«Քանի դեռ Արայիկ Հարությունյանը, քանի դեռ Հայաստանի Հանրապետության որևէ նախարար պաշտոնավարում է, ուղղակի նշանակում է, որ այդ նախարարը այդ պահին վայելում է «Իմ քայլը» խմբակցության և վարչապետի աջակցությունը»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նկատմամբ բողոքներին, ասաց պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Նրա խոսքով՝ հակառակ պարագայում Արայիկ Հարությունյանը չէր լինի ԿԳՄՍ նախարար․ «Այս պահի դրությամբ մենք չենք գնահատում առկա դժգոհությունը բավարար նախարարի պաշտոնանկության հարց քննարկելու համար։ Օբյեկտիվ քննադատությունը ոլորտի ուղղությամբ սուղ է, ես ցավում եմ այս ուղղությամբ։ Վստահաբար ամենամեծ ոլորտն է, որ համակարգում է պարոն Արայիկ Հարությունյանը և ամենաբարդ, տարիների ընթացքում ամենաուշ արդյունք տվողը։ Ենթադրելի էր, որ պետք է լիներ ամենաքննադատված նախարարը, բայց այնուամենայնիվ, մեդիայի մեջ նետված թեմաները որևէ աղերս չունեն իրական փոփոխությունների հետ։ Եվ այն քիչ օբյեկտիվ քննադատությունները, որոնք հնչում են, այսօր դժվարություն ունենք այդ օբյեկտիվ քննադատությունը զատել»։
Հարցին՝ օբյեկտի՞վ չէ «Իմ քայլ»-ի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կողմնորոշումը, որը նույնիսկ ցած դրեց իր մանդատը․ «Ես այդպես չէի վարվի, կարծում եմ՝ սխալ է Ջուլֆալակյանը վարվել։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ անհրաժեշտ և բավարար ջանքեր գործադրելու դեպքում, վստահաբար, այդ հարցը այլ լուծում կունենար։ Ուզում եմ նաև հստակեցնենք, եթե պարոն Արսեն Ջուլֆալակյանը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել, խմբակցության քննարկման առարկա չի եղել։ Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որ կարող է հանգեցնել Ազգային ժողովի պատգամավորի՝ մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում։ Եվ արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել, խմբակցությունում չի քննարկվել»։
Տիգրան Ուլիխանյանը հայտնեց, որ կրթական բարեփոխումները խմբակցությունում ամենախորը քննարկված հարցերից է, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի։ Նա նաև ասաց, որ ինքը դեռ հարցեր ունի Արսեն Ջուլֆալակյանին, որոնց պատասխանները պատրաստվում է ստանալ։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