Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչպես երիտասարդ ամերիկուհին հիմնադրեց հակաքրտինքային միջոցների «կայսրությունը» ու թե ինչու արժե երբեմն խուսափել այդ միջոցներից

Սեպտեմբեր 12,2020 11:00

Ժամանակակից աշխարհում կանոնավոր լոգանքը, հոտազերծիչների ու հակաքրտինքային միջոցների օգտագործումը սովորական երևույթ է։ Սակայն 100 տարի առաջ քրտինքի տհաճ հոտը կյանքի ոչ այնքան հաճելի բաղադրիչներից մեկն էր։
Հակաքրտինքային միջոցների օգնությամբ թևատակերում քրտնագեղձերի արգելափակումն առատ քրտնարտադրության դեմ պայքարի ամերիկյան մեթոդն է, որն արդիական է արդեն մի քանի տասնամյակ։
1912 թ․-ի ամռանը ԱՄՆ Ցինցինատի քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էդնա Մերֆին մեկնել էր Ատլանտիկ Սիթի` այնտեղ իրականացվող ցուցադրության շրջանակներում գովազդելու հեղուկ հակապերսպիրանտը, որը ստեղծել էր իր վիրաբույժ հայրը` Աբրահամ Մերֆին։

Բժշկի հայտնագործությունը կոչված էր ձեռքերի քրտնարտադրությունը թեթևացնելուն, քանի որ դա մեծ խնդիրներ էր առաջացնում, օրինակ, վիրահատության ժամանակ։
Էդնա Մերֆին, անձամբ օգտագործելով հակաքրտինքային միջոցը, պարզել էր, որ այն օգնում է պայքարել թևատակերում քրտինքից առաջացած թե՛ խոնավության, թե՛ հոտի դեմ։ Այնուհետև որոշել էր այն առաջարկել մարդկանց ավելի լայն շրջանակներին՝ ապրանքատեսակն անվանելով Odorono (թարգմանաբար՝ «Հո՞տ, օ՜ ոչ»)։

Էդնա Մերֆի

Սկզբում Մերֆիի առաջարկած հակապերսպիրանտին թերահավատորեն էին վերաբերվում՝ համարելով այն ոչ պիտանի, ինչպես նաև խուսափելով հակապերսպիրանտի կարմիր գունավորումից։ Սակայն Ատլանտիկ Սիթիի ամառային ցուցադրությունը երիտասարդ աղջկան հաջողություն է բերում։ Այնուհետև Մերֆին սկսում է գովազդել իր ապրանքանիշը խոշոր քաղաքների ամսագրերում՝ միևնույն ժամանակ մշակելով հակաքրտինքային միջոցների գովազդի հիմնական ուղղությունները, որոնք կիրառվում են մինչ օրս։ Այսպիսով Էդնա Մերֆին իր Odorono ապրանքանիշով հիմնադրում է հոտազերծիչների արդյունաբերությունը՝ 18 միլիարդ դոլար արժողությամբ։

Մի՞շտ է պետք արդյոք արգելափակել քրտնարտադրությունը

Odorono-ն կատարյալ չէր։ Դրա հիմնական բաղադրամասն ալյումինի քլորիդն էր։
Եվ այսօր էլ հոտազերծիչների ու հակապերսպիրանտների կազմում հաճախ են օգտագործվում քիմիական նյութեր․ նույն ալյումինի քլորիդն ու քլորհիդրատը, որոնք կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի բջիջներում առկա էստրոգենի ընկալիչների վրա՝ նպաստելով հիվանդության զարգացմանը։ Որպես պահածոյացնող նյութ օգտագործվող պարաբենները նույնպես կապվում են քաղցկեղի զարգացման վտանգի հետ։

Եվ քանի որ մեր օրերում հնարավոր չէ լիովին հրաժարվել հակաքրտինքային միջոցներից, ապա առաջարկում ենք դրանց օգտագործումը նվազեցնել՝ ամենօրյա խնամքում ներառելով բնական հոտազերծիչներ, որոնք պատրաստվում են եթերային յուղերի հիմքով և չեն արգելափակում քրտնագեղձերը․ այդպիսիք լայնորեն ներկայացված են բնական կոսմետիկա և խնամքի միջոցներ արտադրող ընկերությունների ապրանքատեսակների կազմում։

Ինչպես նաև առաջարկում ենք բնական հոտազերծիչի մի տարբերակ, որը կարող եք պատրաստել տանը։ Անհրաժեշտ է հավասար չափաբաժիններով խառնել կերակրի սոդան, կոկոսի յուղն ու եգիպտացորենի օսլան։ Եթե ձեր մաշկը զգայուն է, կարող եք սոդայի քանակը պակասեցնել։ Խառնուրդին հաճելի բույր կարող եք հաղորդել մի քանի կաթիլ եթերային յուղի օգնությամբ։ Ստացված խառնուրդն անհրաժեշտ է սառեցնել և օգտագործել փոքր քանակությամբ թևատակերին քսելով։

