Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատատեղերը պակասել են, աշխատավարձերը նվազել՝ հակառակ պնդումների. «Ազգ»

Սեպտեմբեր 12,2020 11:13

Միանշանակ է, որ Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, կրճատվել են աշխատատեղերը, նվազել մարդկանց եկամուտները: Այս իրավիճակում վարչապետ Փաշինյանը փորձեր է անում արդարացնելու իր ձախողումները եւ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու: Այս անգամ իր ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնել է , թե հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատատեղերն ավելացել են, աշխատավարձերն աճել: Տնտեսական անկման խորացման ներկա փուլում նման պնդում անելն ինքնին անհեթեթություն է: Ավելին, նրա գրառման մեջ հիշատակվող ցուցանիշներն էլ հակասում են պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին: Այս ամենի մասին հերթականությամբ:

Նախ, հուլիս ամսվա աշխատատեղերի թվի մասին վիճակագրական կոմիտեն դեռ ոչինչ չի հրապարակել: Նախապես հրապարակելով դրանք՝ վարչապետը ուղղորդում է վիճակագրական կոմիտեին:

Երկրորդը, պարզապես անհնար է այնպիսի իրավիճակ, երբ երկնիշ տնտեսական անկում գրանցված ամսին աշխատատեղեր ավելանան: Հուլիս ամսին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 10,2 տոկոս նախորդ տարվա հուլիսի համեմատ: Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում անկումը կազմել է 2,3 տոկոս, շինարարությունում՝ 9,5 տոկոս, առեւտրում՝ 10,4 տոկոս, ծառայություններում՝ 21,6 տոկոս: Գյուղատնտեսությունը հարկման դաշտից դուրս է եւ հարկային հաշվետվություններ չի ներկայացնում, որոնց վրա հիմնվելով իր գրառումն էր արել վարչապետը: Այսինքն, կարող ենք փաստել, որ տնտեսության բոլոր ճյուղերում հուլիս ամսին անկում է արձանագրվել, հետեւաբար աշխատատեղերը չէին կարող ավելանալ: Չի կարող որեւէ տնտեսվարող աշխատի ավելի քիչ եւ ստեղծի ավելի փոքր արդյունք, բայց նոր աշխատատեղեր բացի եւ առավել եւս աշխատավարձեր բարձրացնի: Նույնը ամբողջ տնտեսության մասշտաբով:

Աշխատատեղերի թվերի մասին: «Ճշգրտված տվյալներով, եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է՝ 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին՝ 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ… Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը: Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել», գրառում է արել Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, պաշտոնական վիճակագրությամբ, մինչ կորոնավիրուսը, այս տարվա փետրվարին աշխատողների թվաքանակը 614 հազար է եղել, իսկ մարտին՝ 618 հազար: Եթե հուլիսին աշխատողների թիվը կազմել է 613 հազար, ապա դա տարրական թվաբանություն իմանալը բավարար է տեսնելու համար, որ աշխատատեղերի թիվը կրճատվել է: Փետրվարի համեմատ՝ հազարով, մարտի համեմատՙ մոտ 5 հազարով: Այսինքն, սա փաստում է, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ չեն եղել, աշխատատեղերի թիվն էլ չի պահպանվել, այլ պակասել է :

Աշխատավարձերի մասին Նիկոլ Փաշինյանի հաջորդ պնդումը, ըստ որի՝ դրանք բարձրացել են եւ հուլիսին կազմել 207 հազար դրամ, նույնպես ճիշտ չէ, քանի որ դարձյալ հակասում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, ըստ որոնց միջին աշխատավարձը Հայաստանում հուլիս ամսին կազմել է 191 հազար դրամ: Իսկ դա 207 հազար դրամ չէ, եւ մոտ 15 հազար դրամով պակաս է, քան իր գրառման մեջ նշում է երկրի վարչապետը:

Եվ վերջապես աշխատատեղերի ավելացման կամ նվազելու անուղղակի ցուցանիշների մասին: Եթե աշխատատեղերը ավելանում են, ապա աշխատանք փնտրողների թիվը սովորաբար նվազում է: Սակայն այստեղ նույնպես պատկերը հակասում է Փաշինյանի գրառման բովանդակությանը:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930