Վարչական շրջանի ղեկավարը՝ Արամ Դանիելյանը բացատրում է՝ սոցաշխատակիցները քիչ են, բակերը՝ զավթված ավտոտնակներով,
համավարակի օրերին էլ աջակցություն տրամադրել են:
«Շատ կուզեի, որ բակերը բարեկարգ լինեն եւ դա միայն կապված չէ թաղապետարանի աշխատանքի հետ, դա նաեւ քաղաքացիների վարվելակերպն է՝ ինչպես են վերաբերվում այդ բարեկարգված հատվածին»,-մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Առուշանյանը, որը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է: Մեզ հետ զրույցում արաբկիրցիները նաեւ իրենց մտահոգությունը հայտնեցին, որ բակերում խաղահրապարակներ ու նստարաններ չկան եւ որ դրանք հիմնականում տեղադրված են կենտրոնական փողոցներում: Մարդիկ նեղսրտած էին, որ իրենց չեն այցելում սոցիալական աշխատողները եւ առաջին ձեռքից չեն տեղեկանում՝ վարչական շրջանի բնակիչն ինչ սոցիալական խնդիրներ ունի: Այս ամենը պարզեցինք՝ օրերս շրջելով վարչական շրջանի տարբեր թաղամասերում: «Առավոտը» քաղաքացիներին հարցուփորձ արեց՝ նրանց հուզող խնդիրներից, ապա դրանք փոխանցեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին։
Մեզ հետ զրույցում պարոն Դանիելյանն ասաց. «Ցավոք սրտի, ողջ Երեւանում բակերը ծանրաբեռնված են: Ըստ վարչական շրջանների՝ ինչքան հողը թանկ է, այնքան դրա նկատմամբ, այսպես ասած, մարդկանց ՝ ժամանակին օրինական եւ անօրինական հետաքրքրությունները ավելի մեծ են եղել, ավելի բուռն եւ ամեն մեկը իր հնարավորությունների սահմաններում փորձել է զավթել բակերում առկա հանրային տարածքները: Մեկը մի ավտոտնակի համար, մյուսը՝ մի քանի ավտոտնակի կամ այլ պատճառներով, եւ այո, այսօր Արաբկիրի բակերում այդ խնդիրը առկա է եւ սուր է, սակայն դրանց մի մասն արդեն իսկ փաստաթղթով օրինական կարգավիճակներ ունեն, հետ բերելը տարիների խնդիր կարող է դառնալ՝ օրենսդրական մակարդակով: Իսկ, եթե ոչ, ապա պետք է նոր որոշումներ կայացվեն, ըստ իս նաեւ տեղական հանրաքվե լինի, որ երեւանցին իր խոսքն ասի ու հրաժարվի բակերում ավտոտնակների զավթումից, որից հետո արդեն քաղաքային իշխանությունը շատ ավելի ռիսկային եւ կտրուկ գործողություններով կփորձի մտնել եւ բակերը բացազատել»:
Ըստ Արամ Դանիելյանի, եթե այսօր որոշեն մեկ բակում այդպիսի գործողություն անել, հարցեր են առաջանալու՝ ինչո՞ւ հենց այդ բակում.
«Որպեսզի արդարության սկզբունքը եւս չխախտվի պետք է այդ հարցի վերաբերյալ ամբողջական եւ ընդհանուր որոշում կայացնեն, բայց դրան զուգահեռ մենք որոշակի քայլեր ձեռնարկում ենք. կոնկրետ այս տարի մի բակում գրեթե 16֊17 ավտոտնակներ մետաղե, քարե եւ ցանկապատված բացազատեցինք»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նստարանների բացակայությանը, վարչական շրջանի ղեկավարն ասաց. «Բնակիչների դժգոհությունն օբյեկտիվ է, բայց նաեւ դրա պատճառներն են որոշակի առումով օբյեկտիվ: Նստարանների այն քանակը, որ տարիներ շարունակ եղել է եւ պետք է համալրվեր, այդ քանակը բավարար չի եղել, որ ամբողջ վարչական շրջանում հավասարապես եւ նույն տարվա ընթացքում տեղադրվեն եւ այն, որ կենտրոնական փողոցներում շատ ավելին եք հանդիպում, այո, դա այդպես է: Բայց ես վստահեցնում եմ՝ Արաբկիր վարչական շրջանի ամենահեռավար կետը՝ դա Քանաքեռ ՀԷԿ շրջանցի թունել հատվածն է, այդ հատվածի ամենավերջին կանգառում, որտեղ տրանսպորտի վերջին կետն է, այնտեղ եւս տեղադրված են նստարաններ։ Այդ հատվածում անցյալ տարի սկսեցինք, իսկ այս տարի