նա, ոսկոր կրծելիս, նկատում է, որ 50 մետր շառավղով որեւէ այլ շուն կա, սկսում է գռմռալ՝ վտանգը սաստկանում է: Արդյոք դա՞ չէ քաղաքական պայքարի նախատիպը, եթե ոսկորի փոխարեն իշխանությունը պատկերացնենք:

«Բա ո՞ւր մնաց արդարությունը»: Այս անգամ խոսքն իրական գիտափորձի մասին է: Երկու հարեւան վանդակում նստած են շիմպանզեներ, որոնց մարդիկ պարբերաբար վարունգ են տալիս: Կապիկներն այդ վարունգն ուտում են եւ, կարծես թե, ընդհանուր առմամբ գոհ են կյանքից: Բայց հանկարծ շիմպանզեներից մեկին բանան են տալիս, իսկ մյուսին շարունակում են վարունգ տալ: Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե ինչպիսի սթրեսի մեջ է վերջինս ընկնում, ինչ բողոքական ճիչեր է արձակում:

Ստացվում է, որ էվոլյուցիոն սանդղակի մեր անմիջական «հարեւանների» մոտ արդեն իսկ կա, այսպես կոչված, «արդարության» ձգտումը: (Ենթադրում եմ, որ այն բացակայում է, ասենք, մոծակների կամ գորտերի մոտ): Մարդկային հասարակություններում էլ է այդպես. մեկը վարունգ է ուտում, մյուսը՝ բանան, երրորդն անգամ վարունգ չունի, եւ երեքն էլ բողոքում են անարդարությունից, որովհետեւ կա չորրորդը, որն օրական 10 հատ բանան է ուտում: Իսկ ցինիկ քաղաքական գործիչները լացակումած ձայնով բացականչում են՝ «մարդիկ արդարություն են ուզում»:

«Սաղ… են մեղավոր»: Նախամարդը չգիտեր, որ կայծակն առաջանում է էլեկտրական պարպման հետեւանքով, եւ այդ պատճառով աշխատեցնում էին իրենց երեւակայությունը՝ պատկերացնելով, որ ամպերի մեջ նստած են ինչ-որ աստվածներ, որոնք ժամանակ առ ժամանակ թմբուկ են զարկում: Եվ եթե կայծակն այդ նախամարդկանց վնաս էր պատճառում, նրանք ենթադրում էին, որ իրենց կողքին ապրում են ինչ-որ չար շամաններ, որոնք իրենց «սխալ աղոթքներով» նպաստում են թմբուկների այդ զարկերին:

Բայց հիմա էլ, 100 հազար տարի անց, 21-րդ դարում միլիոնավոր մարդիկ վստահ են, որ ոչ մի կորոնավիրուս չկա, եւ որ դա մանկապիղծների եւ սատանիստների դավադրությունն է:

Ինչպես դարեր առաջ, այսօր էլ մարդկության նպատակը պետք է լինի բնազդների հաղթահարումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա լրագրողները, որոնք իրենց հոդվածներում ու ելույթներում, անկախ թե ինչի մասին են գրում ու խոսում, բայց հիշատակում են բժշկական հարցեր, հիշեցնում են ”շպինգալետների” հին պատմությունը’ ինչքան հիշատակում են իրենց ելույթներում, այնքան էլ վարձատրվում են : )
    https://youtu.be/JWKknHIOhY4

  2. Ruben says:

    Հարգելի Լավատես
    Հանրապետությունն ունի հետամնաց ֆինանսական համակարգ:
    Ամեն ինչ կախված է փողից: Տիգրան Երկրորդ Մեծը հատեց (ստեղծեց) իր սեփական փողերը: Փա՛ռք նրան, նրա պետությանը և նրա ազգին:
    Պետական խորհրդանիշը կամ պետական կնիքը չեք գտնի հանրապետական թղթային փողերի (թղթադրամների) վրա:
    Ինչու՞ չկա հանրապետությունը “ողջերի” ցուցակում: Որովհետեւ Աբովյան փողոցի վրա էշի փալանն ավելի թանկ է, քան նախարարների փողկապը:
    https://en.wikipedia.org/wiki/Real-time_gross_settlement

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930