Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանից մինչեւ «Ապակե երազանք»

Սեպտեմբեր 12,2020 12:00

Հարցազրույց մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ

– Վերջերս ձեր լուսանկարը հայտնվեց IMDb ինտերնետային ֆիլմադարանում, որտեղ տեղ են գտել տեղեկություններ համաշխարհային ավելի քան 450 հազար ֆիլմերի եւ հեռուստասերիալների մոտ թվով երկու միլիոն դերասանների, ռեժիսորների եւ կինոյի այլ մասնագետների մասին։ Մինչդեռ մենք ձեզ ճանաչում ենք իբրեւ մոդել։ Դուք առաջինն էիք, որ ներկայացաք ավելի քան տասը տարի առաջ Բուլղարիայում ավանդաբար անցկացվող հեղինակավոր The Best model of the world մրցույթում, որին հաջորդեց Իսպանիայում 2011թ. անցկացվող մրցույթը, այնտեղ ընդգրկվեցիք լավագույն հնգյակում։ Իսկ 2014թ. Պորտուգալիայում անցկացվող Mister Fashion Beauty Universe-ում շահեցիք գլխավոր մրցանակը։

– IMDb պորտալում լուսանկարիս հայտնվելու առիթը «Ապակե երազանք» ֆոտոշարքն էր։ Հավանաբար ծանոթ եք «Նոր Հայաստան» TV-ով օգոստոսի վերջից հեռարձակվող նույնանուն հեռուստասերիալին (ռեժիսոր՝ Վահան Խաչատրյան, պրոդյուսեր՝ Տիգրան Շահինյան, գլխավոր պրոդյուսեր՝ ամերիկաբնակ Ռոբերտ Օղլախչյան), որտեղ ես մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկը։

Ի դեպ, մինչ սերիալի առաջին մասի ցուցադրությունը, իրականացրի «Ապակե երազանք» ֆոտոշարք։ Նշեմ, որ այս սերիալը ցուցադրվում է նաեւ ամերիկյան ARTN TV-ով։


– Ինտերնետային նման հեղինակավոր ֆիլմադարանում հայտնվելը ենթադրում էն, որ առաջարկներ, հրավերներ…

– Իհարկե՝ ունեմ, եւ բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ ամերիկյան Universal ստուդիոյի կողմից։ Ստացել եմ նաեւ հայ-ղազախական նախագծում հանդես գալու առաջարկ։

– «Առավոտի» հետ զրույցում (12.10.2019) հավաստիացրել էիք, որ 2020թ. Բուլղարիայում անցկացվող Sofia Fashion week դիզայներների մրցույթի կազմակերպիչների հետ ձեռք եք բերել պայմանավորվածություն՝ իբրեւ պատվավոր հյուր հրավիրելու Քիմ Քարդաշյանին, ինչը, ուղիղ ասած՝ հայաստանյան դիզայներներին «լավ աչքով» նայելու նպատակ էր հետապնդում։ Համավարակով պայմանավորված, ենթադրում ենք, որ ձեր մտադրությունները չեն կայանա կամ գուցե հետաձգվել են, բայց դուք բանակցե՞լ եք մեր հայրենակցուհու հետ։

 

– Շատ էի լսել մեգաաստղի կողմից մշակույթի տարբեր ոլորտների հայազգի ներկայացուցիչներին աջակցելու պատրաստակամության մասին։ Բանակցություններս նրա հետ այնքա՜ն հարթ անցան, արդյունքից ոգեւորված էր նաեւ բուլղարական կողմը։ Աշխարհահռչակ հայուհու համար ստեղծված էին բոլոր պայմանները, նա իր ընտանիքով եւ ուղեկցող խմբով իջեւանելու էր Սոֆիայի Marinela հյուրանոցում… Հասկանալի պատճառով այս պահին չեմ կարող ասել՝ այն հետաձգվեց, թե՞…
Բայց Սոֆիայում սեպտեմբերի 9-ին մեկնարկեց մրցույթը, որին կարող եք հետեւել օնլայն։ Ցավում եմ, որ մենք չկարողացանք ներկայացնել հայ դիզայներներին, քանի որ նոր կորոնավիրուսը թելադրում է իր օրենքները։ Իսկ մրցույթին մասնակցում են բուլղարացի դիզայներներ եւ հարեւան երկրներից միայն ցամաքային ճանապարհով մուտք ունեցող արվեստագետները։ Այս տարի մրցույթն անցնում է առանց հանդիսատեսի, մեր ժամանակներին պարտադրվող անվտանգության կանոնները պահպանելով։

– Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ մասնակիցը լինելով Sofia Fashion week մրցույթին (2019), պատրաստել եք հաղորդաշար՝ հետագայում մեր TV-ներից մեկով հեռարձակելու նպատակով, ինչին դեռեւս չենք հանդիպել։

– Այդ նախագիծը համաձայնեցրել էի բուլղարական կողմի հետ, որը իսկապես շարք է եւ հարցազրույցներ եմ վարել դիզայներների՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուշ Ավեյրուի, դիզայներ Դանիելա Մարկեսի, կորեացի Լի Հայ Միի, բրիտանացի Նինա Նաուստդալիի, Ինդոնեզիայից Չուսի Լատույի եւ մյուսների հետ։ Շարքը հեռարձակելու նպատակով մայիսին պաշտոնապես դիմեցի Հ1-ին։ Մինչ օրս պատասխան չկա, բայց համոզված եմ, որ սա լավ առիթ էր «քովիդ-19»-ով պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող քաղաքացիների սահմանափակ տեղաշարժը եւ առավել երկար տանը մնալու ձանձրույթը թեկուզ փոքր-ինչ վերացնելու համար։ Իհարկե, մեկ-երկու օր հետո արտակարգ դրությունից տեղափոխվում ենք կարանտին, բայց համոզված եմ, որ այս հաղորդաշարի ցուցադրությունը կապահովի հանդիսատեսի մեծ լսարան, քանի որ Հ1-ը դեռեւս նման նախագիծ չունի։ Կրկնում եմ՝ մինչ օրս հստակ պատասխան չկա, բայց հաղորդաշարի հեռարձակման առիթով սկսել եմ բանակցությունները ամերիկյան հոսքային մեդիայի ֆիլմերի եւ սերիալների հիմք հանդիսացող ճանաչված NETFLIX ընկերության հետ։

– Հնարավո՞ր է սերիալը ձեզ այնպես գայթակղի, որ հրաժարվեք մոդելի գործունեությունից։

– Միանշանակ ոչ։ Այս սերիալում կամրջված է մոդելային գործունեությունս դերասանականի հետ…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2020

Լուսանկարները՝ IMDb կայքից,
հեղինակ՝ Էդգար Մելքոնյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Միայն արտաքինը շատ քիչ է լավ դերասան կոչվելու համար…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930