ավարտեցինք զրուցարանի եւ նորից նստարանների տեղադրումը: Բայց Արաբկիր վարչական շրջանը շատ մեծ մասշտաբներ նաեւ խիտ բնակչություն ունենալով, այո, նստարաններն ինչքան առատ լինեն, այդքան ցանկալի է, բայց մյուս կողմից կենտրոնական փողոցները վերահսկվում են տեսախցիկներով եւ կենտրոնական փողոցներում առկա նստարանները շատ ավելի երկար ժամանակ են պահպանվում, օրինակ՝ եթե վնասվում են երկրորդ կամ երրորդային փողոցի նստարանները, գտնելու, բացահայտելու կամ կանխելու հավանականությունը շատ ավելի փոքր է եւ այդ առումով նաեւ մենք ունենք որոշակի մտավախություն, որ համայնքային գույքը տեղադրենք այն հատվածներում, որտեղ նախ՝ ավելի շատ են բնակիչները: Բայց բնակիչների մտահոգությունը նկատի կունենանք եւ կփորձենք հետագա բաշխումներում, նախ՝ նստարանների քանակներն ավելացնել»։
Մեր զրուցակցի խոսքով, վերանարոգել են 52 նստարան, որոնք անմխիթար վիճակում են եղել: Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը՝ Հասմիկ Առուշանյանը, կարծիք էր հայտնել, որ համավարակի ժամանակ մարդկանց սոցիալական վիճակն ավելի էր վատացել, ուստի թաղապետարաններն ավելի ակտիվ պետք է աշխատեին. «Գաղտնիք չէ, որ այս ամիսներին մարդկանցից շատերը աշխատանքից զրկված են եւ նրանց սոցիալական վիճակն ավելի է վատացել, այդ առումով կարծում եմ, որ միայն չպետք է թողնեն աջակցությունը կառավարության ծրագրերին, որովհետեւ կառավարությունը ծրագրեր է մշակում եւ պետական բյուջեից հատկացումներ է անում ամենատարբեր միջոցառումների համար, բայց կցանկանայի թաղապետարանները հետ չմնան, որովհետեւ թաղապետարաններն իրենք էլ իրենց հերթին բյուջե ունեն եւ այդ բյուջեից կարող են հատկացումները կատարել՝ մի քիչ ավելի թեթեւացնելու մարդկանց սոցիալական վիճակը»:
Սոցաշխատողների՝ տարածք չայցելելու եւ համավարակի օրերին աջակցություն ցուցաբերելու առնչությամբ էլ պարոն Դանիելյանն ասաց, որ սոցիալական բաժնի աշխատակիցները սակավաթիվ են: Ըստ նրա, այս վարչական շրջանում կա 6 սոցաշխատակից եւ, Արամ Դանիելյանի ներկայացմամբ, դժվար է այցելել յուրաքանչյուր թաղամաս եւ յուրաքանչյուրին. «Քանի որ բնակչությունը շատ է, այցելում են ըստ պահանջի, սակայն քաղաքացիներն իրենց մտահոգությունները կարող են հայտնել զանգհարելով մեր թեժ գծին եւ տեղեկացնել իրենց խնդրի մասին, որն անպատասխան չի մնա»։
Սոցաջակցության վերաբերյալ էլ ասաց. «Այս տարվա ընթացքում միայն մարտից հունիս ամիսների ընթացքում 1691 ընտանիքի առձեռն հանձնվել է քաղաքապետարանի եւ վարչական շրջանի կողմից սոցիալական օգնության փաթեթները, որոնք մինչեւ 30 կիլոգրամանոց էին եւ լի սննդային եւ առաջին օգտագործման իրերով։ Դրանից բացի նաեւ որոշակի հասարակական կառույցներ, կազմակերպություններ եւս դիմել են, որոնց տրամադրել ենք, որոշակի ցուցակներ, ըստ նրանց պահանջած չափորոշիչների, որոնք եւս հատկացումներ են արել, օգնություններ են տրամադրել։ Մասնավորապես՝ Կարմիր խաչի միջոցով 62 ինքնամեկուսացվածի տուն այց են կատարել եւ փաթեթներ տվել։ Նախատեսում ենք մինչեւ հոկտեմբեր ամիս եւս 635 փաթեթ հատկացնել»։
Արաբկիր վարչական շրջանի 2020 թվականի բյուջեն կազմում է 2 միլիարդ 779 միլիոն 410 հազար դրամ: Արամ Դանիելյանն ասաց, որ դրա «առյուծի» բաժինը կազմում են արտադպրոցական, նախադպրոցական կրթությանը վերաբերող հաստատությունների, ՀՈԱԿ-ների ծախսերը եւ այլն։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2020