Օրերս մենք անդրադարձել էինք ՀՀԿ-ականների շշմելու գործուղումներին՝ հյուրանոցի աստղաբաշխական հաշիվներին ու բյուջեի հաշվին բիզնես դասով ավիատոմսերին:
ԱԺ-ից «Առավոտին» տրամադրած պաշտոնական գրությամբ ու տեղեկանքով ստացվում էր, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը 2017-ի հուլիսի 16-19-ը գնացել է Մոսկվա ու միայն նրա ավիատոմսը բյուջեի վրա արժեցել է 5 մլն 636 հազար դրամ: Մենք ԱԺ աշխատակազմին նոր գրավոր հարցում ինք արել՝ խնդրելով ճշտել՝ շփոթմունք չկա՞, հնարավո՞ր է ողջ պատվիրակության համար գնված ավիատոմսը Բաբլոյանի անվան տակ են նշել, որովհետեւ 11-12 հազար դոլար վճարել Մոսկվայի ավիատոմսի համար՝ ավելի քան անտրամաբանական ծախս էր:
ԱԺ աշխատակազմից պարզաբանել են, որ իսկապես այդտեղ շփոթմունք կա, այդ գումարի մեջ մտնում է Բաբլոյանի հետ մեկնած ողջ պատվիրակության համար գնված ավիատոմսերի ծախսը:
Բացի այդ, ՀՀԿ-ի օրոք ԱԺ գործուղումների տվյալներն ուսումնասիրելիս պարզվել էր, որ 2017-ի հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ այցը բյուջեի վրա շատ թանկ էր նստել, ընդ որում, տարօրինակն այն էր, որ 14 հոգանոց պատվիրակություն էր մեկնել Արցախ ու 14-ի թվում որեւէ պատգամավոր չկար, հանրությանը անհայտ անձինք են՝ Արամայիս Սանասարյան, Հայկ Կայանին, Տիգրան Գեւորգյան, Արտակ Իսկանդարյան, Արթուր Հովհաննիսյան, Սուրեն Ադոնց եւ այլն:
Կարդացեք նաև
Մեզ տրամադրած գործուղումների ցանկում այդ ժամանակահատվածում պատգամավորների գործուղում Ստեփանակերտ չկար, որ ենթադրենք՝ վարորդներն ուղեկցել են «շեֆերին»: Այդ գործուղման մեջ ուշագրավն այն էր, որ միայն Արամայիս Սանասարյանը Ղարաբաղի հյուրանոցում 2 օրվա համար 1մլն 698 հազար 740 դրամ հաշիվ է փակել՝ բյուջեի հաշվին: Գործուղումը եղել է ԱԺ նախագահի «Կ-163-Ա» կարգադրությամբ: Սովորաբար ԱԺ նախագահի կարգադրությունները զետեղվում են խորհրդարանի կայքում՝ Parliament.am-ում, սակայն կոնկրետ այս կարգադրությունը բացակայում է կայքից: Մենք ԱԺ աշխատակազմին նոր հարցում էինք արել՝ խնդրելով գտնել ու տրամադրել նշված կարգադրությունը եւ տեղեկացնել, թե ԱԺ աշխատակազմում ի՞նչ պաշտոն են զբաղեցրել նշված անձինք:
ԱԺ-ից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ 2017-2018 թթ որոշ կարգադրություններ, այդ թվում Ձեր կողմից պահանջված «Կ-163-Ա» կարգադրությունը գտնվում է վարույթն իրականացնող մարմնում»:
«Առավոտը» խոսեց ԱԺ նախկին պաշտոնյաներից մեկի հետ, որը գործուղումների հարցով պատասխանատու անձանցից է: Նա չցանկացավ հրապարակել իր անունը, բայց կարեւոր պարզաբանումներ տվեց: Այդ ժամանակ օրենքով պարտադիր պահանջ չի եղել կարգադրությունները հրապարակել կայքում: Բացի այդ, ԱԺ կայքում հրապարակված լուրերի մեջ տեղեկություն կա այն մասին, որ հուլիսի 12-ին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով Ստեփանակերտ է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են եղել Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը եւ Աղվան Վարդանյանը:
Քանի որ հուլիսը արձակուրդային շրջան է եւ այցը եղել է Արցախի կողմի հրավերքով ու իրենց միջոցներով, պատգամավորների գործուղում չի ձեւակերպվել: Իսկ վարորդների դեպքում օրապահիկի, ներկայացուցչական ծախսերի հարց կա, գործուղում չձեւակերպել չեն կարող: Ինչ վերաբերում է Արամայիս Սանասարյանի հյուրանոցային հաշվին, նա Վահրամ Բաղդասարյանի վարորդն է ու գործուղման մեկնած անձանց ֆինանսական պատասխանատուն ինքն է նշանակված եղել, ուստի պատվիրակության ճաշկերույթի հաշիվը գրվել է միայն նրա վրա:
Իսկ Արա Բաբլոյանի հետ կապված ԱԺ աշխատակազմի շփոթմունքը ԱԺ նախկին պաշտոնյան բոլորովին պատահական չի համարում: Նրա խոսքով՝ գումարի չափից ակնհայտ էր, որ 5,6 մլն դրամանոց Երեւան-Մոսկվա ավիատոմս չէր կարող լինել ու նման տեղեկատվություն են տվել՝ սեւացնելու միտումով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