«Առավոտ»-ի «7-ամյա երեխան իրեն ավելորդ է զգում» հրապարակմամբ անդրադարձել էինք Աննա Գրիգորյանի բողոքին:
Նա տեղեկացրել էր, որ այս տարվա մայիսից չի կարողանում իր թոռնիկին տեղավորել որեւէ դպրոցում, մասնավորապես, իրենց բակին կից` Էրեբունի համայնքում գտնվող, Տիգրան Մեծի փողոցի Լիսիցյանի անվան դպրոցի երկրորդ դասարանում: Քաղաքացին եղել էր ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, բաց նամակներ է ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին:
Նա մեզ պատմել էր հետեւյալը. «Անցյալ տարի էլեկտրոնային եղանակով` վիրտուալ չենք կարողացել գրանցվել, ժամանակը բաց էինք թողել եւ երեխան մնացել էր օդում: Դիմեցի նախարարությանը, թե կարո՞ղ եմ, արդյոք, ազատ դպրոց տանել, որպեսզի երեխան չկորցնի իր դասերը: Այնտեղից պատասխանեցին` այո: Այդ ժամանակ ազատ էր միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` Բլեյանի դպրոցը, ուր տեղավորվեց տղա թոռնիկս: Երեխան դպրոց հաճախելու համար քառասուն րոպե էր կորցնում, մի այդքան էլ վերադարձի համար, իսկ մենք՝ աղջիկս եւ ես, հազիվ կարողացանք նրա ուսման վարձը` 400 դոլարին համարժեք գումարը տալ: Այս համավարակի օրերին, մայիսին դիմեցի Լիսիցյանի անվան դպրոցի տնօրինիությանը, ասացին` երեսունհինգ երեխա է, չենք կարող նրան ընդունել»:
Հրապարակումից անմիջապես հետո արձագանքել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարությունը ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը, եւ ինչպես Աննա Գրիգորյանը երեկ մեզ տեղեկացրեց, իր թոռնիկը կհաճախի Էրեբունի համայնքի թիվ 60 դպրոցը:
Կարդացեք նաև
«Տնօրենը մարդկային գտնվեց, օգնության ձեռք մեկնեց իմ ընտանիքին»,-ասաց նա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2020