Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում

Սեպտեմբեր 12,2020 10:15

ՀՀԿ երիտասարդների հետ Սեւանում կայացած հանդիպման ժամանակ երրորդ նախագահն ասել է, որ այդ որոշմանն է գնացել՝ Արցախի հարցի բանակցային գործընթացի տվյալ իրավիճակից ելնելով:

«Առավոտին» հայտնի են դարձել մի շարք ուշագրավ մանրամասներ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կուսակցության երիտասարդների հետ հանդիպումից:

Մեր աղբյուրի պնդմամբ, Սերժ Սարգսյանը բավականին բաց ու անկաշկանդ պատասխանել է երիտասարդների հարցերին: Իսկ հարցերը վերաբերվել են 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին եւ իշխանափոխությանը, Արցախյան բանակցություններին և արտաքին քաղաքական իրավիճակներին:

Մասնավորապես, երրորդ նախագահը բաց տեքստով ասել է, որ ստիպված է գնացել վարչապետ առաջադրվելու որոշմանը՝ ելնելով բացառապես Արցախյան բանակցությունների տվյալ փուլի լրջագույն խնդիրներից: Նա նաև շեշտել է, որ արտաքին աշխարհի հետ մշտապես արժանապատիվ է աշխատել ու ներկայացրել երկրի շահերը, առանց որևէ աշխարհաքաղաքական կաշկանդվածության:

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների համոզված կողմնակից է, որպես իր պաշտոնավարման հաջողության օրինակ բերելով Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգումը մինչև 2043 թվական, իր առաջին ասուլիսին հիշատակված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը:

Նա ընդգծել է, որ միաժամանակ ջանքեր է գործադրել աշխարհի այլ գերտերությունների հետ Հայաստանի ազգային շահերից ելնելով կապերի զարգացման համար: Երրորդ նախագահը օրինակներ է բերել ԱՄՆ-ի հետ հարաբերություններից, որոնք իր պաշտոնավարման օրոք ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից գնահատվել են որպես պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններ, ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ի թիվս այլ հարցերի, նաև ամրագրում էր Արցախյան խնդրի լուծման համար այնպիսի բանաձև, որը շեշտադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, և այդ բանաձևը ԵՄ CEPA-ի վերջնական վավերացումից հետո դառնալու է իրավաքաղաքական մոտեցում ԵՄ անդամ 27 երկրների համար:

Երիտասարդներից մեկի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ արտաքին ուժերը 2018 թվականի ապրիլին աջակցեցին «հեղափոխականներին», Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարցին կպատասխանի իր մոտակա ասուլիսներից մեկի ժամանակ: Սերժ Սարգսյանը չի պատասխանել նաև «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությանը վերաբերող հարցին՝ ասելով, որ դրան նույնպես կանդրադառնա առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930