Կարևոր է այն փաստը, որ քրտնարտադրությունն օրգանիզմի բնական ու շատ դեպքերում օգտակար արձագանքն է, և այն արգելափակելն այնքան էլ լավ գաղափար չէ։ Առատ քրտնարտադրությունը, մարմնից արձակվող բույրը կարող է պատմել մարդու առողջության մասին, հատկապես թևատակերի դեպքում։ Առատ քրտնարտադրության պատճառները մի քանիսն են, օրինակ՝ սթրեսը, տագնապը, վախը, ֆիզիկական վարժությունները, բարձր ջերմաստիճանը, նյարդային վիճակը, բարկությունը, տենդը և այլն։ Քրտնարտադրության վրա կարող են ազդել նաև տարիքը, առողջական վիճակն ու քաշը, նաև որոշ մարդկանց մոտ, անկախ հիշյալ գործոններից, քրտնարտադրությունը պարզապես ավելի առատ է լինում։
Ուստի հակաքրտինքային միջոցներ ընտրելուց առաջ ցանկալի է պարզել՝ արդյո՞ք առողջության հետ ամեն ինչ կարգին է։

Առողջ սնունդ՝ հաճելի բույր

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի համալսարանում հետաքրքիր հետազոտություն է կատարվել, որը փաստում է՝ սնունդը նույնպես կարող է ազդել մարդու մարմնից արձակվող հոտի վրա։
Մաշկի սպեկտրոֆոտոմետրիայի միջոցով ուսումնասիրվել է մրգերի ու բանջարեղենի օգտագործման արդյունքում ստացված կարոտինոիդների՝ հակաօքսիդանտային պիգմենտների մակարդակն օրգանիզմում։

Հետազոտողները պարզել են, որ կարոտինոիդներով հարուստ մրգերի ու բանջարեղենի՝ մեծ քանակով օգտագործումը դրական է անդրադառնում մաշկի հոտի վրա։ Բնության մեջ հանդիպում են կարոտինոիդների 700-ից ավելի տարատեսակներ, որոնցից առավել հայտնի է բետա-կարոտինը, իսկ մարդու արյան հոսքում մշտապես 10-20 տեսակի կարոտինոիդներ են շրջանառվում։

Որոշ մարդիկ խուսափում են սոխ կամ սխտոր ճաշակել՝ կարծելով, որ այդ մթերքները կարող են ազդել քրտինքի հոտի վրա։ Իրականում այդպես չէ, սոխն ու սխտորը հարուստ են կարոտինոիդներով, հետևաբար կարող են դրական անդրադառնալ մաշկի հոտի վրա։

Սիդնեյի Մաքքուորի համալսարանի հետազոտող Յան Սթիվենը նշել է, որ քրտինքն առավել ինֆորմատիվ է, քան սոսկ հոտը․ քրտինքը ոչ միայն կարող է պատմել մարդու առողջական ընդհանուր վիճակի, իմունային համակարգի մասին, այլև կարող է ազդել զուգընկերոջ ուշադրության գրավման վրա։

«Մենք գիտեինք, որ հոտը գրավչության կարևոր բաղադրիչ է, հատկապես կանանց համար», – ասում է Սթիվենը ՝ բացատրելով, որ ուսումնասիրության շրջանակներում կանանց խնդրել են նկարագրել, թե ինչպիսի զգացողություններ են նրանց մոտ արթնանում տարբեր սննդակարգ ունեցող տղամարդկանց մաշկի հոտը զգալիս։

«Կանայք հիմնականում բացահայտեցին, որ տղամարդիկ, որոնք ավելի շատ են բանջարեղեն օգտագործում, մաշկի ավելի հաճելի հոտ ունեին»։ Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ հաց, մակարոնեղեն ու սպիտակ կարտոֆիլ են ուտում, քրտինքի ամենաուժեղ ու ոչ հաճելի հոտն ունեին՝ անգամ համեմատած նրանց հետ, որոնք մեծ քանակով ճարպեր, միս, ձու, տոֆու (սոյայի ունդերից պատրաստված սպիտակուցով հարուստ սննդամթերք) են օգտագործում։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ մարմնի հոտը կարող է ընկալվել որպես մարդու հոգեսոցիալական վիճակի ցուցանիշ, ինչը կարող է մարդու էմոցիոնալ վիճակի մասին բացասական գնահատականի պատճառ դառնալ՝ ձևավորելով նրա նկատմամբ ոչ այնքան դրական վերաբերմունք նաև հետագայում։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Հոդվածում օգտագործվել են տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ en.wikipedia.org, Ջոզեֆ Մարկոլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930