Օրերս շատ ուշագրավ հայտարարություն արեց ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Նա ամերիկյան հասարակությանը խորհուրդ տվեց Դոնալդ Թրամփի մասին չդատել նրա թվիթերյան գրառումներից, այլ՝ կատարած գործերից, միաժամանակ պնդելով, որ ոչ թե Վաշինգտոնը փոխեց իր հորը, այլ հայրը՝ Վաշինգտոնը:
Թե որքան արժանահավատ է նախագահի դստեր այդ պնդումը, ցույց կտա ժամանակը, որն այնքան էլ երկար չէ, ընդամենը երկու ամիս, երբ ամերիկացի քվեարկողներն իրենք կորոշեն, թե ինչպես է պետք գնահատել իրենց նախագահի գործունեությունը:
Սակայն «արքայադստեր» վերոհիշյալ հայտարարության մեջ ուշագրավը նրա վերաբերմունքն էր դեպի թվիթերը, դեպի սոցցանցերը՝ ընդհանրապես: Ուրեմն՝ այնքան էլ կարեւոր չէ, թե իր էջում ի՛նչ գրառում է կատարում հայրը, այս պարագայումՙ ԱՄՆ-ի նախագահը, դա լուրջ հարթակ չէ, կամ հարթակ է անլրջության: Այնտեղ կարող ես հայհոյել հակառակորդներիդ, նախկին աշխատակիցներիդ, կարող ես շփոթել երկրների ու մայրաքաղաքների անուններ, ցուցանիշներ, տոկոսներ, վիրավորել այլ երկրների պետերին, ապա պահանջել մամուլի քարտուղարիցդ՝ ուղղել, հերքել, մեղմացնել գրառումների թողած տպավորությունը:
Բարեբախտաբար եվրոպական շատ երկրների ղեկավարներ դեռեւս չեն վարակվել թրամփյան թվիթերայնությամբ: Թերեւս բացառություն է կազմում Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, թեեւ վերջերս, կորոնայով հիվանդանալուց հետո մանավանդ, նա էլ այդ հարցում դարձել է զուսպ եւ հավասարակշռված ու վերադարձել անգլիական ավանդական գործելաոճին՝ մամուլի հաղորդագրություններ, ասուլիսներ, ճեպազրույցներ:
Կարդացեք նաև
Գալով մեր երկրին՝ եթե բացառենք արտգործնախարարությունն ու նախագահական պալատը, մնացյալ բոլոր գերատեսչությունները հասարակության եւ լրատվամիջոցների հետ հաղորդակցվում են սոցցանցային ամենատարածված, բայց ամենահասարակ ու գռեհկացված միջոցով՝ ֆեյսբուքով, որին ոմանք իմաստազուրկ թարգմանությամբ կոչում են «դիմատետր» կամ «դիմագիրք»: Մեր մամուլում այժմ շատ սովորական են դարձել՝ «ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում» կամ նման արտահայտությունները: Մինչդեռ տվյալ նախարարը կամ գերատեսչության պետը ունի մամուլի քարտուղար, ավելի հաճախ՝ «հասարակայնության հետ կապերի» մի ամբողջ վարչություն, կայքէջ եւ այլ ծառայություններ, որոնց գոյության պատճառը ներկա ֆեյսբուքյան պայմաններում անհասկանալի է: Ի՜նչ եմ ասում. լա՛վ էլ հասկանալի է. շեֆի ու շեֆերի համար ուռճացված աշխատակազմը հրաշալի միջոց է յուրայիններին աշխատանքի տեղավորելու, նվիրյալ ծառայողների բանակը մեծացնելու, նաեւ, մեր օրերում, «Սորոսի որբերին» պատսպարելու համար:
Յուրայիններին պատսպարելու այս երեւույթը անշուշտ այնքան էլ նոր չէ: Նախկին իշխանությունների օրով էլ «օրինական» այդ հաստիքներով պետերն ու շեֆերը ծառայողներ էին պահում «անձնական օգտագործման» համար: Սխալ չհասկանաք՝ ինֆորմացիայի ծորակը ձեռքի մեջ պահելու, միայն շեֆի իմեյջը բարձրացնելու, մամուլի տարբեր միջոցների մեջ համապատասխան վարձատրությամբ սեփական գործակալներ հավաքագրելու, անձնակազմի եւ մյուս գերատեսչությունների ներսում լրտեսելու համար: Ներիշխանական մրցակցության ֆոնին այդ ծառայողները դարձել էին լավ վարձատրվող տզրուկների հավաքականություն, որին տասնամյակների ընթացքում զոհ գնացին մեր շնորհալի եւ հեռանկարային լրագրողներից շատերը, միաժամանակ այլասերելով, կողմնակալ ու կաշառասուն դարձնելով մեր լրատվամիջոցներից շատերը, ողջ մամուլը հեռացնելով մաքուր բիզնեսի սկզբունքներից:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: